Դիտողությունների շարան. ինչն է զայրացրել Սուրեն Պապիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ` Շիրակի մարզ այցի ժամանակ, բավական խիստ էր: Դեռ նախորդ այցի ժամանակ նախարարը հրահանգել էր վերացնել գազալցակայաններից մեկում առկա թերությունները, սակայն գործը չէր կատարվել, ինչն էլ զայրացրել էր Պապիկյանին:

Վերջինս բոլորի ներկայությամբ նկատողություն է կատարել փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին։ Վերջինս պաշտոնը ստանձնել էր Կարեն Սարուխանյանի` Շիրակի մարզը ղեկավարման ժամանակահատվածում․ «2,5 ամիս առաջ հանձնարարություն եմ տվել ու ոչ մի տեղաշարժ։ Նախորդ տարեվերջին եղա Գյումրու գազալցակայաններից մեկում, ինչ տեսա այդ օրը, նույնը պահպանված էր այսօր։ Ստացվում է` տնտեսվարողները հաշվի չեն առնում մարզային իշխանությունների կատարած նկատառումները։ Խնդրում եմ այդ հարցով զբաղվել»,- ավելացրեց Սուրեն Պապիկյանը։

Շիրակի զարգացման հիմնական հեռանկարը նախարարը տեսնում է զբոսաշրջության զարգացման մեջ։ Իսկ դրա համար առաջին եւ կարեւորագույն քայլն, ըստ Սուրեն Պապիկյանի, մայրուղու հատվածում տնտեսվողների կողմից սպասարկման օբյեկտների ստեղծումն էր։ Նախարարն հատկապես առանձնացնում է սանհանգույցների առկայությունը, ինչը զբոսաշրջիկներին գրավելու համար կարեւոր հանգամանք է․«Սանհանգույցի բացակայությունը մեր ամոթներից մեկն է։ Դա խայտառակություն է։ Ուրիշ բառերով չեմ կարող նկարագրել։ Ես այլ բառերով նկարագրել այդ ամենը չեմ կարող»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ Պապիկյանը Շիրակի մարզ էր այցելել ներկայացնելու նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Նախարարը հաջողություն է մաղթել մարզպետին ու հորդորել առավել հետեւողական լինել մարզի խնդիրների լուծման ուղղությամբ: «Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ` մեր թիմը շատ ճիշտ ընտրություն է կատարել։ Տիգրան Պետրոսյանը իր հասարակական եւ քաղաքական գործունեությամբ ապացուցեց, որ ՀՀ լավ քաղաքացի է, լավ հայորդի է, լավ շիրակցի է։ Իր նվիրումով, վստահ եմ, որ մեծ առաջընթաց է գրանցելու»,- ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Առաջիկա օպտիմալացումերն ու կրճատումներն էլ անխուսափելի են։ Հատուկ հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ են կատարվում` պարզելու, թե տարածաշրջանում որ ոլորտն է առավել ուռճացված: Թե Շիրակի մարզում, որ վարչությունները կմիավորվեն, ինչպիսի կրճատումներ կլինեն, կամ ինչ լիազորություններ կտրվեն մարզպետին, նախարարը չմանրամասնեց, պարզապես հավելեց, որ օրենքի նախագիծն արդեն գործադիրի սեղանին է։ Իսկ Տիգրան Պետրոսյանը մարզում առանձնացնում է երկու կարեւորագույն խնդիր՝ անօթեւանությունն ու աղքատությունը։ Հենց դրանով է պայմանավորված մարզի ծայրահեղ ծանր վիճակը։ Նորանշանակ մարզպետը խնդիրները լսելուց աշխատելու է տարբեր համայքներում ռեսուրսները բացահայտել ու այդ ռեսուրսներով այդ խնդիրները լուծել։

Հեղինե Մանուկյան
Գյումրի




Լրահոս