ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Թաթոյանն իրեն ՀՀԿ-ի հետ չի ասոցացնում. հրաժարական կտա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել. «Օրինակ` քննարկել են տեսակցության հարցը` կապված ընտանիքի անդամների հետ, բնականաբար, մենք սրանով ակտիվ զբաղվել ենք: Արգելանք կա, բայց մենք աշխատել ենք այս ուղղությամբ, կարծում եմ, որ նաեւ մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան»:

Ինչ վերաբերում է հարցին` արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանն ասաց, թե ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի` գործող քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացվում է, թե ոչ: Թաթոյանի խոսքով` իրենք մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց իր հրաժարականի մասին:

-Պարո՛ն Թաթոյան, երբ Դուք ընտրվեցիք ՄԻՊ, դրանից հետո ՄԻՊ-ի աշխատակազմ գնացիք, Ձեզ ներկայացրեց ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը: Դուք ասոցացվել եք միշտ ՀՀԿ-ի հետ. ի՞նչ եք կարծում, ավելի ազնիվ չի՞ լինի, եթե հրաժարական տաք, որպեսզի նոր Աժ օմբուդսմեն ընտրվի, քանզի այն Աժ-ն, որն ընտրել է Ձեզ, այլեւս չկա:

-Դուք, կարծում եմ, շատ հետաքրքիր ու պրովոկացիոն հարց եք տալիս: Մարդու իրավունքների պաշտպանը ոչ մի կապ չունի կուսակցության եւ կուսակցականության հետ: Ես նշեցի, որ ինձ նաեւ ընտրել էր….

-Բայց Ձեզ մեծամասնությունն է առաջադրել ու ձայն տվել:

-Հասկանո՞ւմ եք, ամբողջ աշխարհում է այդպես, մեծամասնությունն է առաջադրում:

-Այդ մեծամասնությունը առաջադրեց, ընտրեց ու հիմա չկա:

-Ի՞նչ անենք, ես կուսակցական չեմ:

-Բայց Ձեզ ասել են` ՀՀԿ-ի պաշտպան, հիշո՞ւմ եք հայտնի ասուլիսը:

-Դա կարծրատիպ է, Դուք մի հատ հիշեք Մարդու իրավունքների բոլոր պաշտպաներին. առաջին երկու-երեք տարին միշտ ասոցացվել է այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հետո, երբ հանրությունը տեսնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, դիրքորոշումը փոխում է: Հիմա ասեք` իմ որ աշխատանքն է, որ ասոցացվել է կուսակցականության հետ: Չկա նման բան, բացառված է: Իմ զեկույցները, այդ թվում` նախորդ տարվա ապրիլյան, մայիսյան իրադարձությունների ժամանակ, իմ հայտարարություններն ու աշխատանքը` 24 ժամվա սկզբունքով, այսօրվա կառավարության ներկայացուցիչների հետ նաեւ ամենօրյա կապի մեջ էի, երբ խզված էին հարաբերությունները բոլոր ուժային կառույցների հետ, չգիտեինք` երբ ուժ կկիրառեն, դրա համար ստիպված էինք բառիս բուն իմաստով գիշերել աշխատակազմում: Երբ ամենամեծ հարթակներից, այդ թվում` այն ժամանակ գործող վարչապետի հրաժարականի օրը, գովում էին մարդիկ, այդ թվում` Սասուն Միքայելյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արայիկ Հարությունյանը հրապարակային ընդգծում էին Մարդու իրավունքների պաշտպանի օբյեկտիվ աշխատանքը, եւ հրապարակում գտնվողները ծափողջյուններով էին ընդունում այն, դա մեծագույն գնահատական է եւ այդ կարծրատիպը կոտրող մեծագույն գործոնը:

-Այսինքն` Դուք հրաժարական, եթե ազնվության տեսանկյունից նայենք, չե՞ք տալիս:

-Դա ազնվության հետ կապ չունի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը քաղաքական աշխատանք չէ: Եթե Մարդու իրավունքների պաշտպանը փորձի հրաժարական տա, դա շատ ավելի վտանգավոր հետեւանքների կբերի, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող այդպիսի քայլի գնալ եւ, առավելեւս, ես, ով միջազգային բարձր հեղինակություն ունի այս ոլորտում եւ ունի ամենաբարձր կարգավիճակը, որը աշխարհում քիչ պետություններ ունեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս