Շիրակի մարզի Աշոցք համայնքում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Մեկ աթոռի համար 7 անձ է պայքարում: Միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 հոգի է առաջադրվել: Նրանց մեջ է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Մանուկյանը: Թե ինչու կուսակցությունը չի կողմնորոշվել եւ միանգամից 3-ին է առաջադրել, հայտնի չէ, բայց, ըստ ՔՊ-ականների, նրանք երեքն էլ ինքնաառաջադրվել են:
Ըստ տարածված լուրերի` Կ. Մանուկյանի թիկունքին Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Նրա իշխանավարման ամիսներին Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական տվեց: Ալոյանին փոխարինեց մարզպետ Սարուխանյանի ընկեր Կ. Մանուկյանը: Ըստ շրջանառվող լուրերի` Մանուկյանն Աժ ընտրությունների ժամանակ աշխատեց Սարուխանյանի օգտին` բավարար ձայներ ապահովելով վերջինիս համար: Հիմա էլ, ըստ շրջանառվող լուրերի, Կ. Սարուխանյանն է աջակցելու Կ. Մանուկյանին: Այդ ուղղությամբ Կ. Մանուկյանը կարծիք հայտնել հրաժարվեց, պարզապես հավելեց, որ ՔՊ անդամ է, եւ իր անձնական որոշումն է մասնակցել ընտրություններին:
Աշոցքում 7 թեկնածուներից հիմնական պայքարը երկուսի` համայնքապետի պաշտոնակատարի ու նախկին ղեկավարի` Արթուր Ալոյանի միջեւ է: Ա. Ալոյանի հրաժարականի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջն էր. վերջինս հորդորել էր նախկին կառավարության համայնքի ղեկավարներին հրաժարական տալ ու ժողովրդի պահանջի դեպքում կրկին առաջադրվել: «Որոշել եմ ինքնաառաջադրվել, քանի որ դա ժողովրդի պահանջն է»,-ասաց Ա. Ալոյանը: Նա ՀՀԿ-ին անդամակցել էր ամենեւին վերջերս:
Մինչ անդամակցումը անկուսակցական է եղել, 4 անգամ ընտրվել է համայնքի ղեկավար, բնակչության շրջանում էլ սիրված ու ընդունված է եղել: Այժմ էլ լուրեր են շրջանառվում, որ Ա. Ալոյանի թիկունքին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն է: Վերջինս Ալոյանի հետ լավ հարաբերությունների մեջ է եւ իր աջակցությունն է ցուցաբերում Ալոյանին: Սակայն Ա. Ալոյանը հերքեց այդ մասին տարածված լուրերը. «Շատ հարգում եմ պարոն Ցոլակյանին, բայց վստահեցնում եմ, որ աջակցություն նրա կողմից չկա: 4 անգամ ընտրվել եմ համայնքի ղեկավար, եւ ոչ մի տարի ինձ որեւէ աջակցություն չի եղել: Անգամ 2016 թվականին, երբ արդեն ՀՀԿ-ի կազմում էի, կուսակցությունը ինձ չպաշտապանեց»:
Աշոցքի համայքնապետի պաշտոնի համար նաեւ Բավրայի հնդկաձավարի վերամշակման արտադրամասի տնօրեն Կորյուն Սումբուլյանն է պայքարում: Վերջինիս հնարավորությունները եւս քիչ չեն: Կ. Սումբուլյանն էլ ազգակցական կապեր ունի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ:
Մյուս թեկնածուներն էլ Աշոցքի տարածաշրջանից են: Նրանց առաջադրումն առավել ձեւական բնույթ է կրում: Սակայն թեկնածուների մեծ թիվն էլ բնակչության համար է դժգոհության առիթ դարձել, քանի որ կողմնորոշվելն է դժվար: Աշոցք համայնքն առաջիններից էր, որ խոշորացավ: Աշոցքի կազմում 11 գյուղական բնակավայր է ընդգրկված:
Հեղինե Մանուկյան
Գյումրի