Ապօրինի ծառահատումների համար կաշառք են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկեց այդ տարածաշրջանում ապօրինի ծառահատումներին առնչվող մի խումբ անձանց դատավարությունը:
Վասիլ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության ներկայացուցիչ, միաժամանակ 2016-2017թթ. ընթացքում ընդգրկված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում իրականացված ստուգումների ստուգող խմբերում, շահադիտական եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով` ստուգումների ընթացքում չի կատարել նորմատիվ ակտերով իր վրա դրված պարտականությունները, իր նախաձեռնությամբ եւ այլ անձանց դրդմամբ ոչնչացրել է հիշյալ անտառտնտեսություններում իրականացված ստուգումների ընթացքում կազմված ցուցակները եւ պաշտոնեական փաստաթղթերում` ստուգման ակտերում, մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է նաեւ Սասուն Հայրապետյանը, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության ֆոնդից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 5 առանձին դրվագով տվել է կաշառք: Էդգար Ղարագյոզյանը մեղադրվում է նույն վայրից խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապահ Անդրանիկ Եսայանին 7 առանձին դրվագով կաշառք տալու համար:

Ավետիք Շառյանը մեղադրվում է խոշոր չափերով ապօրինի ծառահատումներ իրականացնելու նպատակով հիշյալ անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանին եւ անտառապահ Անդրանիկ Եսայանին 2 առանձին դրվագով կաշառք տալու համար: Նշված անձինք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Վ. Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, մնացածների հանդեպ` չհեռանալու մասին ստորագրությունը: Հավելենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում շարունակվում է Անդրանիկ Եսայանի եւ Վարդան Թարխանյանի դատավարությունը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս