Ներկրողները մտահոգված են ծխախոտի դեմ պայքարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարը մտահոգություն է առաջացրել ծխախոտ արտադրող եւ ներկրող ընկերությունների մոտ:

Ինչպես հայտնի է, Հայաստանը դեռեւս 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծի համաձայն` Հայաստանում առաջին անգամ օրենսդրությամբ կարգելվի ծխելը ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, կազինոներում եւ առեւտրի կենտրոններում: Օրինագիծը բոլոր նշված վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամի չափով, իսկ ծխելու համար 200 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում:

Նշենք, որ այս օրինագծի դեմ արդեն հասցրել են իրենց դժգոհությունը հայտնել նարգիլեի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները: Նրանք պահանջում են, որ այդ նախագիծը ներկայիս տեսքով ԱԺ չմտնի: Բացի այս, առաջիկայում իրենց դժգոհությունը կհայտնեն նաեւ սրճարանների, ռեստորանների, բարերի սեփականատերերը, որտեղ այս ընթացքում արդեն աստիճանաբար նվազում են այցելուների թիվը:
Այս օրինագիծը, դեռ Ազգային Ժողով չհասած, հասցրել է արդեն մտոհոգել նաեւ ծխախոտ արտադրողներին եւ ներկրողներին: Նշենք, որ Հայաստան ծխախոտ ներկրում է «Ավերս»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (այս ընկերությունը նաեւ արտադրում է):

«Ժողովուրդ» օրաթերթը «Ավերս» ընկերությունից հետաքրքրվեց, թե ինչ ազդեցություն կունենա օրինագծի ընդունումը իրենց գործունեության վրա: Պարզվում է, որ ընկերությունում թեեւ հատուկ ուսումնասիրություններ չեն անցկացվել այս թեմայի շուրջ, այնուամենայնիվ վստահ են, որ ազդեցությունը բացասական կլինի:Ընկերության` Ալլա ներկայացած աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով. «Պարզից էլ պարզ է, որ կանդրադառնա, ներկրման ծավալները կպակասեն: Մեր ընկերության կողմից ներկրած ծխախոտի գնորդները տանը չեն նստում ծխում, այլ դրսում են այն օգտագործում: Իսկ այն մարդուն, ում անընդհատ ասում են` չի կարելի, չի կարելի, նշանակում է, որ նա այդ սովորությունից կամաց-կամաց կհրաժարվի: Ես ինքս անձամբ չեմ ծխում, բայց նախօրեին ընկերներիս հետ գնացել էինք ընթրելու. 8 հոգով էինք, որից 5-ը ծխող են: Բայց մենք ընթրեցինք այն վայրում, որտեղ չէր կարելի ծխել: Եւ ինքներս մեզ խոստացանք, որ այլեւս այդ վայր չենք գնա: Դա մեր վերջին այցելությունն էր: Իրենք երեք ժամ ստիպված չծխեցին, եւ, բնականաբար, մարդիկ, տեսնելով, որ կարողանում են իրենց զսպել, կամաց կամաց կպակասեցնեն ծխախոտ օգտագործելը: Ինչպե՞ս կարող ենք չմտահոգվել:

Դա բիզնես է, տարիներ առաջ ստեղծվել է, 20 տարուց ավել մենք ներմուծմամբ ենք զբաղվում: Մեր ընկերությունը 100-ից ավել աշխատատեղ ունի: Եթե ներկրման ծավալները պակասեն, բնականաբար, այն կանդրադառնա վաճառքի վրա: Արդյունքում աշխատողներ կկրճատվեն, իսկ պետական բյուջե վճարվող հարկերը կնվազեն»: «Ավերս»-ի ներկայացուցչի խոսքերով` յուրաքանչյուր մարդ պետք է ինքը մտածի իր առողջության մասին:

Արդյոք այս ամենի արդյունքում կպակասեն ծխախոտ արտադրողների հարկային վճարումները` ցույց կտա ժամանակը: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ սիգարետների արտադրության ծավալները 2018 թվականի ընթացքում, 2017-ի համեմատ, 11 տոկոսով ավելացել են: Օրինակ` 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 31 մլն 602 հազար հատիկ սիգարետ` 2017 թվականի 28 մլն 476 հազար 600 հատիկի դիմաց: Նշենք, որ Հայաստանից նույն հաջողությամբ մեծ քանակությամբ սիգարետ է արտահանվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաեւ ծխախոտ արտադրող եւ ներմուծող ընկերությունների կատարած հարկային վճարումները` 2016, 2017 եւ 2018 թվականներին (2018 թվականի չորրորդ եռամսյակը դեռ չի հրապարակվել, այդ պատճառով մենք կներկայացնենք երրորդ եռամսյակի տվյալները): ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում 2017 թվականի ընթացքում 2-րդ հորիզոնոկանում տեղ է գտել ծխախոտի խոշոր արտադրող «Գրանդ Տոբակո»-ն: Իսկ պետական բյուջե ընկերությունը 2017 թվականի ընթացքում վճարել է 34 մլրդ 751 մլն 753 հազար դրամ հարկ ու տուրք:

Նույն ընկերությունը արդեն 2016 թվականին պետական բյուջե վճարել է 22 մլրդ 571 մլն 90 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ, ահա, 2018 թվականի երրորդ եռամսյակում «Գրանդ Տոբակո»-ն պետական բյուջե վճարել է 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ հարկ: Ծխախոտ ներմուծող «Ավերս» ընկերությունը 2016 թվականին պետական բյուջե կատարել է 5 մլրդ 43 մլն 632 հազար դրամի, 2017 թվականին` 4 մլրդ 874 մլն 454 հազար դրամի, 2018 թվականի երրորդ եռամսյակում` 4 լրդ 221 մլն 622 հազար դրամի հարկային վճարումներ: Նկատենք, որ այս ընկերությունը վերջին երեք տարիներին աստիճանաբար նվազեցրել է հարկային վճարումները:

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2016 թվականի ընթացքում 813 մլն 807 հազար դրամ հարկ է վճարել: Այս ընկերությունը 2017 թվականին ավելացրել է հարկային վճարումները` հասցնելով 1 մլրդ 303 մլն 823 հազար դրամի: Իսկ, ահա, անցած տարվա երրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 1 մլրդ 577 մլն 996 հազար դրամի հարկ ու տուրք: Մյուս ընկերությունը` «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, 2016 թվականին կատարել է 9 մլրդ 275 մլն 848 հազար դրամի, 2017-ին` 11 մլրդ 644 մլն 618 հազար դրամի, անցած տարվա հունվար-սեպտեմբերին` 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամի հարկային վճարումներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս