Հարկերից ազատվելու հետևանքը. Նոյեմբերյանից Երևան հասնելը դարձել է «անհնար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հոկտեմբերից` շուրջ 3 տարի, Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չէր գործում: Արդեն մի քանի ամիս է, ինչ միկրոավտոբուսային այդ երթուղին վերագործարկվել է: Արճիս գյուղի բնակիչ վարորդն ամեն առավոտ Այրում քաղաքից ժամը 8-ն անց 30-ին շարժվում է դեպի Նոյեմբերյան քաղաք, որտեղից էլ ժամը 9-ին մեկնում Երեւան: Նույն օրը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը մայրաքաղաքից վերադառնում է Նոյեմբերյան: 18 տեղանոց միկրոավտոբուսում սովորաբար լինում է 5-6 ուղեւոր: Պատճառն անհավասար մրցակցությունն է:

Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան երթուղում գործում են բազմաթիվ տաքսիներ, որոնց վարորդները, մշտապես ուղեւորներ ունենալով, հարկեր չեն վճարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նրանց ազատել է հարկերից: Տաքսիները, միկրոավտոբուսից քիչ առաջ երթուղի դուրս գալով, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից հավաքում են Երեւան մեկնող ուղեւորներին: Նման պայմաններում միկրոավտոբուսային երթուղու տիրոջը շատ դժվար է դիմանալ մրցակցությանը: Ուղեւորների համար ավելի ձեռնտու է միկրոավտուբուսը, որով ուղերթի գինը 2 հազար դրամ է, իսկ Երեւան մեկնող տաքսի ավտոմեքենաներինը` 3 հազար դրամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս