Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները մրցավազքի դուրս եկան, նախկին իշխանությունների պաշտոնատար անձանց գործողությունների մասով քրեական գործեր հարուցեցին եւ այդ քրեական գործերին հնչեղություն ապահովեցին: Սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Մանավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները խոսքի փոխարեն գործի են անցել:
Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով նախաքննական մարմինների ղեկավարների կողմից աղմկահարույց քրեական գործերով հնչած գնահատականներին, ասել էր, թե այդ առումով լրջագույն խնդիրներ ունենք: Ըստ փաստաբանի` թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը անկախացել է, սակայն կան բացառություններ. «Հետաքրքրություն չներկայացնող, հնչեղություն չունեցող գործերով դատարանները իսկապես որոշում կայացնելիս անկախ են, իսկ, ահա, հնչեղություն ստացած գործերով դատարանները կաշկանդված են որոշումներ կայացնելիս»,- ասել էր նա: Ի դեպ, ըստ փաստաբանի` այժմ նախաքննական մարմինը եւս մեկ խնդրի առաջ է կանգնել. մասնավորապես, հայտնի գործերով գնահատականներ են հնչեցրել, հնչեղություն ապահովել, սակայն քննության ընթացքում հակառակն է պարզվել, պետք է կարճեն գործը, սակայն չգիտեն` ինչպես վարվեն. «Այսինքն` իրենց կատարած նախորդ հայտարարությունների համար կաշկանդված են»:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` հիմա նախաքննական մարմինները որոշել են աղմկահարույց գործերով ոչ թե հրապարակայնություն ապահովել, այլ, մեղմ ասած, գործ անել, ու բացահայտումների մասին խոսել գործը դատարան ուղարկելուց առաջ:
Բանն այն է, որ նախաքննական մարմինը, թավշյա հեղափոխությունից հետո մի շարք աղմկահարույց գործեր հարուցելով, դրանց հնչեղություն տվեց: Սակայն նախաքննության ընթացքում քրեական գործով անցնող անձինք փոխհատուցել են պետության հասցված վնասը կամ օգնել են նախաքննական մարմնին բացահատել կատարված դեպքը: Այս ամենի արդյունքում նախաքննական մարմինները իրենց կատարած նախորդ հայտարարությունների ձեռքը կրակն են ընկել. քրեական գործերը չեն կարողանում կարճել՝ կաշկանդված լինելով նախկինում արած հայտարարություններով ու հասարակության կողմից ուշադրությամբ:
Ուստի իրավիճակից դուրս գալու համար հիմա այլ գործելաոճ են ընտրել: Այսպիսով, իրավապահ մարմիները որոշել են` հայտնի պաշտոնյաներից ում մասին էլ ինչ բացահայտում իրականացնեն, հնչեղություն չապահովեն, այլ սպասեն նախաքննության ընթացքին ու հայտարարեն այդ մասին գործը դատարան ուղարկելուց առաջ: Վերջիններս ձգտում են այս ամենով հասնել մեկ բանի, որ հետագայում, երբ բացահայտումը լինի, թե, օրինակ, որեւէ մեկը յուրացրել է պետությանը փողերը եւ նախաքննության ընթացքում հայտնել է, որ պատրաստ է վերականգնել պետության վնասը կամ օգնել նախաքննական մարմինին գտնել իրական մեղավորներին, ապա այս պայմաններում առավել հեշտ լինի նախաքննական մարմնին այդ գործով հնարավոր ելք գտնելու կամ կարճելու կամ մեղմ պատիժ սահմանելու: Ասել է թե` նախաքննական մարմինները նախկինում իրենց արած հայտարարությունների եւ տարբեր գործերով հնչեղություն տված գործերով կանգնել են խնդրի առաջ եւ հիմա էլ դաս են քաղել, որ այլես հնչեղություն չեն ապահովի, այլ պետք է հասնեն նրան, որ կոնկրետ գործերով արդյուք ունենան:
Ստացվում է, որ ներկայումս իրավապահները ոչ թե աշխատում են հասարակությանը գոհացնել` այս կամ այն պաշտոնյայի մասին տեղեկություն հայտնելով, հնչեղություն ապահովելով, այլ կոնկրետ գործ են անում հասնելու այն արդյունքին, որ քրեական գործերով ունենան ցանկալի արդյունք, այն է` պետության վնասը վերականգնեն, իսկ մեղավորներն էլ պատժվեն:
Քնար Մանուկյան