Մարզպետարանը փնտրում է, փոխմարզպետը` հեռանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Չոբանյանի` Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի աշխատանքային ոճում որոշակի փոփոխություն է եղել: Մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանն աշխատանքի է հրավիրում անգլերենի գերազանց իմացությամբ, միջազգային կազմակերպությունների, գործարար մարդկանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված մասնագետների: Հայտարարության մեջ նշված է, որ ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրությունը ներկայացնեն մարզպետարանի աշխատակազմ: Կարելի է կարծել, որ նման մասնագետի մարզպետարանում աշխատանքի ընդունելով՝ մարզպետարանը փորձում է արտերկրից ֆինանսական ներդրումներ բերել Տավուշի մարզ:

Իսկ անգլերեն գերազանց իմացող, միջազգային կազմակերպությունների, գործարար անձանց հետ հաղորդակցվելու կարողությամբ օժտված, այդ գործում մեծ փորձ ունեցող Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Փետրվարի 11-ին նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ Տավուշի մարզպետարանի համապատասխան բաժին հանձնեցի դիմումս աշխատանքից ազատվելու մասին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Պարզապես համոզված եմ՝ այս փուլում թե՛ մեր մարզին, թե՛ երկրին շատ ավելի օգտակար կարող եմ լինել հասարակական ասպարեզում: Մեր նորանշանակ մարզպետին կրկին մաղթում եմ ամենայն հաջողություններ, իսկ կառավարությանն էլ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել աշխատանքի այս հնարավորությունն ընձեռելու համար: Այս երեք ամիսների ընթացքում սովորեցի շատ բան, ծանոթացա բազում հրաշալի մարդկանց հետ, վերստին համոզվեցի, որ ունենք հրաշալի՛ ժողովուրդ, որն արժանի է ու անպայման կառուցելու է ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս