«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Ռոման Բաբայանն է: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, խոսել ենք դերասանի նախասիրությունների մասին: Ռոմանն անդրադարձել է երջանկության իր բանաձեւին, ապրելու արվեստին: Նա նշել է, թե ինչն է հանդուրժում, եւ ինչը չի կարող տանել մարդկային փոխհարաբերություններում: Ռոմանը խոստովանել է, որ իրեն հունից հանելն այնքան էլ դժվար չէ, իսկ նման դեպքերում վերջինս անճանաչելի է դառնում:
-Ռոմա՛ն, հաճա՞խ եք նայում հայելու մեջ ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:
-Այո, իհարկե, մասնագիտության բերումով անհնար է դրանից խուսափել:
-Ի՞նչ է հարկավոր նոր կյանք սկսելու համար, հաճա՞խ եք նման փուլ թեւակոխում:
-Երբեմն լինում է այնպես, որ պետք է կյանքդ նոր էջից սկսես, այդ պատճառով հարկավոր է հինը մոռանալ, որպեսզի բաց լինես նորի առջեւ:
-Ավելի շատ լսում եք ուղեղի՞ն, թե՞ սրտին:
-Հոգուն: Այն լսելի է դարձնում թե՛ բանականության, թե՛ սրտի ձայնը:
-Առհասարակ, Ձեր նեղացկոտ մարդ համարու՞մ եք, թե՞ շուտ եք ներում:
-Ո՛չ, ես երբեք չեմ նեղանում: Երբ իմ հանդեպ անարդար վերաբերմունք եմ զգում, ինձ այնպես եմ պահում, որ դիմացինս կռահի, որ վատ է վարվել, ինքն ընկնի մտածմունքների մեջ, ինքը նեղսրտի, ոչ թե ես:
-Նշե՛ք Ձեր բնավորության յուրահատուկ գծերից մեկը:
-Կարողանում եմ զգալ, թե դիմացս ով է կանգնած, տեսնել նրա իրական դեմքը:
-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք: Այսօր եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Այո՛, միանշանակ համարում եմ ինձ հաջողակ: Ինչ իմ կյանքում եղել է, ինձ գոհացնում է, ոչինչ էլ չեմ ուզի փոխել, միայն կցանկանայի ավելացնել. բացի դերասան լինելուց կուզեի նաեւ ռեժիսոր լինել:
-Ինչի՞ համար եք ամաչում: Կա՞ նման առիթ:
-Կարող եմ այսպես ասել՝ առհասարակ, ամաչկոտ մարդ եմ, կարող եմ ամաչել ոչ միայն իմ, այլեւ, օրինակ, մտերիմներիս արարքների համար:
-Երազներ տեսնու՞մ եք, իսկ գունավո՞ր երազներ:
-Հազվադեպ եմ երազներ տեսնում, բայց բոլորը գունավոր են լինում: Ի դեպ, ինչ տեսնում եմ, կատարվում է:
-Ըստ Ձեզ՝ լավագույն տարիքը ո՞րն է:
-Արական սեռի դեպքում` երբ տղան դառնում է տղամարդ. դա, թերեւս, լինում է բանակից վերադառնալուց հետո:
-Ի՞նչ եք կարծում, մարդուն ի՞նչն է երջանիկ դարձնում: Ձեր օրինակով կարող եք ասել:
-Ճիշտ եւ մաքուր ապրելը:
-Հայտնի դառնալուց հետո Ձեր կյանքում ի՞նչն է փոխվել:
-Երեւի թե ոչ մի բան՝ ո՛չ իմ մարդկային տեսակը, ո՛չ շարժուձեւս ու վարքագիծս: Ընդ որում, հայտնի եմ դարձել առանց հատուկ ջանքեր գործադրելու: Պարզապես իրականացրել եմ դերասան դառնալու երազանքս, հայտնիությունն էլ հետն է եկել:
-Նշե՛ք մի երկիր, ուր անպայման պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելել:
-Միացյալ Նահանգների մասին ունեմ ձեւավորված որոշակի կարծիք: Կցանկանամ մեկ անգամ լինել այնտեղ, համոզվել, որ ճիշտ եմ, եւ էլ երբեք չայցելել:
-Շատախոսներին հանդուրժու՞մ եք, թե՞ սովորաբար նրանցից փախչում եք:
-Հանդուրժում եմ, երբեմն էլ կարող եմ ինքս դառնալ շատախոս, որպեսզի դիմացինիս լռեցնեմ (ծիծաղում է):
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Համո Սահյանը:
-Ի՞նչ հատկություններով օժտված կինը կարող է գրավել Ձեր սիրտը:
-Այդ միակը պետք է իմ հոգու կինը լինի, իմ հոգուն մոտ մարդ լինի:
-Ե՞րբ կարող եք դառնալ անճանաչելի, երբեմն էլ անտանելի:
-Երբ ինձ խաբեն, ներկայանան այլ մարդ՝ լինելով բոլորովին այլ մեկը:
-Շու՞տ եք բռնկվում:
-Շատ շուտ:
-Ըստ Ձեզ` ո՞րն է իրականությունից կտրվելու լավագույն տարբերակը, նման դեպքերում ու՞ր եք փախչում:
-Բնության գիրկ գնալը, ճամփորդելը:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Ուղեղով կամ սրտով մտածելու վերաբերյալ հարցը:
Աննա Բաբաջանյան