Երևանի երկու բնակիչ կեղծ թղթադրամներ են պահել և իրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի:

2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն գրություն է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զագվածում գործող` «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղից 08.02.2019թ. կատարված ինկասացմամբ պարզվել է, որ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով թվով 8 թղթադրամներ կեղծված են:

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նույն օրը ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1994 և 1988թթ.:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի՝ 31-ամյա և 24-ամյա բնակիչները, կեղծ փողեր ձեռք բերելու և իրացնելու նախնական համաձայնությամբ, ձեռք են բերել և իրենց մոտ պահել ընդհանուր չորս հատ «100» ԱՄՆ դոլար անվանական արժեքով, ստանդարտ թողարկման թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին չհամապատասխանող կեղծ թղթադրամներ, որոնք իրացնելու նպատակով 2019թ. փետրվարի 9-ին գնացել են Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի մոտ, որտեղից բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, անձնական խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա և 24-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու կեղծ թղթադրամներ ձեռք բերելու բոլոր հանգամանքները:




Լրահոս