Ոգելից խմիչքն ու քաշքշուկը. Ամանորի գիշերը զինծառայողի մահվան դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորի գիշերը ՀՀ ՊՄ զորամասերից մեկում զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը շարունակում է առեղծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ միջադեպից:

Այսպիսով, փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով հունվարի Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվանը, ասել էր. «Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել, եւ դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում` պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:

Դեպքի մասին, հիշեցնենք, չէր տեղեկացվել: Միայն լրատվամիջոցներից մեկի հարցման արդյունքում ՊՆ-ից հաստատել էին զինվորի մահվան դեպքը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը):

Զինվորի հարազատները, սակայն, ինքնասպանության վարկածին չեն հավատում: Ի՞նչ է եղել իրականում. հարցի պատասխանը փորձում է ստանալ նաեւ նախաքննական մարմինը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ամանորի գիշերը զինվորները գինովցած են եղել: Թեթեւ վիճաբանությունից հետո Էդուարդ Գրիգորյանի եւ մյուս զինվորների միջեւ սկսել է քաշքշուկ:

Հետո Էդուարդ Գրիգորյանին գտել են մահացած: Այսօր նախաքննական մարմինը փորձում է հասկանալ, թե արդյոք քաշքշուկից հետո կրակել են Էդուարդ Գրիգորյանին, թե նա է դեպքից հետո ինքնասպան եղել, կամ միգուցե քաշքշուկի հետեւանքով զենքն է պատահական կրակել:

Նախաքննական մարմինը փորձաքննություն է նշանակել հասկանալու համար` արդյոք այն վնասվածքը, որ ստացել է Էդուարդ Գրիգորյանը, ինքն է իրեն հասցրել, թե իրեն կրակել են: Այս հարցերի պատասխանը կտա փորձաքննությունը, բայց որ մինչ կրակոցը եղել է քաշքշուկ, դա փաստ է:

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այս փուլում քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, բայց չի բացառվում, որ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հոդվածը փոփոխության ենթարկվի:

Քնար Մանուկյան




Լրահոս