«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալը, որ նախկինում կաշառակերության համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել, դատի է տվել ՊԵԿ-ին ու փող է ուզում:
Եւ այսպես, դեռեւս 2017 թվականի մայիսի 26-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը` Երեմ Մարգարյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: Մարգարյանը մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում:
Ըստ մամուլի հրապարակումների` իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:
Իսկ, ահա, Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է: Մամուլի հրապարակումների համաձայն` Բեյբությանի հետ են կապվում «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութները:
Թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թվականի օգոստոսի 3-ին, հայտնի պաշտոնատար աձի մասով հարուցված քրեական գործը ուղարկվեց դատարան, եւ Երեմ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` որպես պաշտոնատար անձ, կաշառք ստանալու խոստում է տվել, ապա նաեւ ստացել է կաշառք` իր լիազորությունների շրջանակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք տվող անձի օգտին ծառայություն մատուցելու դիմաց: Բացի այդ, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Ի դեպ, բացի Երեմ Մարգարյանից եւս 4 անձինք հայտնվել էին ամբաստանյալի աթոռին: 2018 թվականին հունիսի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հըրապարակել էր վճիռ, ըստ որի` Երեմ Մարգարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համր, եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը` 2 տարի 3 ամիս ժամկետով` զրկելով ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Սակայն նկատենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալը չի հաշտվել այս իրականության հետ եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով մասնակի բեկանել կայացված դատավճիռը ու ճանաչել եւ հռչակել Երեմ Մարգարյանի անմեղությունը վերագրված արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ Երեմ Սարգսյանը կռիվ է տալիս ՀՀ դատական համակարգում, որպեսզի իրեն անմեղ ճանաչեն, Բավրա մաքսատան նախկին պետն ինքն է պատերազմ հայտարարել Պետական եկամուտների կոմիտեին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեմ Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով իր նախկին աշխատավայրի դեմ: Մասնավորապես, վերջինս իր հայցով պահանջում է, որպեսզի դատարանը ստիպի Պետական եկամուտների կոմիտեին` որոշակի գործողություն կատարի, այն է` օրենքով սահմանված կարգով վճարի իրեն 2017 թվականից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ: Ստացվում է, որ նախկին իշխանության հովանավորության տակ գտնված ՊԵԿ պաշտոնյաները, որոնք կաշառքի գործով կալանավորվել են եւ ազատազրկման դատապարտվել, այսօր դուրս են եկել ՊԵԿ-ի դեմ եւ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձը:
Քնար Մանուկյան