Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր անդրադարձավ նաեւ աջ ղեկով ավտոմեքենաներին։ Մասնավորապես, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, թե նախագիծը կազմվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, եւ վերջնական որոշման են հանգել։
Մասնավորապես, նա հայտնեց, թե փոփոխությունների համաձայն մինչեւ ապրիլի 1-ը կթույլատրվի սահմանին կանգնած աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։ Արշակյանը մանրամասնեց, թե իրենք առաջարկներ են ստացել քննարկումների արդյունքում։
Վարչապետը եւս մանրամասնեց, թե խոսքը այն մեքենաների մասին է, որոնք արդեն անցել են մաքսային գոտի։ Արշակյանն էլ նշեց, թե նախանշված է, թե որ ժամանակահատվածում ձեռք բերված ավտոմեքենաներին է վերաբերում փոփոխությունը։
Նիկոլ Փաշինյանը մի փոքր տարակուսեց՝ ասելով, թե նախագծում լղոզված ձեւակերպումներ կան։
«Հիմա կարող ա պարզվի՝ 10 հազար ձեռք բերված ավտոմեքենա կա, կեսն էլ Ճապոնիայում են։ Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք, մեկ այլ բան արվի։ Խոսքը գնացել է այն ավտոմեքենաների մասին, որոնք արդեն մաքսային գոտում են։ Դա է եղել մեր պայմանավոևվածությունը», – նշեց Փաշինյանը՝ ասելով, թե իրեն արդեն ասվել է, որ թույլ տան 400-ից ավելի ավտոմեքենա ներկրել եւ այլեւս այդ հարցը չբարձրաձայնել։
Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, թե սա վերջին պայմանավորվածությունն է, եւ Փաշինյանն էլ նշեց, որ հենց ցուցարարներն են այդպես խոստացել եւ եթե շարունակեն թույլ տալ, ապա կգա մի ժամանակ, երբ Հայաստանում այդ մեքենաներն ավելի շատ կլինեն։