Եկեղեցի-հասարակություն վատ հարաբերությունների մասին բազմիցս է խոսվել: Եվ գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ավելի ընդգծված է դարձել այն, որ Հայ առաքելական եկեղեցին հասարակության մոտ չունի այն կշիռն ու իշխանությունը, որը ունեցել է դարեր շարունակ:
Դեռ թավշյա հեղափոխության օրերին անթաքույց ընդգծված էր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերմունքը տեղի ունցող իրադարձություններին: Հեղափոխության ամենածանր օրերին անգամ Վեհափառ Հայրապետը որեւէ քայլ չարեց, սակայն, ըստ էության, պետք է տեղի ունենար լրիվ հակառակը, եւ Վեհափառի համար այս իրադարձությունները յուրահատուկ շանս էին ժողովրդի վստահությունը շահելու համար: Խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ կաթողիկոսը պետք է քաղաքական որեւէ կողմ բռներ, բայց, այնուամենայնիվ, օրինաչափ կլիներ, եթե նա մեկ անգամ դուրս գար փողոց ընդամենը ժողովրդի կողքին կանգնելու:
Ուշագրավն այն է, որ վերջինս բացի արհամարհանքից որեւէ վերաբերմունք ցույց չտվեց սեփական ժողովրդի նկատմամբ, ավելին` ըստ մեր տեղեկությունների` այդ օրերին ներքին կարգով հրահանգ է տրվել հոգեւորականներին, որ փորձեր չանեն ցույցերի մասնակցել: Սա այն դեպքում, երբ Վեհափառը հստակ հասկացել էր, որ հոգեւորականների այնտեղ գտնվելը կարող էր բախումներից խուսափելու միջոց դառնալ: Պարզվում է` այս ամենը ավելի խորը արմատներ ունի: Դեռ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ այն հոգեւորականները, որոնք համարձակվել էին գնալ քաղաքապետարանի մոտ եւ աղոթել ժողովրդի համար, պատժվել են կաթողիկոսի կողմից: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Փաշինյանի` բանտում գտնվելու ժամանակ ցանկացել է հանդիպել նրան, սակայն վերջինս մերժել է տիկին Հակոբյանին:
Իսկ արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «ԵԼՔ» դաշինքը ցանկություն է հայտնել հանդիպել եւ օրհնություն ստանալ Վեհափառից, սակայն վերջինս մերժել է դաշինքին` դա պատճառ բերելով իր խիստ զբաղված ռեժիմ ունենալը: Հեղափոխությունը սկսելուց առաջ` մարտ ամսին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին ցանկություն է հայտնել հանդիպելու եւ այս անգամ եւս մերժվել է: Իհարկե, սա բացատրելի է: Գաղտնիք չէ այն, որ կաթողիկոսը շատ մտերիմ է եղել նախկին ռեժիմի հետ: Մի կողմից էլ` չենք կարող մեղադրել նրան, որովհետեւ նա չի կարող ներել վարչապետին եւ ներկայիս իշխանությանը հեղափոխությունը կյանքի կոչելու համար, որովհետեւ հեղափոխությունից հետո միայն ջրի երես դուրս եկան կաթողիկոսի անձի հետ կապված այն բոլոր դժգոհությունները, որոնք տարիներ շարունակ քնած են եղել ճնշվածության մթնոլորտում: Ի դեպ, ինչքան էլ որ կաթողիկոսը փորձի թաքցնել, մենք տեղեկացանք, որ սփյուռքահայության շրջանում եւս դժգոհություններ կան:
Մասնավորապես, վերջերս կաթողիկոսի` Ավստրալիա այցից առաջ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկացել են իրենց դժգոհությունը արտահայտել վերջինիս կայացրած որոշումներից մեկի առնչությամբ: Կաթողիկոսը նույնիսկ որոշել է չգնալ, սակայն հետո ավելի շահեկան տարբերակ է գտել: Վերջինս զանգահարել Ավստրալիայի թեմի առաջնորդին եւ ասել, որ եթե չկարողանա պատշաճ կերպով կազմակերպել իր այցը, հետ կկանչվի:
Այն, որ հեղափոխությունից հետո ինչ-որ բաներ է խախտվել եկեղեցական իշխանության եւ պետական իշխանության հարաբերություններում, միանգամայն հասկանալի է, որովհետեւ եկեղեցու սովորույթը սպասարկելու, ծառայելու իշխանությանը վերջինիս լեգիտիմացնելու նպատակով, այլեւս պետք չէ ներկայիս վստահություն վայլող իշխանություններին, եւ պետական իշխանությունը այլեւս կարիք չունի եկեղեցին իր կցորդը դարձնելու: Ավելի վաղ գրել էինք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն` Վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով:
Ըստ մեր տեղեկությունների` այս պայմանավորվածությունից հետո Վեհափառը դեռ ժամանակ է ձգում, որովհետեւ վստահ չէ, որ իր հեռանալուց հետո եկեղեցում չեն բացահայտվի այնպիսի բաներ, որոնք կվնասեն վերջինիս հեղինակությանը: Բացի այդ էլ, ըստ մեր հավաստի աղբյուրների, կաթողիկոսը շատ վաղուց նպատակ է փայփայում իրենից հետո գահին «նշանակել» իր եղբորը` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Ըստ էության, եկեղեցին հիմա մնացել է միայնակ եւ սկսում է բացահայտել իր բոլոր թերությունները: Թերությունները քողարկելու համար, բնական է, քայլեր են արվում կեղտոտելու եւ սեւացնելու իշխանությանը: Պատահական չէր, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությույանի հայտնի զրույցը հոգեւորականի հետ մեծ սկանդալ բարձրացրեց` հիշեցնելով մի կաթիլ մեղրի պատմությունը: Նկատենք, որ այս իշխանությունը միակն էր, որը դեռ թավշյա հեղափոխության օրերին բարձրաձայնեց եկեղեցու խնդիրների մասին քաղաքական ասպեկտով: Գարեգին Բ-ի համար հարված էր նաեւ կաթողիկոսին թիկնապահ տրամադրելու օրինագիծի տապալումը:
Նկատենք նաեւ, որ այս օրենքի քննարկման ժամանակ իշխանությունը առաջին անգամ բարձրաձայնեց այն մասին, որ կաթողիկոսը իր ժողովրդից պաշտպանության կարիք ունի: Այս ամենը, անշուշտ, դուր չեկավ եկեղեցական իշխանությանը, եւ դրա համար էլ կաթողիկոսը իր ողջ ռեսուրսը ուղղորդել է մերօրյա իշխանության քննադատությանը: Մի շարք հասարակական կազմակերպություններ, անհայտ եւ դաշտից կորած գործիչներ ամեն օր ինչ-որ հայտարարություններ են տարածում, որտեղ քննադատություններ են հնչեցնում իշխանությունների հասցեին եւ մեղադրում եկեղեցու դեմ ուղղորդված լինելու համար: Սա էլ, ըստ էության, նպատակ է հետապնդում իշխանությանը հակաեկեղեցական հռչակելու:
Այս ամենից հետո զարմանալի է վարչապետ Փաշինյանի եւ վերջինիս կառավարության հնչեցրած տեսակետերն այն մասին, թե այս հարցերը միայն եկեղեցական են, եւ իրենք չեն պատրաստվում խառնվել որեւէ հարցի: Չնայած հիշեցնենք` այս տարվա հունվարի 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ, որը ստեղծված իրավիճակում մեկ քայլ առաջ է:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությունների պարզաբանման համար դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները:
Լիլիթ Ավետիսյան