Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցում չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, շահադիտական դրդումներով օգտագործելով պաշտոնեական դիրքը, դպրոցի ուսուցչուհիներից մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում` շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերը հատկացնելու համար որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10-20 հազար ՀՀ դրամ։ Ըստ ձեռք բերված տվյալների՝ նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50 հազար դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։ Բացի այդ, դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ․ դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի հիմունքներով իր համար շահեկան եւ ձեռնտու պայմաններում, ինչպես նաեւ դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։
Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետեւանքով անձանց օրինական շահերին առերեւույթ պատճառվել է էական վնաս՝ 507․000 ՀՀ դրամի չափով։
Նկատենք, որ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է քրեական պատմություների կիզակետում:
Նա դպրոցը ղեկավարում է 2012 թվականից: Ժամանակին ակտիվ ՀՀԿ-ական էր, ընդ որում, տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել ընտրակեղծարարության՝ ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու գործին: Ավետիսյանը համապետական ընտրությունների ժամանակ եղել է իր ղեկավարած դպրոցում տեղակայված ընտրական հանձնաժողովում կա՛մ նախագահ, կա՛մ տեղակալ:
Հիշում եք 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտած սկանդալը, երբ հրապարակվեց դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, թե ինչպես են իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով` ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրել: Նրանց մեջ փայլատակեց նաեւ Աստղիկ Ավետիսյանի անունը: Հիշեցնենք` Աստղիկ Ավետիսյանն այդ ձայնագրության մեջ խոստովանել էր, որ ներկայացրել է 1700 հոգու անուն եւ ասել. «Լրիվ, լրիվ 1000 անգամ ստուգված մարդիկ են:
Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել` հա՛մ էստեղ, հա՛մ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»: Եւ, ահա, հենց ընտրողներին «ամենավերջին ձեւով վախեցնելու» մասին խոստովանությունն էլ եղավ պատճառ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի:
Նշենք, որ Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 31 ընտրատարածքի նախագահ նախկին ՀՅԴ-ական, հետո ՀՀԿ-ին հավատարմության երդում տված Արտակ Ավետիսյանի կինն է: Արտակ Ավետիսյանն էլ մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանի հետ: Եւ, ահա, Աստղիկ Ավետիսյանի ու նրա ամուսնու՝ Արտակ Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը շատ արագ կարճվեց նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի օրոք: Նա էլ արդարանում էր, թե որեւէ մեկին չի սպառնացել, այլ ասել է, թե կնեղանա, եթե ՀՀԿ-ին չընտրեն:
Հիմա նրա գործունեության հետ կապված նորանոր փաստեր են ի հայտ գալիս: Ընդ որում` դատախազության ներկայացրած փաստերի մասին Գյումրիում խոսում են վաղուց, պարզապես ՀՀԿ իշխանությունները ժամանակին ամեն կերպ աչք են փակել իրենց համար ձայն հավաքող տնօրենների քայլերի վրա:
Ինչեւէ, մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աստղիկ Ավետիսյանին, սակայն հարցազրույց տալ նա հրաժարվեց` խնդրելով կապվել փաստաբանների հետ, միայն հավելեց. «Այդ քրեական գործի մեջ ճշմարտության հատիկ անգամ չկա, երեք փաստաբան ունեմ, որոնք արդեն զբաղվում են գործով»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:
Հեղինե Մանուկյան
Գյումրի