Ֆրանչեսկո Տոտտի. հավերժ հավատարիմ կայսրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28.05.2017` Հռոմ, «Ստադիո Օլիմպիկո». այս օրը, այս քաղաքի, այս մարզադաշտում իր վերջին «արշավանքը» կատարեց Հռոմի կայսրը` Ֆրանչեսկո Տոտտին:

«Ջենոայի» դեմ հանդիպումը վերջինն էր ֆուտբոլի պատմության ամենահավատարիմ խաղացողներից մեկի համար: Բոլորն արցունքն աչքերին ճանապարհեցին Չեսկոյին` արձանագրելով ֆուտբոլային եւս մեկ փայլուն դարաշրջանի ավարտը…

Ֆրանչեսկո Տոտտին ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 27-ին Հռոմում: Արդեն մանուկ հասակից տղան զբաղվում էր ծովափնյա ֆուտբոլով եւ ավելի լավ էր տիրապետում խաղին, քան նրանից տարիքով մեծերը: Ֆրանչեսկոյի տաղանդը չնկատել անհնար էր, եւ դա էր պատճառը, որ ապագա գերաստղը արդեն 13 տարեկանում խաղում էր «Ռոմայում»: Ավազե դաշտը փոխելով կանաչ խոտի հետ` նա սկսեց կերտել Տոտտիի պատմությունը:

Ֆրանչեսկոն իր առաջին հանդիպումը անցկացրեց Իտալիայի գավաթում «Սամպդորիայի» հետ 1993 թվականի դեկտեմբերի 16-ին, որտեղ իր թիմը երկու խաղերի արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից:
«Ցանկանում եմ մնալ այստեղ` Հռոմում ,երբեք չեմ հեռանա այստեղից, սա է իմ տունը, իմ քաղաքը, իմ «ես»-ը այստեղ է…», ասաց Տոտտին, խոստացավ եւ հավերժ պահեց իր խոստումը` մնալով այն եզակի «անգին» ֆուտբոլիստներից մեկը:

Այս խոսքերից հետո կարծես պատվերով «Գայլերի» մարզիչն է դառնում արգենտինացի Կարլոս Բիանկան, ով Տոտտիին թողնում է պահեստայինների նստարանին. սկսվում է Տոտտիի «սարսափ երազը», իսկ փրկվելու միակ տարբերակը կարծես ակումբային գրանցումը փոխելն էր: Այդ տարբերակը միակը կլիներ յուրաքանչյուր ուրիշ ֆուտբոլիստի համար, իսկ Ֆրանկիի համար ո՛չ. խոստումը մնում է խոստում, իսկ չհանձնվելը աստվածատուր շնորհ:

Չեսկոն մի լավ տառապեց Բիանկիի ձեռքում, բայց թիմը փոխել չցանկացավ: Հենց արգենտինացու ժամանակաշրջանում Տոտտին ապացուցեց իր բարձր կարգը եւ նրան հասկացրեց, որ «ծնվում է Հռոմի նոր կայսրը». 97/98 մրցաշրջանի վերջում Ֆրանչեսկոն Իտալիայի տարվա լավագույնն էր:

Տոտտին սկսեց իր խաղով գերել մի շարք գրանդների: Նրան ցանկանում էին գնել «Ռեալը», «Մանչեստեր Յունայթեդը», «Բարսելոնան»:
«ՄՅՈՒ» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ամեն ինչ կտար հրաշամանուկին իր կազմում տեսնելու համար`«Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ. պատրաստ եմ Մանչեստրից ոտքով քայլելով հասնել Իտալիա Տոտտիի հետ պայմանագիր կնքելու համար»:

Տոտտիի պատասխանը ավելին քան դիպուկ էր `«Ճի՛շտ եք, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ. ես արդեն Հռոմում եմ»:
Աստղաբաշխական գումարներ, հիանալի պայմաններ եւ գերակումբներ. դրանցից ոչ մեկը չգայթակղեց Տոտտիին, նա ամուր թելերով էր կապված «Հավերժական» քաղաքի հետ:

Տոտտի համար բարդ ժամանակներ էին սպասվում` կոնֆլիկտներ, մի շարք վնասվածքներ, հիասթափություններ… Այս ամենը Տոտտիին ավելի ուժեղ էր դարձնում. նրա մտքում միայն Հռոմն էր: 2005-ին Ֆրանչեսկոն 5 տարով երկարաձգում է պայմանագիրը «Գայլերի» հետ եւ կրկին հիասթափեցնում իրեն ցանկացողներին:

Այս տարի Չեսկոն ծանր վնասվածք ստացավ, եւ շատերի կարծիքով վնասվածքից նոր ապաքինված ֆուտբոլիստը իրավունք չուներ հայտնվել Աշխարհի Առաջնությունում: Սակայն այլ կարծիքի էր Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելո Լիպին: Տոտտին ոչ միայն հայտացուցակում էր, այլև իր մեծ ներդրումն ունեցավ Իտալիայի չեմպիոնության հարցում: Սկանդալային եզրափաչում հաղթեց Իտալիան. Տոտտին ցնծում էր. ֆանտաստիկ տարի էր իտալացու համար: Արդեն մյուս տարի Ֆրանկին արժանացավ «Ոսկե Խաղակոշիկին»` խփած 26 գոլերով:

Արդեն գերաստղ դարձած իտալացին ստիպում էր ողջ աշխարհին «աչքերը չռած» հետեւել իր խաղին, ստիպում էր վայելել այն ֆուտբոլը, որը պետք է ընդմիշտ մնար ֆուտբոլի պատմության մեջ:

Ամեն տարի ավելի լավ ֆուտբոլ ցուցադրող Տոտտին անդադար մերժում էր բոլորին, բայց այդ «բոլորը» հրաժարվեցին Կապիտանոյից միայն 2010-ին, երբ Ֆրանչեսկոն նոր պայմանագիր կնքեց «Ջալառոսների» հետ:
«Վերջացրե՛ք, ես ընդմիշտ կմնամ այստեղ, այլեւս ոչ մի խոսակցություն…»:

Հռոմեական դերբին համարվում է իտալական ամենաթեժ դիմակայություններից մեկը: 09/10 մրցաշրջանում «ֆուտբոլային Կոլիզեյում» կայացած «գլադիատորական» պայքարը ավարտվեց «Ռոմայի» 2-1 հաշվով. Տոտտին պահեստայինների նստարանից դիմավորեց հաղթանակը «Լացիոյի» երկրպագուներին ցույց տալով «մահապատիժ» նշանակող ժեստը, որը ժամանակին իրավունք ունեին ցույց տալ միայն կեսարները: Այս ժեստի համար Չեսկոն տուգանվեց 20.000 եվրոյով, սակայն պատմության մեջ մտավ որպես «Հռոմի Կայսր»` առաջինը Հուլիոսից հետո…

Ահա այսպես կհիշվի Ֆրանչեսկո Տոտտին:

Ֆրանչեսկոն առաջիկա տարիներին շարունակեց խաղալ ֆանտաստիկ ֆուտբոլ, շարունակեց կառավարել Հռոմը, իսկ հեռանալու ժամանակը այքա՜ն մոտ էր արդեն…

2015 թվականի սեպտեմբերի 20-ին ամբողջ կյանքը «Ռեմային» նվիրած «Կապիտանոն» «Սասսուոլոյի» դեմ խաղում խփեց իր 300-րդ գոլը: «Հռոմի Կայսրը» ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չլքեց հարազատ քաղաքը, մնաց հավատարիմ, չհաղթեց այդպես էլ Չեմպիոնների լիգան, «Ոսկե Գնդակը», բայց մնաց հաղթած «Ռոմայի» երկրպագուների սրտերում:

Տոտտին ընդմիշտ մնաց հավատարիմ իր «Կայսրությանը»:

Փող, փառք. սրանք ժամանակավոր են, հավերժ են միայն հավատարմությունն ու նվիրվածությունը…

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս