Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 15-ին աշխատանքային այց է կատարել Ասկերան քաղաք։
Այցի սկզբում պետնախարարը մասնակցել է Ասկերան քաղաքային համայնքի հաշվետու ժողովին։ Հիմնական զեկուցող քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրել է Ասկերանին վերաբերող սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առանցքային ցուցանիշները և տակավին լուծման սպասող խնդիրները։ Այսպես՝ հաշվետու 2018 թ․-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Ս․ Աղաջանյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու։
Համայնքի առջև ծառացած խնդիրների շարքում առանձնացվել են «Ասկերանի շրջանային բուժմիավորում» ՓԲ ընկերության հիվանդանոցային շենքի վերանորոգման, մշակույթի տան շենքի կապիտալ վերանորոգման կամ նորի կառուցման, աղբահանության, կոյուղու և որոշ փողոցների լուսավորության հարցերը։
Շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին հաշվետվությունը ներկայացնելու համար՝ Գ․ Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ այս տարի շրջանային ճանապարհների բարեկարգման, շինանյութի տրամադրման, ջրային համակարգերի պահպանման և շահագործման աշխատանքների մասով վարչակազմի ենթակայության ներքո գործող «Խաչենշին» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներն ավելացվել են՝ սահմանված աշխատանքների ավելի մեծ ծավալ կենսագործելու նպատակով։
Անդրադառնալով հիշատակված այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ ըստ առաջնահերթության բոլորը հայտնվելու են միջնաժամկետ և հեռաժամկետ իրականացվելիք անելիքների ցանկում։ Ելույթից հետո պետնախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանն այցելել է Ասկերանի ֆուտբոլային մարզադաշտ, ծանոթացել ընթացող շինաշխատանքներին՝ նոր նստատեղերի, հանդերձարանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը (ծանոթություն․ Ասկերանի մարզադաշտը նույնպես հյուրընկալելու է Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA)՝ հունիսի 1-9-ը Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը)։
Մարզադաշտից հետո պետնախարարն այցելել է Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից և նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։
Գ․ Մարտիրոսյանը կարևորել է, որ տարածքային համաչափ զարգացման հայեցակարգի շրջանակներում Ստեփանակերտում և շրջաններում բնակֆոնդի ընդլայնման քաղաքականությունն ընթանա համաչափորեն և հանրային արդարության սկզբունքի հիման վրա։
Ասկերան կատարած այցի վերջում պետական նախարարն այցելել է նոր կառուցվող հրշեջ կայան, ծանոթացել վերջնական կահավորման շինարարական աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ։
Աշխատանքային այցին մասնակցել են նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
—
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին