Գոյություն չունեցող արտաքին քաղաքական հայեցակարգի հետևանքները. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների որոշումն արժանացել է բավական սուր քննադատությունների ոչ միայն երկրի ներսում, այլ նաև մեր արտաքին գործընկերների կողմից։ Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է։ Լռում է, որովհետև չունի այդ արկածախնդիր քայլը հիմնավորող որևէ հոդաբաշխ բացատրություն։ Լռում է, որովհետև, մեղմ ասած, հեղհեղուկ են անգամ այդ առաքելության գործուղման իրավական հիմքերը։ Ի դեպ, հենց իրավական հիմքերը ամենաշատը քննարկվեցին վերջին մի քանի օրերին՝ երկրորդական պլան մղելով խնդրի քաղաքական ասպեկտները։

Մինչդեռ, տեղի ունեցածը ցայտուն վկայությունն է այն վտանգավոր իրողության, որ Հայաստանը չունի հստակ ձևակերպված արտաքին քաղաքական հայեցակարգ, փոխադարձ շահերի հաշվառման վրա հիմնված արտաքին քաղաքական ռազմավարություն, որը կբացառեր պետությանը լոկալ և աշխարհաքաղաքական սպառնալիքի առջև կանգնեցնելու որևէ հնարավորություն։

Սիրիա առաքելություն ուղարկելը արտաքին քաղաքականության հավասարակշռման խախտման, երրորդ երկրի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու նպատակով մեր պետական և ազգային շահերը ստորադասելու օրինակ է։ Ինչ վերաբերում է խնդրի աշխարհաքաղաքական կողմին, ապա ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ հանդես է եկել դիրքորոշմամբ՝ դատապարտելով Սիրիա թեկուզ հումանիտար առաքելություն ուղարկելու և որ ոչ պակաս կարևոր է՝ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու Հայաստանի քայլերը։

Ի դեպ, անհասկանալի է նաև հայկական փորձագիտական հանրույթի մի հատվածի համոզմունքը, թե այդ հայտարարությամբ Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանին։ Ամենևին ոչ։ Այդ հայտարարությամբ ԱՄՆ-ն արձանագրել է, որ ընդունում է ի գիտություն Հայաստանի՝ Սիրիայում բարիկադների ռուսական կողմն անցնելու քայլը՝ բնականաբար, դրանից բխող համապատասխան հետևանքներով։ Առավել զարմանալի է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման խորապատկերում, ինչն ավելի է ընդգծում՝ Հայաստանը Սիրիայում անելիք չունի։ Հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու առավել ևս՝ Ռուսաստանի հովանու ներքո։

Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանի այս քայլի երևացող ու անտեսանելի հետևանքները վերացնելու համար, դժվար է ասել։ Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանի կողմից վարվող այսրոպեական, կոնյունկտուրային արտաքին քաղաքականությունը իրական վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու աշխարհասփյուռ հայության համար»։




Լրահոս