Արմեն Սարգսյանը և «Սիմենս»-ի պաշտոնյան նախանշել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցության ուղղությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպել է խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները խոսել են համագործակցության, Հայաստանում «Սիմենս»-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին։ Նախագահ Արմեն Սարգսյանը և Ռոլանդ Բուշը մասնավորապես անդրադարձել են արհեստական բանականության մշակման ոլորտում համագործակցելու հեռանկարներին՝ նախանշելով հնարավոր փոխգործակցության ուղղությունները։

«Մեծ կարողություններ կան արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական նոու հաուի ոլորտներում։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք մտածել ավելին անելու մասին։ Աշխարհում արհեստական բանականության մասնագետների մեծ կարիք կա, և սա լավ հնարավորություն է»,- ասել է Ռոլանդ Բուշը։ Նա նախագահ Սարգսյանի հրավերով առաջիկայում կայցելի Հայաստան։

Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Հիանալի հանդիպում ունեցանք և լավատեսորեն ենք տրամադրված հնարավոր համագործակցության ապագայի վերաբերյալ»։




Լրահոս