Դավիթ Տոնոյանն ապացուցել է, որ ԱԻՆ-ում իր պաշտոնավարման ժամանակ ոչ նպատակային ծախսեր չեն կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից` արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումներին: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատը չարաշահումների մասին վկայող ուշագրավ փաստեր էր հայտնաբերել:

Ավելին, պալատը ուսումնասիրել էր նախարարության` 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը, բնականաբար արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ պաշտապանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով: ՊՆ լրատվականից անմիջապես հայտարարեցին, որ Տոնոյանի նախարարության ժամանակաշրջանում ոչ նպատակային ծախսեր չեն կատարվել:

Այսպես, ըստ ՊՆ լրատվականի` հաշվեքննիչ պալատի կողմից ԱԻՆ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը ուսումնասիրվել է ԱԻՆ-ում, որի վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ եւ լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հիմանավորվել են կատարված ծախսերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նախարարության կողմից ներկայացված պարզաբանումներում տրվել է բոլոր ծախսերի հիմանավորումը:

Պարզվում է, որ փրկարար ծառայության համակարգում բացի «Իսուզու» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներից շահագործվում են նաեւ դեռեւս 1980-90-ական թվականների ԽՍՀՄ արտադրության «Զիլ» եւ «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց անվադողերով եւ այլ պահեստամասերով ապահովելը հրատապ անհրաժեշտություն է եղել:

Այդ պատճառով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների պահեստամասերի հետ ներկայացվել է նաեւ նշված ավտոմեքենաների պահեստամասերի գնման հայտը: Պահեստամասերը փաստացի ձեռք են բերվել եւ տեղադրվել են համապատասխան մեքենաների վրա։ Ինչ վերաբերվում է անվադողերի գներին, ապա ըստ ՊՆ լրատվականի`պետք է նկատի ունենալ, որ այստեղ ներառված են նաեւ անվադողերի բալանսավորման եւ տեղադրման աշխատանքները, նաեւ` մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն:

Պարզվում է, որ «Իսուզու» մակնիշի հրշեջ ավտոմեքենաների վերանորոգման համար 2010 թվականից ի վեր բյուջեով որեւէ գումար չի հատկացվել, այդ պատճառով այս գումարով կատարվել են «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների ամենաշատ շարքից դուրս եկող պահեստամասերի ձեռք բերում եւ պահեստավորում այդ ավտոմեքենաների անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

ՊՆ լրատվականը անդրադարձել է նաեւ գնումների պլանով չնախատեսված գնումներին. ապա դրանք կատարվել են խիստ հրատապ անհրաժեշտությունից ելնելով՝ խոշոր հրդեհների եւ այլ ծավալուն միջոցառումների ընթացքում, մասնավորապես Խոսրովի, Բյուրականի եւ մյուս խոշոր հրդեհների, Արմ Սեքյուրիտի միջազգային ցուցահանդեսի, Թումանյանի սողանքի կանխարգելման աշխատանքների ընթացքում եւ այլն: Իսկ գործուղման ծախսերը, ինչպես նշում են ՊՆ լրատվականից, տարվա ընթացքում վերաձեւակերպվել են, որի վերաբերյալ հաշվեքննիչ պալատը որեւէ չարաշահում չի արձանագրել. «Բոլոր մնացած ուղղություններում եւս չի արձանագրվել չարաշահումներ»։




Լրահոս