Ես բացատրել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք. դա զարմացրեց շատերին. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ընտրողներին բացատրել եմ, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Այս մասին գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ուզում ձերբազատվել օլիգարխներից:

«Շատերին դա զարմացրեց, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են և չպետք է նաև հեռանան: Բայց ի՞նչ ասել է օլիգարխ: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են գործում, նա մուտք ունի, ազդեցություն կառավարության վրա: Այժմ բոլորի համար պայմանները նույն են»,- ընդգծել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարեւոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը:

Նա բացառել է, որ որեւէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել եւ մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ եւ սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության եւ ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու եւ կանգնեցնելու առումով: Մենք մեր հետեւորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որեւէ դրսեւորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:




Լրահոս