ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է «Երկրի հակառակ կողմը» գրքի գաղտնիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 16-ին գրքի քննարկման ընթացքում վարչապետը պատմել է ընդհատակում (2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր- խմբ.) գտնվելու, գրքում օգտագործված համաշխարհային գրականության ու գրքի հրատարակման մասին:
Ինչպե՞ս ստեղծվեց գիրքը գրելու միտքը
Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ որ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, Հակոբը Սիմիդյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայիս քարտուղար, ում տանը այն ժամանակ մնացել է Փաշինյանը- խմբ.) անընդհատ գնում-գալիս էր ու հայտնում, թե ինչ են խոսում մարդիկ: Այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում էին` այս դեսպանատանն է թաքնված, այն դեսպանատանն է թաքնված: Հետո ամենամեծ կարծիքն այն էր, որ Դուբայում են տեսել, Աթենքում են տեսել և այլն: Այդ ժամանակ մամուլը սկսեց գրել, որ ԱԱԾ-ին հրահանգված է ինձ հայտնաբերելու դեպքում ոչ թե ձերբակալել, այլ զինված հարձակման իմիտացիա ստեղծել, և ֆիզիկապես ոչնչացնել: Սա մի իրավիճակ էր, որ իմ առաջ կանգնած էր, և առաջինը մտածում էի հետևյալը, եթե այդ բանը տեղի ունենա, հարց է` բա մարդիկ հետո ինչ կմտածեն, ո՞վ էր, ի՞նչ էր ուզում աներ: Եվ ինձ համար նպատակ էր դրված ստեղծել ինչ-որ բովանդակություն, որ, եթե որևէ մեկին երբևէ հետաքրքրի, թե ինչ էր կամ ով էր, կարողանա ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետև քաղաքական տեքստերն ու ելույթները երբեմն այդքան խորը չեն կամ, եթե նույնիսկ խորն են, դրանց ամբողջ խորքը տեսանելի չէ, որովհետև դրանք շատ ընթացիկ իրավիճակի հետ են կապվում: Եվ երկրորդը` ես հասկացա, որ եթե իրավապահ մարմինները հստակ համոզված լինեն, որ ես Երևանում եմ, հաստատ ինձ կհայտնաբերեն, որովհետև այդ համոզվածությունն արդեն կստիպի մտնել իմ տրամաբանության մեջ: Եվ այդտեղից առաջացավ գաղափարը` գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը նրանց կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից:
Ինչո՞ւ «Երկրի հակառակ կողմը»
Ինչու հակառակ կողմից, այս գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է` Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհին չլինի նահանջելու գործընթացը: Վեպում կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, բայց գնում եմ երկրի հակառակ կողմից:
Ինչպե՞ս Արեշում «փակված» ճանապարհորդել աշխարհով մեկ
Դրա միակ եղանակը գիրքն է ու գրականությունը: Ամբողջ ճամփորդությունը գրքերի շարք է, երկխոսություն է հերոսների հետ, և իմ փորձն է մտնել ու ապրել այդ գրքերի մեջ: Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունից են, որը ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Սև ծովից դեպի Հունաստան, նավի մեջ երկխոսություններն ամբողջը Եզոպոսի առակներն են: Հայաստանի տարածքում իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, Թումանյանն է: Ամեն մի հատված ինչ-որ կոնկրետ գրականության հետ կապված է: