ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին:
Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ներկայացվել են նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել էր սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվել էր առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ:
Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա: Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար:
Խոսք գնաց նաև ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կադրերով:
Քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորել է չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները:
Ներկաների ուշադրությունը հրավիրվել է փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն արվել ապահովել պատշաճ ծառայություն:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկել են Վալերիյ Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները: