Ներողության կամ դատի տալու կարիք չկա, մենք իրար հասկացել ենք. Վիգեն Ստեփանյանը՝ Լիլիթ Մակունցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը խոստանում էր զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրեր իրենից: Այս մասին Մակունցը գրել էր ֆեյսբուքյան էջում՝ կցելով օրերս լրագրողների հետ հանդիպման տեսանյութը՝ արտիստի մասնակցությամբ:

«Հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրեւ ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետեւյալ կոչով՝ կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին: Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»,-գրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը նկատի ունի Վիգեն Ստեփանյանի հետեւյալ հայտարարությունը. «Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով մի կնոջ հարցադրմանը, թե ինչու են անտեսվում տարիքն առած արվեստագետները` Մակունցը պատասխանել է. «Ավագ սերունդը կոռումպացված է»»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարոն Ստեփանյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է Մակունցի` իրեն դատի տալու մասին հայտարարությունից եւ ինչ է պատրաստվում անել. «Թյուրիմացություն է եղել, ես եւ տիկին Մակունցը զրուցել ենք, իրար հասկացել ենք, գործը դատի տալուն չի հասնի: Նախ ես փորձեցի կապ հաստատել նրա հետ, հետո տիկին Մակունցը հետ զանգեց ինձ, մենք միմյանց պարզաբանումներ տվեցինք, նա խոսեց շատ կիրթ, պատշաճ մակարդակով, եւ ես հակված եմ հավատալ, որ նա իսկապես նման արտահայտություն չի արել: Պարզապես որոշ մարդիկ մեկնաբանել են այդ խոսքն իրենց ուզած ձեւով»,- տեղեկացրեց պարոն Ստեփանյանը:

Հարցին, թե պատրաստվում է արդյոք ներողություն խնդրել տիկին Մակունցից, դերասանը պատասխանեց. «Դրա կարիքը չկա: Ես տիկին Մակունցին բացատրեցի, թե իմ ասածն ինչ էր, նպատակս որն էր, ասացի, որ իրեն վիրավորելու, վարկաբեկելու միտում բացարձակ չունեի: Ես որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, առավել եւս այդ աղջկա, որին նույնիսկ չեմ ճանաչում»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս