Ոչխարաբուծության ոլորտը կաթվածահար է եղել. երբ նվազում է գլխաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Երեկ` կառավարության նիստին, ոչխարաբուծության ոլորտին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հանձնարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Նա հուշեց նաեւ, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 65 հազար 200-ով պակասել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, ապա 2018-ին այն դարձել է 590 հազար 600: Միայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 29 հազար 200-ով. 2017 թվականին այն կազմել է 296 հազար գլուխ, իսկ 2018-ին` 266 հազար 800:

Ոչխարի գլխաքանակը պակասել է 67 հազարով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Նույն պատկերն է նաեւ խոզի գլխաքանակի դեպքում. 2017-ին այն կազմել է 175 հազար 500, իսկ 2018-ին` 166 հազար 800 գլուխ: Ձիերի գլխաքանակը եւս պակասել է:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ոչխարների արտահանման ծավալների նման կտրուկ աճը եզդի ազգաբնակչության որոշ մասի մոտ դժգոհության առաջացրեց: Այն եզդիները, որոնք ոչխարները իրանցիներին կամ միջնորդ հայերին վաճառել էին գործընթացի սկզբում, լուրջ ֆինանսական կորուստ ունեցան, քանի որ դրանից հետո ոչխարների գինը շեշտակի բարձրացավ: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ, գյուղատնտեսության նախարարի հրամանով, արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել եւ վերականգնել նաեւ դրանց թիվը:

Արդյունքում հիմա հանրապետությունում այնքան է պակասել ոչխարի գլխաքանակը, որ Հայաստանը սկսել է արդեն մեծ քանակությամբ ոչխար ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ 2018 թվականին 28 հազար 415 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ներմուծվել ՀՀ, իսկ արտահանվել է 12 հազար 110 գլուխ:

Հայաստանում ապրող եզդիների գերակշիռ մասը, ըստ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ապրում է ոչխարաբուծությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազիզ Թամոյանը ցավով նկատեց, որ ոչխարաբուծության ոլորտը Հայաստանում կաթվածահար է եղել: «Նակինում մերոնք այնքան շատ են վաճառել իրանցիներին, դրա համար է հիմա քիչ: Պակասել են: Չպետք է նաեւ սպանդի ենթարկեին, պետք է մայրական կազմը աճեր ու աճեր»,- նկատեց Թամոյանը: Մեր զրուցակցի խոսքերով` այսօր ոչխարի մսի 1 կգ կազմում է 3000-3500 դրամ: Բայց Թամոյանը վստահ է, որ այս ամռանը այս գինը դեռ կթանկանա, քանի որ հենց այդ ժամանակ իրանցիներն ու արաբները նախընտրում են ոչխար գնել: Զրույցի ավարտին Թամոյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ տարում Հայաստանում ոչխար չի մնա:

Իսկ, ահա, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբիրելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ոչխարաբուծության ոլորտին, հայտարարեց, որ մի քանի խնդիրներ կան, որոնից մեկը արոտների կառավարման հետ է կապված: «Արոտները կտրտված են, ինչը խնդիրներ է առաջացնում մեծ գլխաքանակ պահելու համար: Զարգացած երկրներում իրականացվում է ռոտացիոն արածեցում, այսինքն` մի հատվածում կերակրեցին, տանում են մեկ ուրիշ հատված, մինչեւ նախորդը աճի, որովհետեւ ոչխարը մի հատկություն ունի. երբ սկսում է արածել, ապա հողի արմատի հետ միասին հանում է բույսը, այս պատճառով էլ այդ տարածքում բուսականություն չի աճում: Իսկ ռոտացիոն արածեցման դեպքում նման խնդիր չենք ունենա»,- պարզաբանեց փոխնախարարը:

Գյուղատնտեսության փոխնախարարը բարձրաձայնեց նաեւ ոչխարի մայրական կազմի ձեւավորման խնդրի մասին: «Եթե այսօրվա դրությամբ մեզ անհրաժեշտ լինի հավաքել մոտ 500 գլուխ մաքի, որ սկսենք ոչխարաբուծությամբ զբաղվել, կունենանք խնդիր, որովհետեւ չենք կարող այդքան հավաքագրել: Ստեղծված պատկերը ավելի շատ սոցիալական խնդրի հետ է կապված: Եթե մարդը սոված եղավ, ընտանիք չկարողացավ պահել, ապա նա մորթելու է այդ կենդանուն: Իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես կապում եմ սոցիալական վիճակի հետ: Մենք 2017 թվականին մշակել եւ կառավարությանն ենք ներկայացրել ծրագիր տոհմաբուծարաններ ստեղծելու վերաբերյալ, որպեսզի մենք ունենանք տոհմաբուծարաններ, որ այդտեղից արտադրվեն արդեն բարձր մթերատու կենդանիներ: Այսինքն` երբ մարդիկ կցանկանան համալրել իրենց կենդանիների գլխաքանակը, կկարողանան գնալ եւ այդտեղից ձեռք բերել»,- փոխանցեց Տիգրան Գաբրիելյանը: Բացի այս, պաշտոնյան վստահ է, որ այդ տոհմաբուծարանները կլուծեն ցեղային հատկանիշների բարելավման հարցը, որովհետեւ թեեւ մեր տեղական ոչխարը լավ հռչակ է վայելում, բայց մեր հանրապետությունն ունի վաղահաս կենդանիների խնդիր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս