Կառավարության ծրագրի տնտեսական հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
-Պարո՛ն Մանասերյան, կառավարության ծրագրի առանցքում տնտեսական հեղափոխության գաղափարն է: Ծրագրում իսկապես կա՞ տնտեսական նոր հայեցակարգ, այն տնտեսական հեղափոխության իրականացման մեխանիզմներ առաջարկո՞ւմ է։
-Կան հիմնադրույթներ, որոնք միտված են, կարծես թե, բեկում մտցնելու, բայց երեւի շատ օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ այդ չափորոշիչները բացակայում են, եւ եթե կան մեկ-երկու ցուցանիշներ, թվեր, անգամ դրանք համաձայնեցված չեն մեկը մյուսի հետ: Իրատեսական նպատակների առումով էլ ծրագիրը լրամշակման կարիք ունի մասնավորապես «աղքատության հաղթահարում» բառակապակցության մասով, որը երբեք հնարավոր չէ որեւէ երկրում, այդ թվում եւ` զարգացած երկրներում։ Աղքատությունը հնարավոր է նվազեցնել, կրճատել, բայց որ հաղթահարել։ Այդպես բավական բառակապակցություններ կան: Այն, ինչ վերաբերում է արժանապատիվ եւ երջանիկ մարդուն. շատ ողջունելի է նման նպատակը, բայց ցանկալի է, որ գոնե մի քանի քայլ նկարագրվի՝ ինչպես ենք հասնելու մարդու արժանապատվության ձեռքբերմանը կամ երջանկությանը մի երկրում, որտեղ կեսից ավելին ե՛ւ աղքատության շեմին են, ե՛ւ թշվառության մեջ են, ե՛ւ աշխատող աղքատներ կան։ Մի քիչ էմոցիոնալ դաշտը իր տեղը պիտի զիջեր սառը տրամաբանությանը։ Չեմ կարծում, որ որեւէ ծրագիր, այդ թվում` ներկայիս ծրագիրը, այնքան անթերի է, որ կարելի է հրաժարվել դիտողություններից եւ բոլորին պիտակներ կպցնելով՝ ասել, որ մենք ամենախելացին ու ամենաշնորհալիներն ենք։ Վարքագիծը, կարծում եմ, վերանայման կարիք ունի։
-Հարկային օրենսգրքով հարկային համահարթեցման սկզբունքն է առաջադրվում։ Սա արդյոք չի՞ սրելու սոցիալական բեւեռացումը։
-Բեւեռացման նման մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, մենք պետք է մտածենք՝ ինչպես մեղմենք այդ տարբերությունը, մեծ վիհը, որ կա հարուստների ու ծայրահեղ աղքատների, թշվառների միջեւ։ Այն դեպքում, երբ գոնե նվազագույն զամբյուղը չի ապահովված այն կենսաթոշակառուների, ովքեր ստեղծել են մեր երկիրը, եւ մինչ այն պահը, երբ չմեռնելու գինը, կենսաապահովման, ոչ թե սպառողական զամբյուղը չի ապահովվել, բարոյական իրավունք որեւէ իշխանավոր չպետք է ունենա իրավունք վերապահել հեղափոխությունից խոսելու: Հեղափոխականները տարբեր ժամանակներում տարբեր երկրներում ապացուցել են, որ իրենք կարող են այդ բեռը վերցնել եւ իրենց կերպարով, իրենց կենսաձեւով բարոյապես չզիջել հասարակության մյուս անհատներին։ Այս դեպքում, կարծես թե, վանում են իրենցից մի խումբ մարդիկ։ Վանելով եւ կղզիանալով, մեկուսանալով… սա լավ նշան չէ։ Ափսոս է այդ ալիքը, որ բարձրացավ, այդ հույսը, որ միգուցե Նոր Հայաստան ենք ձեւավորում։
-Տնտեսական հեղափոխության իրականացումը պայմանավորում են նաեւ քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությամբ, կարեւորվում է տնտեսական ակտիվիստի գործոնը: Ծրագիրը առաջարկո՞ւմ է այդ ակտիվիստին ձեւավորելու ռազմավարություն:
-Եկե՛ք մի պահ հանգիստ թողնենք ծրագիրը, որովհետեւ ծրագիրը կարող է ինչ-որ չափով լավը լինել կամ թերի կողմեր ունենալ, բայց ինձ համար հարցերի հարցը մնում է կադրային քաղաքականությունը եւ այն մարդիկ, ովքեր այսօր ուզում են ներկայացնել հեղափոխությունը: Ես իմ հավատը պահպանում եմ վարչապետի հանդեպ եւ իսկապես անկեղծորեն ոզում եմ, որ ինքը հաջողի: Բայց քանի՞ Նիկոլ Փաշինյան կա կառավարությունում, քանի՞ հոգի են նույն ոգեւորությամբ հավատում իրենց ասածներին եւ փորձում դա իրագործել: Այսպես, ե՛ւ ներդրումների մասով, ե՛ւ բոլոր այդ հիմնադրույթները, որոնք ներառված են, միգուցե մարդը իսկապես հավատում է, եւ միգուցե դրա համար է ամեն գնով փորձում համոզել հանրությանը եւ խորհրդարանին, բայց ես նայում եմ նախարարներին. նախարարների զգալի մասը ոչ միայն չեն տարբերվում նախորդ իշխանություններից, ոչ միայն չեն տարբերվում խորհրդային իշխանություններից, այլ, իմ խորին համոզմամբ, այդ մարդիկ ֆեոդալների կերպարներ են: Թվում է, որ ոչ թե իրենք են մեր տված հարկերով աշխատավարձ ու պարգեւավճարներ ստանում, այլ կարծես պարտական ենք իրենց: Ի դեպ, որոշ իշխանավորներ այդ բառակապակցությունը արել են՝ թող գան ընկնեն մեր ոտերը, հետո տեսնենք` ինչ ենք անում: Սա հորիվածք չէ: Երբ խոսում են ակտիվիստի մասին… Այսպես, ես պասիվ մարդ չեմ իմ երկրում, հավանաբար տեղյակ եք ե՛ւ իմ հրապարակումներին, ե՛ւ իմ գործունեությանը: Սակայն ակտիվության մեջ, երբ չկա հետադարձ կապ, պահանջարկված չէ մասնագիտական ներուժը, մասնագիտական ակտիվությունը, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Եթե, ասենք, գիտության նախարարին նամակ է հղվում, 8 ամիս մենք սպասում ենք այդ նամակի պատասխանին: Կամ գիտությունը կեղեքած մարդկանց թողնում են պատասխանատու պաշտոնների վրա: Մի՞թե մեծ դժվարություն էր մրցույթ հայտարարել եւ ասել՝ բերե՛ք սերնդափոխություն անենք, որովհետեւ գիտությունը ծերացել է. դրա մասին վիճակագրությունն է ասում: Տնտեսական ամբողջ բլոկը չգիտես՝ ինչի է վերածված: Երբ վարչապետը գնում է շուկա եւ լոլիկի գին է հարցնում, նշանակում է` գյուղատնտեսության ոլորտը մեռել է, չկա պատասխանատու: Երբ վարչապետը ամբողջ օրը խոսում է ներդրումների մասին, նշանակում է՝ տնտեսական նախարարություն գոյություն չունի: Իմ գործընկերների հետ միասին առաջարկներ ենք ներկայացրել կառավարություն… բացարձակ քար լռություն: Չտեսնելու ու չլսելու վարքը փոխառել են նախորդ իշխանություններից, սակայն նախորդ իշխանությունների օրոք իմ եւ գործընկերներիս առաջարկները ամրագրվեցին Սահանադրության մեջ:
Զրուցեց Մարիամ Դանիելյանը