Ինչպես են ծանոթ-բարեկամների համար գերատեսչություններ միացրել ու անջատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը դժգոհությունների պատճառ է դարձել: Մարդիկ դժգոհում են առաջին հերթին այն պատճառով, որ այդ օպտիմալացումների հետեւանքով կրճատումներն են լինելու: Ի վերջո, գերատեսչությունների միացման հետեւանքով մեծ թվով անձինք գործազուրկ են դառնալու, եւ սա չէր կարող օբյեկտիվ քննադատության առիթ չդառնար: Սակայն սա հարցի ավելի շատ հուզական կողմն է: Եվ եթե նայենք այն տեսանկյունից, ինչին ուզում է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատկերը կարող է այլ լինել:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպտիմալացումների պատճառ է նշում արդյունավետ կառավարումը եւ գումարները խնայողաբար օգտագործելը: Եվ այդ առումով գաղտնիք չէ, որ կոալիցիայից կոալիցիա կամ այլ քաղաքական որոշումներից ելնելով` ՀՀԿ իշխանության տարիներին գերատեսչություններ են միավորվել, առանձնացվել, նոր մարմիններ են ստեղծվել, ապա փակվել: ՈՒ «զարմանալի զուգադիպությամբ» պետական ապարատն ավելացել է հիմնականում այն ժամանակ, երբ իշխանությունները կոալիցա էին կազմում: Այսինքն՝ այս կամ այն կուսակցությանը կոալիցիոն համագործակցության անվան տակ իրենցով անելիս հատուկ նրանց համար որեւէ նոր գերատեսչություն էր ստեղծվում: Եվ հիմա, երբ նոր իշխանությունները որդեգրել են ծանոթ-խնամի-բարեկամ եռանկյունուց հեռանալու սկզբունք, այդ խնդիրը չունեն:

Օրինակ` մինչեւ 2006 թվականը եղել է Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ապա Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Սա արվեց 2007թ. կոալիցիոն կառավարություն կազմելուց առաջ: Արդեն 2007 թվականին ստեղծվեց առանձին Մշակույթի նախարարություն, որը մինչեւ 2016 թվականը, այսինքն` գրեթե տասը տարի, ղեկավարեց Հասմիկ Պողոսյանը: Գաղտնիք չէ, որ նա ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի մտերիմ ընկերուհին էր, եւ այս պաշտոնը, կարծես թե, հենց նրան բաժին հասավ այդ կապերի շնորհիվ: Եվ միայն 2016 թվականին որոշեցին փոխել հավերժ նախարար Հասմիկ Պողոսյանին:

Իսկ, ահա, նույն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ ստեղծել են` արդեն կոալիցիոն նկատառումներից ելնելով, այն ժամանակ ԲՀԿ-ին գոհացնելու համար: 2008 թվականին ստեղծվեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, եւ այն պարբերաբար ղեկավարել են ԲՀԿ-ականներ կամ անկուսակցականներ, սակայն նշանակվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ պետք է կառավարություն ձեւավորվեր, բոլորի համար էլ պարզ էր, որ այդ պորտֆելը ԲՀԿ-ին է տրվելու:

Կոալիցիոն գործընկերներին պաշտոն տալու շրջանակներում էր նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների անջատումը 2008 թվականին. սա արվեց արդեն Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Ու թեեւ ե՛ւ ֆինանսների, ե՛ւ էկոնոմիկայի նախարարները ՀՀԿ-ական էին, բայց այդ պորտֆելներն առանձնացվեցին կոալիցիոն մյուս երեք կուսակցությունների հետ հավասարակշռություն ապահովելու համար, որովհետեւ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին հարկավոր էր համապատասխան չափի պորտֆել զիջել, եւ ՀՀԿ-ն էլ իրենը պետք է պահպաներ:

Մի կողմ դնելով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտեցումները` կապված Սփյուռքի նախարարության հետ` պարզ է, որ 2008 թվականին, երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, դա էլ արվել էր ՀՀԿ հավատարիմ անդամ Հրանուշ Հակոբյանի համար: Նա պատգամավորական գործունեությունից հետո միանգամից դարձել էր նախարար եւ այդ պաշտոնին մնաց ուղիղ տասը տարի` մինչ թավշյա հեղափոխությունը:

2014-2016 թվականներին գործում էր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, իսկ 2016 թվականին այդ նախարարությունն առանձնացվեց, եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարար դարձավ դաշնակցական Դավիթ Լոքյանը: Եվ սա էլ էր արված քաղաքական նպատակներով, կոալիցիոն հուշագրից հետո անհրաժեշտ էր ՀՅԴ-ին պորտֆելներ տալ` նախարարական եւ մարզպետների, եւ այս նախարարության առանձնացման միջոցով նրանք կարողացան լուծել այդ հարցը:

Էլ չենք խոսում Ֆինանսների նախարարություն-ՊԵԿ հավերժական թեմայի մասին: Այն մեկ միացրին, Գագիկ Խաչատրյանին դարձրին սուպերնախարար, ապա նրա պաշտոնանկությունից հետո անջատեցին, ու նախարարությունը դարձավ առանձին գերատեսչություն, ՊԵԿ-ը՝ առանձին: Եվ դա էլ իր քաղաքական ենթատեքստն ուներ. ՊԵԿ նախագահ մի շրջան` Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, դարձավ Վարդան Հարությունյանը, որը վերջինիս մոտ ընկերն էր, եւ այդ պաշտոնը ստեղծվեց հենց նրա համար:

ՈՒ հատկանշական է փաստը, որ այդ առանձին նախարարությունները ստեղծելիս ամեն անգամ ՀՀ պետական բյուջեի վրա նորանոր բեռ էր ավելանում:

Իհարկե, սա սովորական բան էր նախկին իշխանությունների համար: Նրանք պետական ապարատն ամեն անգամ վերակազմավորել են` այսրոպեական շահից ելնելով: Տարբեր ընտրությունների ժամանակ այդ անձինք, նրանց ընկերները, շրջապատը մեծ ծառայություններ են մատուցել, ձայներ բերել, եւ, իհարկե, այդ ամենն անելու համար իշխանությունը վարձահատույց է եղել` այդ մարդկանց աշխատանքի տեղավորելով կամ այլ աշխատանք կատարելով: Եվ հենց դա է պատճառը, երբ ասում են, որ պետական համակարգում աշխատակազմերն ուռճացված են, կան նույն գործառույթները կրկնող բաժիններ, անգամ հատուկ սուրճ եփողներ: Եվ իշխանության գալով` նոր իշխանությունները սկսել են ուսումնասիրություններ` վեր հանելու եւ օպտիմալացնելու այդպիսի գործառույթներ կատարող բաժինները: Եվ այդ ընթացքում նրանք համոզվել են, որ այդ բաժիններում կան անձինք, որոնք ոչինչ չեն հասկանում իրենց աշխատանքից:

Օրինակ` եղել են դեպքեր, երբ աշխատակիցները, որոնք պետք է ապահովեին համակարգչային աշխատանք, տարրական գիտելիքներ չեն ունեցել, այդ թվում` microsoft word-ով աշխատել չեն կարողացել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս