Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ ժողովրդի գոյատևման համար երաշխիք են ազգային արժեքները: Նա նշել է, որ Տիգրան Մանսուրյանն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և տարիների ընթացքում նրա ստեղծագործությունները հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային բեմերում:
«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներն ու օտարները փոխանցեցին հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին: Նա ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանն իր կյանքի այս փուլում ևս ձգտում է անդադրում ստեղծագործելու՝ հարստացնելով իր երաժշտական ժառանգությունը։ Ավարտին, Վեհափառ Հայրապետն իր աղոթքն է բարձրացրել առ Աստված ու քաջառողջություն ու նորանոր հաջողություններ մաղթել Տիգրան Մանսուրյանին: