ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեժ վիճաբանություն Ակունքում. պարտված թեկնածուն դատի կտա հաղթածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան համայնքապետի արտահերթ և հերթական ընտրություններ: Ակունք գյուղում գյուղապետ ընտրվեց Նիկոլայ Խաչատրյանը:

Սակայն ինչպես պարզվում է, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել: Ձայները հաշվելուց հետո հայտարարել են, որ թեկնածուներից Նորիկ Հայրապետյանը, որը Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուն է, 8 ձայնով առաջատար լինելով` արդեն գյուղապետ է: Դրանից հետո Նիկոլայ Խաչատրյանի վստահված անձինք հայտարարել են, որ սխալմունք է եղել, և Նիկոլայ Խաչատրյանի ձայները մի քանի ձայնով ավել են  Նորայր Հայրապետյանի ստացած ձայներից: Սկսվել է վերահաշվարկ, և Նիկոլայ Խաչատրյանի ձայների միջից մի քանի անվավեր ձայներ են հանել, որոնք ի սկզբանե չեն եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց թեկնածու Նորիկ Հայրապետյանի հետ: Վերջինս ասաց, որ դիմել է տարածքային ընտրական հանձնաժողով` պահանջով, որպեսզի վերաբացվի, քվեաթերթիկները ստուգվեն, հասկանան` ինչ թերացումներ կան: «Եթե դրանից հետո էլ գործընթացը ինձ չգոհացրեց, զգացի ինչ-որ բան էն չի, նոր էդ ժամանակ դատարան կդիմեմ: Հանձնաժողովի մի քանի անդամներ ուղղորդված աշխատել են մեկի համար: Հանձնաժողովի անդամները նախկին ՀՀԿ-ականեր են: Էն ամենաուժեղ կեղծարարը, որը միշտ փայլել է իր այդ վատ որակներով, էլի գտնվում է հանձնաժողովում: Նրա անուն-ազգանունը չեմ հիշում հիմա»,- նշեց թեկնածուն:

ArmLur.am-ի հարցին` ինչ փաստեր ունի, որ ուղղորդված է եղել, թեկնածուն պատասխանեց, որ քվերաթերթիկում պետք է լինի V նշան, բայց եղել է + նշան, եւ դա պետք է անվավեր լիներ:

«Այդ նշանը նկատել է հանձնաժողովի նախագահը եւ չի բարձրաձայնում, որ պետք է դնել քվերակության եւ ձայների մեծամասնությամբ որոշենք` վավե՞ր է, թե՞ անվավեր: Իրենք հենց մտածված միանգամից դնում են ծրարի մեջ ու վավեր են հաշվում: Դա չի՞ նշանակում, որ ուղղորդված է: Վաղը ժամը 2-ից հետո տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի: Կարծում եմ` չի բավարարի որոշումը, եւ ես դատարան կդիմեմ»,- ասաց Հայրապետյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս