ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված: Եթե հաշվի առնենք փաստը, որ Կառավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլեւ վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հոգի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշտոնը նախատեսված է հանել) եւ 6 նախարարներ:
Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեեւ նախարարությունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչեւ հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից` դեռ երկար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի: Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա` ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ եւ անհամաձայնություններ են եղել եւ անգամ հենց իշխող ուժի ներսում։ Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը եւս վերջնականապես որոշված չէ: Եվ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, եւ չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի:

 

 

ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սեւեռելու եւ աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները: Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունը ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հետո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել. նրանք միայն զինված հսկել են մուտքը: Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով եւ ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի եւ դատական կարգադրիչների միջեւ: Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերը մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեեւ բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով` փորձել են օգնել: Դատավորը դժգոհ է մնացել նրանց աշխատանքից, սկսել է հրահանգներ տալ, արագաշարժությունից դժգոհել: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, եւ վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց: Արմեն Խաչատրյանն էլ սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել նրանց: Վեճը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին: Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Խաչատրյանին, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

 

«Թեղուտ» ՓԲԸ նախկին սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունը, ամեն գնով փորձում է խանգարել հանքավայրի շահագործմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցներից Կարեն Միքայելյանը պատմել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը: Դատարանն էլ արգելանք է դրել ԹԲԸ միջոցների վրա: Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն փորձել է վճարել գումարը, սակայն դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից պահանջել է լուծարել ընկերությունը: «Ավելին` պահանջում է, որպեսզի նախկին սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը, իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառել եւ ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել: «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- ասաց Միքայելյանը` հավելելով, որ «Կ-Արաստ» ընկերության փաստաբանները դատարան են գալիս հենց «Վալլեքս»-ին պատկանող մեքենաներով:

 

 

 

ԳՈՎԱՍԱՆՔ՝ ՆՈՒՐԲ ԱԿՆԱՐԿՆԵՐՈՎ
Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության երեկվա զեկույցում առկա շեշտադրումները հետաքրքիր էին: Կազմակերպությունը բավական կոշտ քննադատել է Հայաստանի նախկին իշխանություններին՝ հիշեցնելով, թե ինչպես Սերժ Սարգսյանը փորձեց երկարաձգել իր իշխանավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում, եւ ինչպես դա թավշյա հեղափոխության առիթ դարձավ: «Փաշինյանը ժառանգեց մի երկիր, որն ընկղմված էր կոռուպցիայի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:…Հայաստանյան նախորդ ընտրությունները մթագնվել էին ընտրակաշառքի, քաղծառայողների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներով, ինչը դարձել էր գարնանը սկսված բողոքի ցույցերի պատճառներից մեկը»,- նշված է զեկույցում: Սա, իհարկե, Human Rights Watch-ի կողմից Սերժ Սարգսյանի իշխանության հասցեին առաջին քննադատությունը չէ: Դեռ նրա պաշտոնավարման տարիներին Human Rights Watch-ն ամենամյա զեկույցներում մատնանշել է ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիայի ծավալները եւ այսպես շարունակ:
Human Rights Watch-ի երեկվա զեկույցում մեկ ուշագրավ փաստ էլ կար. այս անգամ նրանք անդրադարձել են նաեւ մարտի 1-ի քրեական գործին՝ շեշտելով, որ «նախորդ իշխանությունների օրոք իրականացված հետաքննությունը միակողմանի էր: Այդ հետաքննության արդյունքում դատարանի առջեւ էին կանգնել միայն ընդդիմադիրները, 52 ցուցարար հայտնվել էր բանտում»: Բացի այդ, նրանք նշել են, որ Հայաստանի նոր իշխանությունները վերակենդանացրին այդ հետաքննությունը` մեղադրանքներ ներկայացնելով երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սահմանադրական կարգը տապալելու համար: «Նախկինում կատարված անիրավությունները հետաքննելիս իշխանությունները պետք է լիովին հարգեն բոլոր ազատազրկվածների իրավունքները եւ երաշխավորեն արդարադատության անկախությունը»,- իր զեկույցում շեշտել է Human Rights Watch-ը:
Այլ կերպ ասած` Human Rights Watch-ը չնայած անխնա քննադատել է նախկին իշխանություններին, փոխարենը դրական արտահայտվել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գործունեության վերաբերյալ, այնուամենայնիվ, նախազգուշացրել է մարտի 1-ի գործով մեղադրյալների իրավունքները հարգելու եւ անկախ արդարադատություն իրականացնելու մասին: Ասել է թե` միջազգային կառույցներն, այնուամենայնիվ, հետեւելու են մարտ 1-ի գործի ընթացքին: Եւ այս առումով նոր իշխանություններն իրենց գործողությունները պարտավոր են խստորեն համապատասխանեցնել օրենքի ոգուն եւ տառին առաջին հերթին հենց ՀՀ հեղինակությանը վնաս չհասցնելու համար:




Լրահոս