«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ:
-Տիկի՛ն Բաղդասարյան, ՀՅԴ-ն շատ կոշտ հայտարարութուններ է անում իշխանությունների մասով: Հրանտ Մարգարյանը ասել է՝ մյուս ընտրություններին այս իշխանություններին տուն կուղարկենք եւ մենք կգանք իշխանության: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կարծում եմ՝ նորմալ է որպես արտախորհրդարանական ընդդիմություն նման կարծիք հնչեցնելը, բայց ինչքանով է տրամաբանական, այստեղ կերկմտեմ ասել՝ հաշվի առնելով այն, որ երեւի թե պարոն Մարգարյանը հիշում է, որ ոչ վաղ անցյալում՝ հեղափոխությունից հետո, իրենք նույնպես 4 ամիս այս իշխանությունների մաս էին կազմում, ունեին նախարարական պորտֆելներ, ունեին մարզպետներ եւ հենց այս իշխանության հետ ներկայացրին համատեղ կառավարության ծրագիր: Այդ դեպքում հարց է ծագում. եթե այս իշխանությունների հետ նման վերաբերմունք կար, ինչո՞ւ էին համագործակցում:
-Պարո՛ն Մարգարյանը դժգոհում էր նաեւ նրանից, որ հանդուրժողականություն չկա: Ցանկացած խոսքից հետո, որը քննադատում է ներկայիս իշխանություններին, սոցիալական ցանցերում ագրեսիվ ֆլեշմոբ է ձեւավորվում: Համաձա՞յն եք սրա հետ: Եվ եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված:
-Տրամաբանական է, որ ցանկացած մոտեցում եւ ցանկացած արտահայտություն, որն իր մեջ ատելության խոսք է ներառում, պետք է քննադատվի: Հասարակության կողմից նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ նույն հասարակությունը ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն տվել է այս իշխանություններին: Նշանակում է՝ հասարակությունը վստահում է օրվա իշխանություններին եւ այդ քննադատություններին էլ հենց հասարակությունն է արձագանքում, այլ հարց է, որ ատելությունը իսկապես շատ է:
-Հրանտ Մարգարյանի խոսքով՝ մարդիկ օգտվեցին հասարակության արդարացի դժգոհությունից, եւ նման փոփոխություն տեղի ունեցավ: Բայց հիմա նրանք չեն արտահայտում ժողովրդի կամքն ու ոչինչ չեն անում ժողովրդի ցանկությունները իրագործելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Կարծում եմ, որ այդ մարդկանց տեղը լիարժեքորեն կարող էր զբաղեցնել Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը բոլոր լծակները ուներ նախկինում այս հեղափոխությունը իրականացնելու: Իսկ կոշտ դիրքորոշումները պարզապես պայմանավորում եմ նրանով, որ այսօր ՀՅԴ-ն չկա խորհրդարանում, եւ ես ընդամենը հույս եմ հայտնում, որ փոխգործակցությունները կլինեն կառուցողական հիմքի վրա:
-Բացառո՞ւմ եք, որ նրանք իրոք ինչ-որ մտահոգություններ ունեն:
-Չեմ բացառում, որ մտահոգություններ կան: Արդարացնել չեմ կարող, որովհետեւ ես, լինելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, հավատում եմ փոփոխությունների ուժին: Իսկ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն իշխանություն էր, այժմ ընդդիմություն է, մեկ բան կարող եմ ասել, որ չի բացառվում, որ հետագայում կրկին իշխանություն կլինի եւ ներկայիս իշխանությունների հետ համագործակցության եզրեր կգտնի:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՅԴ-ում երդվում են զենքի վրա` մտավախություն չունե՞ք:
-Եթե դուք ենթատեքստում ուզում եք ունենալ, որ զենքի ուժող ինչ-որ գործողությունների հասնեն, կարծում եմ, որ այդքան երկար տարիների կյանք ունեցող քաղաքական ուժը բավականին խոհեմություն ունի, եւ չեմ մտածում, որ ինչ-որ ծայրահեղ քայլերի կգնա, ավելին՝ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, որ Հայաստանում իրավիճակը դա է թելադրում, եւ տրամաբանական չի լինի, որ որեւէ քաղաքական ուժ 70 տոկոս ժողովրդի դեմ զենք բարձրացնի:
-Հիշենք, որ ՀՅԴ-ից կան ներկայացուցիչներ, որոնք քաղաքական ահաբեկչություն անելու հոդվածով դեռ կալանավորված են: Սա մտավախություն չի՞ առաջացնում:
-Այնուամենայնիվ, ինչը վերաբերում է հայացքներին եւ մոտեցումներին, կարծում եմ` այդ ժամանակաշրջանում թույլ չտալով ինձ այս դեպքում քաղաքական գնահատական տալ` ինչ-որ մոտեցումներ ունեցել են: Կարծում եմ՝ այսօրվա հրամայականն ու մոտեցումները իսկապես այլ են:
-Ծանո՞թ եք արտախորհրդարանական ընդդիմությանը: Ի՞նչ կարծիք ունեք:
-Ես մի անգամ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու: Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ ընդդիմություն, ապա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է խիստ անհանգստացած լինի իրավիճակով, որ ունենա միասնական ճակատ: Մինչդեռ մենք խորհրդարանում տեսնում ենք, որ ընդդիմությունը պայքարում է իրար մեջ: Կարծում եմ՝ այս դեպքում հարկ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ կարողանա ինչ-որ քայլեր ձեռնարկել: Եվ եթե մենք իսկապես ուզում ենք իշխանություններին հակակշիռ ունենալ, լավ կլինի, որ ընդդիմադիր ուժերը ինչ-որ հստակ տեսլականներով հանդես գան, որը իսկապես զսպում կլինի նաեւ օրվա իշխանությունների հետ:
-Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, որ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ոչ թե քննադատում են իշխանությանը, այլ իրար, եւ իրար դեմ են պայքարում:
-Տրամաբանական կլինի, որ այդ հարցը իրենց ուղղեք: Բայց հուսամ, որ այդ մոտեցումները մոտ ապագայում կվերանայվեն, որովհետեւ իշխանություններին իսկապես պետք է հակակշռել, պետք է զսպիչ մեխանիզմներ գործեն, եւ սահամանդրությունը երաշխավորել է մեկ երրորդ տոկոս ընդդիմություն, որպեսզի կարողանան հակազդել իշխանություններին: Թե ինչով է պայմանավորված այս վարքագիծը, ես կդժվարանամ ասել: Հույս հայտնում եմ, որ այդպես կլինի, որովհետեւ դա բխում է ժողովրդի շահերից: Որեւէ իշխանություն, երբ որ չունի հակազդման մեխանիզմներ, երբ որ ուժերը հստակ քաղաքական, ծրագրային օրակարգով հանդես չեն գալիս, իրավունք ունի շեղվելու:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԵՄ-ԻՑ ՍԿՍԵԼ ԵՆ ՓՈՂ ՏԱԼ
Երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկն առաջիկա տարիներին շուրջ 13 միլիարդ եվրո կտրամադրեն Արեւելյան գործընկերության ծրագրին մաս կազմող վեց պետություններում, այդ թվում` Հայաստանում, ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Կոնկրետ Հայաստանին այդ գումարից կտրամադրվի 700 մլն եվրո գերազանցապես ավտոճանապարհների վերանորոգման համար:
Հատկանշական է, որ Հայաստանին ԵՄ-ի ու ՀԲ-ի կողմից 700 մլն գումար հատկացնելու մասին հայտարարվեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ մեզանում ամբողջական իշխանափոխությունն այլեւս իրողություն է: Սա, թերեւս, պատահական չէ: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում դեռ մեծամասնություն էր, բայց երկրի վարչապետ դարձել էր Նիկոլ Փաշինյանը, Բրյուսել այցից հետո նա դժգոհել էր եվրոպացի գործընկերներից` ասելով, թե ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում: «Հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում»,- ասել էր Փաշինյանը:
Այստեղ հատկանշական է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ անցկացնելու հանգամանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորում էր գործարարների մոտ սպասողական վիճակով եւ այն հանգամանքով, որ շատերը ռիսկեր են տեսնում Հայաստանի հետ համագործակցության մեջ, քանի որ անորոշ իրավիճակ է։ Եվ այդ ընթացքում շատերն էին փորձում հերքել վարչապետին, մատնանշել, թե այդ ամենը կապ չունի ներդրումների աճի կամ համագործակցության հետ։
Հիմա ստացվում է՝ ընտրությունների եւ նոր խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո այսպիսի նորություն է հայտնի դառնում, որը եւս չի կարող պատահական լինել։ Ենթադրվում է՝ առաջիկայում միջազգային կառույցները կավելացնեն ՀՀ-ին տրամադրվող օժանդակության չափերը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ԴԵՄ
Երեկ Ազգային ժողովի նիստը սովորականից երկար տեւեց։ Ժամը 18։00-ին մի քանի րոպե շուտ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկուկես ժամով երկարաձգել աշխատանքները։ Եվ հետաքրքիր է, որ երկու պատգամավոր դեմ էր քվեարկել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու պատգամավորներն էլ իշխող ուժի խմբակցությունից են՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Անուշ Բեղլոյանը։
ԵՐԿՆՔԻՑ ԻՋԱԾԸ
Երեւանի քաղաքապետարանի կայքէջում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի անվան դիմաց ոչինչ չկա, դատարկ է: Երիտասարդ թաղապետի կենսագրական տվյալները դեռ չկան` չնայած այն բանին, որ նա հոկտեմբերի 27-ից նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Սա, իհարկե, պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել էր Կարապետյանի կենսագրությունը եւ պարզել, որ նա որպես այդպիսին կենսագրություն պարզապես չունի: Նախքան թաղապետի պաշտոնը զբաղեցնելը «գործազուրկ» է եղել: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր Կարապետյանից, թե իր կենսագրական տվյալներում ինչու է բացակայում աշխատատեղերի հետ կապված տեղեկությունը, նա արձագանքել էր, թե ինքը բիզնեսով է զբաղվել, միայն թե իրականում ոչ թե բիզնես է ունեցել, այլ կարճ ժամանակ «շաուրմայանոցում» է աշխատել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ փորձել է Կարապետյանին նշանակել այդ պաշտոնին, խնդիրներ են առաջացել: Բանն այն է, որ Կարապետյանի կենսագրական որոշ տվյալներ չեն համապատասխանել այն չափանիշներին, որոնցով նշանակվել է այդ պաշտոնին: Սա դեռ ամենը չէ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում եւս բացակայում է նրա ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը: Ի դեպ, Դավիթ Կարապետյանը համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները: Ստացվում է՝ նոր իշխանությունները, բանիմաց կադրերին թողած, պաշտոն են վստահում միայն իրենց ծանոթ-բարեկամներին: Համենայնդեպս, Կարապետյանի դեպքն այդ մասին է խոսում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականին հունվարի 15-ին Մարգարիտա Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին որոշումը անվավեր ճանաչի: Ասել է թե` Սերժ Սարգսյանը հրաժարական տալուց առաջ կոնկրետ անձանց մերժել է քաղաքացիությունից դուրս գալու հարցով, եւ հիմա այդ անձինք դատի են տվել նրան` պահանջելով, որ նրա կայացրած որոշումները դատարանը անվավեր ճանաչի: