«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը, որը նաեւ ԲԴԽ անդամ է, վերջերս վիճաբանել է դատական կարգադրիչների հետ: Բանը հասել է այնտեղ, որ դատավորը հայհոյել է կարգադրիչներին:
Այն, որ դատական համակարգում ԲԴԽ անդամ լինելը ունի իր առավելությունը, մասնավորապես, որ ԲԴԽ անդամ դատավորը ավելի շատ է վարձատրվում եւ շատ այլ հարցերում արտոնություններ ունի, գաղտնիք չէ ոչ ոքի: Սակայն պարզվում է` ԲԴԽ անդամ դատավորները փորձում են նաեւ իրենց դիրքն օգտագործել ուրիշների նկատմամբ իրենց առավելությունն ընդգծելու, նաեւ յուղոտ պաշտոնների տեղավորվելու համար:
Մասնավորապես, Ռուզաննա Հակոբյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր էր, իսկ ավելի ուշ ընտրվեց ԲԴԽ անդամ: Դրանից հետո դատավորի կյանքը «գլխիվայր շուռ եկավ». նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: Այսքանով շարքը չի ավարտվում. ԲԴԽ անդամ լինելը նաեւ լուսավորեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի գործունեությունը: Նա ԲԴԽ անդամ լինելուց հետո ընտրվեց նոր ստեղծված Սնանկության դատարանի դատավոր: ԲԴԽ անդամ լինելը նաեւ մեծ հաջողություններ բերեց դատավոր Անի Մխիթարյանին. նա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ՀՀ վերաքննիչ դատարան:
Սակայն նկատենք, որ ԲԴԽ անդամ դատավորները այն աստիճան են ոգեւորվել իրենց առաջխաղացումից, որ մոռացել են իրենց տեղն ու դերը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը դիմել է դատարանի դատական կարգադրիչներին, որ օգնեն գրասենյակի իրերը մեկ սենյակից մեկ այլ սենյակ տեղափոխելու հարցում: Դատական կարգադրիչները, դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով, չնայած նրան, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, կատարել են այդ քայլը:
Դատարանում տարածված լուրերի համաձայն` դատավոր Արմեն Խաչատրյանը սկսել է կարգադրիչներին հրահանգներ տալ՝ «այսպես արե՛ք, այնպես արե՛ք, արագացրե՛ք», հետո դժգոհել է նրանց արագությունից: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, եւ վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց:
Այս հանգամանքը դուր չի եկել դատավոր Արմեն Խաչատրյանին: Նա սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել կարգադրիչներին: Դատավոր Խաչատրյանի եւ կարգադրիչների խոսակցությունը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին, դատավորի ու կարգադրիչների միջեւ սկսվել է վիճաբանություն:
Արդյունքում այս ամենից վրդովված շուրջ 10 դատական կարգադրիչները հայտնվել են անելանելի դրության մեջ` չիմանալով, թե ինչ անեն իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ տեղեկության իսկությունը պարզելու նպատակով դիմեց ԲԴԽ անդամ դատավոր Արմեն Խաչատրյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ինչեւէ, կատարվածի շուրջ մեկնաբանության համար դիմեցինք դատական դեպարտամենտ, թե արդյոք նրանք տեղյակ են կատարվածից, եթե այո, ապա ինչ ընթացք են տվել կատարվածին: Ի պատասխան` Դատական դեպարտամենտից հայտնեցին. «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում նման տեղեկատվություն առկա չէ»: Հուսանք` մեր այս հրապարակումը հիմք կլինի ԲԴԽ-ի համար, որ արտոնյալ դատավորներին բացատրեն իրենց գործառույթներն ու գործողությունները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող, օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձեւավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու եւ հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:
Արդյունքում 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերեւակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ:
Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել եւ Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Այսպիսով, Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Իրավապահները պնդում են, թե Հարությունյանն իրենց տեսադաշտում է: Ըստ մեր տեղեկությունների` այն բանից հետո, երբ հոտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում խոշոր կաշառքի գործով պատգամավոր կկալանավորվի, Արամ Հարությունյանը փորձել է ճողոպրել ՀՀ-ից: Սակայն նրան թույլ չեն տվել լքել երկիրն անգամ դիվանագիտական անձնագրով` մտավախություն ունենալով, որ այսպես կթաքնվի նախաքննությունից: Հետո Հարությունյանը փորձել է ՀՀ-ի ներսում թաքնվել. հիմա նա չի բնակվում այն հասցեում, որտեղ գրանցված է, բայց իրավապահները պնդում են՝ Հարությունյանն իրենց տեսադաշտում է, ու որպեսզի խուզարկություն անեն, կալանավորեն, հայտարարվել է հետախուզում:
Ք. Մ.
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՌԱՐԿԵԼ
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ստացել է դատախազության վերաքննիչ բողոքը եւ պատրաստվում է առարկել ներկայացված բողոքի դեմ: Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Արմեն Գեւորգյանը 2008թ. հայտնի գաղտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26-ում` Գեւորգյանը պատասխանել է. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանեմ, ով որ հրապարակել է, իրենից էլ հարցրե՛ք»: Ճշտող հարցին` դուք շտաբի անդամ եղե՞լ եք, Գեւորգյանը արձագանքել է. «Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ…: Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում. երբ որ կավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար:
ՑԱՆԿ
Կառավարության որոշմամբ սահմանվել է զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը, նաեւ դատական կարգադրիչներին հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ դատական կարգադրիչներին կտրվեն հետեւյալ հատուկ միջոցները` ձեռնաշղթա, ոտնաշղթա, ռետինե մահակ, էլեկտրահարող սարք: Ընդ որում, ծառայության պետը, պետի տեղակալները, բաժնի պետը կարող են կրել ծառայողական կարճ ակոսափող զենք, իսկ բաժնի պետի տեղակալը, հերթապահ ավագ դատական կարգադրիչը եւ դատական կարգադրիչը` գազային զենք:
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փոխանցմամբ` բացահայտվել եւ կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաեւ ոստիկանության մարզային վարչության աշխատակից: «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառտնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրսբերում եւ վաճառք, որի դիմաց Հայաստանի տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել եւ ստացել է ավելի քան 300 հազար դրամ կաշառք: Միեւնույն ժամանակ Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել եւ փոխանցել է 150 հազար դրամ կաշառք: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի: