ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը բաց նամակով դիմել են ԲԴԽ անդամներին: Ներկայացնում ենք նրանց նամակը` որոշակի կրճատումներով:

«2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով` սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով` ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները եռաստիճան դատական համակարգի միջոցով, եւ որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր` հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը»,- նշված է նամակում: Հիշեցնելով, որ 2018թ. փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին ԱԺ-ն ընտրեց ԲԴԽ անդամների, այդ թվում` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորները նշել են. «ՀՀ դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ նշված հոդվածի պահանջների հաշվառմամբ:
Նման ընդհանրական դրույթ նախատեսված է նաեւ Օրենսգրքի 86-րդ հոդվածում, որը կարգավորում է բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը եւ կասեցումը: Ընդ որում, հոդվածի 1-ին մասը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հղում է կատարում Օրենսգրքի 20-րդ գլխին՝ նշելով, որ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները դադարում են նույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Անհրաժեշտ է նշել, որ որեւէ տարբերակում չկա այն մասով, թե ԲԴԽ անդամը ընտրված է ՀՀ Ազգային ժողովի, թե Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
Մասնավորապես, Օրենսգրքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաեւ, եթե լրացել է նրա 65 տարին:
Վերը նշվածից բոլորի հոդվածների համակարգային վերլուծությունից եւ համադրումից հետեւում է, որ Օրենսգրքի 160-րդ հոդվածը կիրառելի է ինչպես Դատավորների ընդհանուր ժողովի, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների նկատմամբ: …Չնայած դրան՝ այս պահին գործող ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ՝ Գագիկ Գարուշի Հարությունյան /ծնված՝ 23.03.1948 թվականին/, որի լիազորությունները Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով` պետք է դադարած լինեին՝ նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված:
Ընդ որում` Գագիկ Հարությունյանը հանդիսանում է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, եւ նշված անձի նկատմամբ կիրառելի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 87-րդ հոդվածի 1.1. կետի համաձայն` նրա` որպես բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նրա՝ որպես բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում: Հաշվի առնելով վերը նշված օրենսդրական նորմերի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված դրույթի պահանջները՝ խնդրում ենք «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով` անհապաղ հայտարարություն տարածել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով լիազորությունները դադարելու վերաբերյալ»:

 

 

«ԾԵՐ ՍԻՆՅՈՐԱՆ»` ԻՏԱԼԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Հունվարի 16-ին Ջիդդայի «Աբդուլլահ» մարզադաշտում տեղի ունեցավ Իտալիայի Սուպերգավաթը: Ստադիոնում ասեղ գցելու տեղ չկար, գրեթե 63 հազար երկրպագու, որոնցից լսվում էին բացականչությունները`«Forza Milan», «Forza Juve»… Իտալիայի ամենահեղինակավոր ակումբներից երկուսի պայքարում ուժեղ էին «Բիանկոներիները»: Չնայած որ խաղում գրանցվեց ընդամենը մեկ գնդակ, դա չի փաստում, որ հանդիպումը ընթանում էր հավասար պայքարում: «Յուվեն» ավելի շատ էր տիրում գնդակին (62%-ը 38%-ի դիմաց), ավելի շատ էր գրոհում եւ ստեղծում վտանգավոր պահեր, եւ այդ առավելությունն էլ հանդիպման 61-րդ րոպեին արդյունք դարձրեց Կրիշտիանու Ռոնալդուն: 1-0. Ռոնալդուն թուրինցիներին պարգեւեց պատմության 80-րդ տիտղոսը եւ 8-րդ Սուպերգավաթը, որով էլ «Յուվեն» շրջանցեց հենց միլանցիներին:

Հանդիպման հենց մեկնարկից թուրինյան ակումբը ուներ առավելություն, եւ արդեն խաղի չորրորդ րոպեին Դուգլաս Կոստան կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն բրազիլացու պտտեցրած հարվածը փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից: Առաջին խաղակեսի ընթացքում թուրինցիները դաշտի կենտրոնում փոխանցումներ կատարելիս շատ էին սխալվում, ինչն էլ թիմի դարպասին վտանգավոր հակագրոհներ էր բերում, սակայն «Միլանի» ֆուտբոլիստները այդպես էլ չէին կարողանում հակագրոհը տրամաբանական ավարտին հասցնել. վերջին փոխանցումը միշտ սխալ էր ստացվում: Հանդիպման հաջորդ վտանգավոր պահը տեղի ունեցավ խաղի 17-րդ րոպեին. Ժուաու Կանսելուի հարվածից հետո գնդակը սուրաց դարպասաձողի կողքով: Առաջին խաղակեսի միջնամասում իր հնարավորությունը ստացավ նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն. պորտուգալացու կիսաշրջադարձ հարվածը միայն հրաշքով չհայտնվեց դարպասում: «Միլանը» ինչքան էլ որ փորձում էր հավասարեցնել խաղը, միեւնույն է, «Յուվեն» խաղամակարդակով գերազանցում էր մրցակցին: Առաջին խաղակեսում Ալեգրիի սաները, ունենալով առավելություն, ի վերջո, հանդիպման 35-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Բանտին չհաշվեց Մատիուիդիի գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ: Այս դրվագը վերջին վտանգավոր պահը եղավ առաջին խաղակեսում. խաղի կեսից հետո լուսատախտակին վառվում էր 0-0 հաշիվը:
Իտալական կլասիկոյի երկրորդ խաղակեսը շատ լավ մեկնարկեցին «Ռոսոներիները», եւ արդեն խաղի 48-րդ րոպեին Պատրիկ Կուտրոնեն «կրակեց» դեպի «Յուվեի» դարպասը, Շեսնուն օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը: Սա միլանյան ակումբի առաջին գոլային պահն էր, որը այդպես էլ մնաց վերջինը, իսկ ահա մրցակիցները, քիչ-քիչ մեծացնելով առավելությունը, հանդիպման 61-րդ րոպեին կարողացան բացել խաղի հաշիվը: Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նկատենք, որ այս դրվագում մեղավորության իրենց բաժինն ունեին թե՛ պաշտպանները, թե՛ դարպասապահ Ջիջի Դոննարուման: Ռոնալդուին աչքաթող անելը միշտ էլ ճակատագրական է դառնում, ինչը իրենց մաշկի վրա զգացին միլանյան թիմի ֆուտբոլիստները: Գոլից հետո խաղի ղեկը ամբողջովին անցավ «Յուվեի» ձեռքը: Հանդիպման 74-րդ րոպեին Ֆրանկ Կեսսիեն ուղղակի չկարողացավ տիրապետել իրեն եւ կոպիտ խախտմամբ գետնին տապալեց Էմրե Ջանին: Լիվորնոցի մրցավար Լուկա Բանտին, օգտվելով VAR համակարգից, ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց Կեսսիեին` «Միլանին» թողնելով տասը ֆուտբոլիստներով: «Միլանն» այդպես էլ ուշքի չեկավ, եւ հանդիպումն ավարտվեց թուրինցիների նվազագույն առավելությամբ:
Այսպիսով, «Յուվեն» նվաճում է Իտալիայի Սուպերգավաթը, շարունակում է Իտալիայում մնալ անպարտելի, Ռոնալդուն խփում է եզրափակիչներում իր կարիերայի 19-րդ գոլը, իսկ «Միլանում» իրավիճակը գնալով սրվում է. թիմի ղեկավարությունը փնտրում է նոր մարզիչ իրավիճակը փոխելու համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՊԱՀԱՆՋԵՑ 6 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով մեղադրողը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը, հանդես եկավ մեղադրական ճառով: Նրա մեղադրական ելույթը տեւեց ավելի քան երեքուկես ժամ: Նա անդրադարձավ քրեական գոծով վկաների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասություններին: Նա դատավոր Զոյա Զաքինյանին մեղադրեց կանխակալ վերաբերմունքի մեջ այն բանի համար, որ դատավորը մերժել է մեղադրողի ներկայացրած մի միջնորդությունը: Նա իր ելույթի ավարտին դատարանին միջնորդեց Գերասիմ Մարդանյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, 3 տարի ժամկետով նրան զրկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Ժ. Սիմոնյանի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը այդ նիստի ընթացքում չհասցրեց ելույթ ունենալ: Գերասիմ Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի համարում, սույն քրեական գործը համարում է կեղծ, շինծու:

 

 

ՀՈՐ ՆՄԱՆ
Հունվարի 16-ին` ժամը 13.55-ի սահմաններում, Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է Բարեկամավանի բնակիչ, 1988թ. ծնված Արման Խալաթի Միքայելյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պոկվել է նրա աջ ոտնաթաթը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ Արմանը 3-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած չէ, նրա մայրը մահացած է: Նկատենք, որ զարմանալի զուգադիպությամբ Արմանի հայրը ականի պայթյունից 1994թ.-ին Բարեկամավանի սահմանագոտում վիրավորվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս