«ԳՐԱԶ ԷԻՆ ԵԿԵԼ՝ ԵՍ ԳԵՎՈՅԻ ԿԻՆՆ ԵՄ, ԹԵ ՈՉ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը, նույն ինքը՝ Պաուզա Անոն, որը նկարահանվում է «Ազիզյաններ» սիթքոմում: Վերջին շրջանի նրա մասնակցությամբ հաջողված նախագծերից մեկն էլ «Սուպեր մամա-2» կինոկատակերգությունն էր: Մենք բացահայտել ենք դերասանուհու բնավորության՝ քչերին հայտնի գծեր, վերջինս խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների եւ այլ թեմաների շուրջ: Մեր զրուցակիցը տվել է անկեղծ եւ բաց պատասխաններ, ներակայացել է բոլորովին նոր, հետաքրքիր ռակուրսից:

-Տիկի՛ն Նարինե, Ձեր օրը սովորաբար սկսում եք…
-Մեկ գավաթ սուրճ ըմպելով եւ մայրիկիս համբուրելով: Դա, կարելի է ասել, օրինաչափություն է (ծիծաղում է):
-Սնահավա՞տ եք: Ձեզ համար էակա՞ն է՝ կարեւոր հանդիպումից առաջ ում կտեսնեք, կամ ինչ գույնի կատու կանցնի Ձեր ու Ձեր ընկերոջ մեջտեղով:
-Ո՛չ, բացարձակ սնահավատ չեմ, չեմ հավատում «չար աչք» հասկացությանը: Կարծում եմ՝ ամեն բան մարդու ձեռքերում է:
-Ո՞րն է Ձեր սրտի եղանակը, ե՞րբ եք զգում «ինչպես ձուկը ջրում»:
-Գարնանը: Շատ եմ սիրում այդ ծաղկունքը, զարթոնքը: Ճիշտ է՝ ֆիզիկապես այդ եղանակին ինձ լավ չեմ զգում, բայց հոգեպես ինքնազգացողությունս բավական լավանում է: Երբ ծառերը ծաղկում են, ես արդեն երանության մեջ եմ: Հրաշք է դա:
-Էությամբ հաճա՞խ հիասթափվող տեսակ եք:
-Չէի ասի, ոչ այնքան:
-Կարծիք կա, որ Դուք բավական կոնֆլիկտային անձնավորություն եք, այդ մասին անգամ լեգենդներ են պտտվում: Ի վերջո, Դուք հերքո՞ւմ, թե՞ հաստատում եք դա:
-Չկա նման բան: Ես ինձ համարում եմ ոչ կոնֆլիկտային, բարի մարդ: Իհարկե, եթե շատ զայրացնեն, ինչպես բոլորը, ես էլ կարող եմ ափերից դուրս գալ:
-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար ժամանակահատվածը, ինչի՞ հետ է կապված եղել այդ փուլը:
-Դա կապված է եղել աշխատանք չունենալու հետ: Մինչեւ «Սուպեր մամա-2» ֆիլմում նկարահանվելը 4-5 տարի պարապուրդի էի մատնված: Իսկապես, դժվարին ժամանակներ էին:
-Հուսահատության պահերին ի՞նչ եք անում, ինչո՞վ եք մխիթարվում:
-Գլուխս դնում եմ մորս գիրկն ու պառկում եմ: Այսքան մեծ եմ, բայց այդ սովորությունից չեմ հրաժարվել:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Իմ անձի շուրջ ինչ բամբասանք ասես, որ չի պտտվել ամենատարբեր ժամանակներում: Բայց ամենազվարճալին այն էր, որ ասում էին, թե իբր հումորիստ, դերասան Գեւոյի առաջին կինն եմ եղել: Անգամ ինձ մտերիմ մարդկանցից մեկը գրազ է եկել մեկի հետ, որ նման բան չկա ու, երբ ես հատատել եմ դա, 200 դոլար գումար է գրազով շահել ( ծիծաղում է): Ախր ես ոնց կարող էի Գեւոյի կինը լինել, նախ՝ նա տարիքով բավական մեծ է ինձնից, բացի այդ՝ այդ մարդը միշտ ունեցել է մի կին՝ Գայանեն:
-Ձեզ կարելի՞ է քինախնդիր, վրեժխնդիր մարդ համարել:
-Օ~, ոչ իհարկե: Մեկի հետ որ վիճում եմ, հինգ րոպեից մոռանում եմ, կարող է նույնիսկ զանգեմ, նորմալ զրուցեմ:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե կինը ցանկանա, կարող է անգամ…»
-Սարեր շուռ տալ: Կինն է տղամարդուն տղամարդ դարձնողը: Կինն ու սատանան մեկ են:
-Համաձա՞յն եք, որ կյանքում ամեն լավ բան պատահաբար է տեղի ունենում:
-Այո, միանշանակ, իմ կյանքում էլ է այդպես եղել:
-Պարզեցինք, որ կոնֆլիկտային չեք, բայց, այնուամենայնիվ, Ձեզ հունից հանելը հե՞շտ է, թե՞ դժվար, եթե, ասենք, ինչ-որ մեկը շատ դա ցանկանա:
-Իմը ոչ թե համբերության բաժակ է, այլ տակառ, բայց Աստված մի արասցե, եթե այն լցվեց, աղետ կլինի, թող լցնողը թողնի ու փախչի:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց…
-Մայրիկիս:
-Տանը կենդանի պահու՞մ եք:
-Այո, շուն ունենք, որն արդեն 16 տարեկան է, մեր տան հրաշքն է:
-Ձեզ կարելի՞ է համարել հաճախ փոփոխվող տրամադրությամբ մարդ: Ի՞նչը կարող է ազդել Ձեր տրամադրության վրա:
-Ես այն մարդկանցից չեմ, որոնց տրամադրությունը եղանակի պես փոփոխվում է: Ես կարող է շատ վատ տրամադրությամբ տնից դուրս գամ, բայց ոչ ոքի դա ցույց չտամ: Դրսում իմ տրամադրությունը միշտ բարձր է, իսկ թե ինչ է տեղի ունենում իմ ներսում, միայն ես գիտեմ:
-Ո՞ր տեսակի մարդկանցից եք մշտապես խուսափում:
-Լպրծուն մարդկանցից, դավաճաններից, վատ աուրայով մարդկանցից:
-Ո՞րն է Ձեզ համար աշխարհի ամենալավ տեղը:
-Մոսկվան. այդ քաղաքը շատ եմ սիրում: Երեւի կրկնվեմ, բայց, եթե խոսքը քաղաքի մասին չէ, ապա իմ ամենասիրելի տեղը մորս գիրկն է:
-Իմ հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:
-Բոլորն էլ լավն էին, բայց կառանձնացնեմ սիրելի եղանակի մասին հարցը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ՍԻԼՎԱՅԻ ՄԱՅՐԱՆԱԼԸ ՍՊԱՍՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է»

«Սիլվայի հղիությամբ պայմանավորված՝ մենք հնարավորինս դադարեցնում ենք համերգային շրջագայությունները: Մեկ-երկու կորպորատիվի գուցե մասնակցի, բայց ծանրաբեռնված համերգները բացառվում են»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհու պրոդյուսեր եւ նրա հայրիկ Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ապագա մայրիկը, հաշվի առնելով իր կարգավիճակը, կպասիվացնի գործունեությունը շոու-բիզնեսում:

Պարոն Հակոբյանի խոսքով, սակայն, Սիլվան երկար ժամանակով երգարվեստի բնագավառից չի բացակայի. «Երեխայի ծնվելուն պես նա կվերադառնա ակտիվ կյանք: Իսկ երգարվեստի ներկայացուցիչներից ո՞վ է կորչում ծնող դառնալուց հետո… Այդպիսի բան չի լինի…»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ երբ է լույս աշխարհ գալու Սիլվայի փոքրիկը: Պարզվում է՝ օգոստոսին, իսկ երեխայի սեռի մասին ապագա պապիկը գերադասեց չխոսել:
Նա տեղեկացրեց, որ մինչեւ բալիկի ծնունդը Սիլվան, այնուամենայնիվ, որոշակի գործունեություն կծավալի, անպայման կներկայանա նոր երգերով, կմասնակցի փոքրիկ, արտիստից ոչ մեծ ֆիզիկական ջանքեր պահանջող միջոցառումների:
«Սա իսկապես սպասված իրադարձություն է մեր ընտանիքի համար»,-ասաց պարոն Հակոբյանը:
Մենք հետաքրքրվեցինք՝ արդեն «ստաժավոր» կամ, ինչպես ինքն է ասում, «բազմազավակ պապիկը» ինչ զգացողություններ ունի հերթական թոռնիկի ծնունդին ընդառաջ. «Աննկարագրելի ապրումներ են, բառերով չես ասի, միայն կասեմ, որ դա իմ վաղեմի ցանկությունն է, Աստված առաջ, շուտով այն իրականություն կդառնա»,-պատասխանեց պարոն Հակոբյանը:
Նշենք, որ օրերս լրատվամիջոցները ողողվեցին Սիլվա Հակոբյանի հղիության մասին լուրերով: Այդ մասին առաջինը Հակոբ Հակոբյանը լրագրողներին հայտարարել է Մոսկվայում` «Տաշի շոու»-ի կուլիսներում:
Հիշեցնենք, որ Սիլվա Հակոբյանն ամուսնացել էր 2017 թվականի հունիսին: Երգչուհու ամուսինը Նորայր Մանուկյանն է, նա Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից է, երգչուհու դասընկերն է:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տոնեց Կանադայի ներկայացուցիչ Էժենի Բուշարի նկատմամբ: 1 ժամ 10-ը րոպե տեւած պայքարում Ուիլյամսը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 6:2 հաշվով: Չորրորդ շրջանի ուղեգրի համար ամերիկուհի Ուիլյամսը մրցելու է ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայայի հետ:

 

 

ԿԱՅԱՑԵԼ Է 8 ՀԱՆԴԻՊՈՒՄ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում երեկ կայացել է 8 հանդիպում:
Ձեզ ենք ներկայացնում հանդիպումների արդյունքները`
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»-«Նյու Օրլեան Պելիկանս»` 147:140
«Հյուսթոն Ռոկետս»-«Բրուկլին Նետս»՝ 142:145
«Դետրոյտ Պիստոնս»-«Օրլանդո Մեջիկ»՝ 120:115
«Մմեֆիս Գրիզլիզ»-«Միլուոկի Բակս»՝ 101:111
«Բոսթոն Սելտիկս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 117:108
«Դալաս Մավերիկս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 101:105
«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»-«Կլիվլենդ Կավալյերս»՝ 129:112
«Լոս Անջելես Կլիպերս»-«Յուտա Ջազ»՝ 109:129

 

 

ԿԻՍՈՎ ՉԱՓ «ԱՏԼԵՏԻԿՈՅՈՒՄ»
Մադրիդի Ատլետիկոն լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով: Տրանսֆերը ամենայն հավանականությամբ կկայանա մյուս շաբաթ: AS-ի եւ Marca-ի փոխանցմամբ` Մորատայի գործարքի մեջ կներառվեն Նիկոլա Կալինիչն ու Ժելսոն Մարտինշն, ովքեր մադրիդյան թիմից կտեղափոխվեն Անգլիայի մայրաքաղաք:




Լրահոս