Հայաստանում քաղաքական եւ իրավապահ ու իրավապաշտպան կառույցները շարունակում են քննարկել հարցը, թե ինչպես է գործարար Սամվել Մայրապետյանին հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որոշման կայացման հասնել այսքան սեղմ ժամկետում։
Հիշեցնենք, որ նմանատիպ գանգատ 1 տարի առաջ ուղարկել էր նաեւ «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով անցնող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն ՄԻԵԴ որոշումն ուշանում էր։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16-րդ կոնվենցիայի վավերացումն է պատճառը, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գործերի քննության ժամկետներն էապես նվազել են։ Եթե նախկինում մարդիկ տարիներով սպասում էին ՄԻԵԴ որոշումներին, ապա հիմա, այդ կոնվենցիայի համաձայն, ՄԻԵԴ-ը որոշումները պետք է կայացնի ամենաուշը մեկ տարի անց:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին՝ 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Եվ հիմա բոլորս «վայելում» ենք արագացված ռեժիմի հետեւանքների մասին պատկերացումները։ Ինչո՞ւ, որովհետեւ մի շարք աղմկահարույց քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող նախկին պետական պաշտոնյաները դիմել են կամ պատրաստվում են դիմել ՄԻԵԴ։ Ենթադրվում է՝ ՄԻԵԴ որոշումների տարափ է սպասվում։ ՄԻԵԴ-ն արդեն բավականին օպերատիվ է արձագանքելու խնդիրներին՝ կապված հատկապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների հետ: Այլ հարց, թե ինչ բովանդակությամբ կլինեն այդ որոշումները՝ ՀՀ-ի դեմ, թե, այնուամենայնիվ, կմերժեն դիմումատուներին: Ամեն դեպքում, հայրենի իրավապահներն ու դատավորները առավել զգոն պետք է լինեն։
ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել, բայց ԱԺ աշխատակազմում այդ հարցը չեն կարող գլուխ բերել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ ԱԺ-ն չի կարողացել ամբողջությամբ ետ վերցնել նախկին պատգամավորներին հատկացված համարանիշները: Մինչ այդ ԱԺ-ն մեկ ամսով «պարապուրդի» մեջ է. հաջորդ նստաշրջանը տեղի կունենա արդեն փետրվարին:
Գործարար Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման մասին ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը զավեշտի ժանրից էր: Այդ պարզաբանումն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական գնահատականներ, զգացմունքային տվայտանքներ, քան իրավական ծանրակշիռ խոսք։ Չգիտես ինչու, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ ԶԼՄ-ներն են սխալ մեկնաբանել ՄԻԵԴ որոշումը, եւ լրատվական դաշտի հասցեին այս կառույցը մաղձի մի հսկա չափաբաժին է շռայլել: Միաժամանակ նախաքննությունը հսկող կառույցն արդարացել է, թե ՄԻԵԴ-ը Մայրապետյանի գործով իրավունքի խախտման փաստ չի արձանագրել: Մինչդեռ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Ցավալի էր, որ դատախազությունը այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ, կարծես թե, որոշման համար որեւէ հիմք չկար, քանի որ մեր պատկան մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են տվյալ դեպքում։ Բա եթե այդքան ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է այդքան ամեն ինչ վատ»:
Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչեւ 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն` 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Բնականաբար, սա իր բացասական հետեւանքները կունենա հացի եւ ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: ՈՒ նկատենք, որ այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը: Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է:
ՆՈՒՐԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներն իշխանության դեմ պայքար ծավալելիս փորձելու են հիմնական շեշտը դնել սոցիալական խնդիրների վրա: Սա միանգամայն պարզ է, քանի որ Փաշինյանի հակառակորդները նախկին իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներն են: Իսկ նախկին իշխանությունները լավ գիտեն, թե ինչ ավիրված տնտեսություն են ժառանգություն թողել, եւ Փաշինյանի կառավարությունից գերմարդկային ջանքեր ու ժամանակ կպահանջվի տնտեսությունն ուշքի բերելու համար: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր երեկվա հարցազրույցում, հայտարարելով, թե «ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել ԱԺ-ից դուրս», ընդգծել է. «Եթե այս իշխանությունը եւս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչեւ որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն եւ այն իրականություն դարձնելու ունակ թիմ»: Ավելի վաղ՝ 2018թ. օգոստոսին, իր հարցազրույցներից մեկում մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդի ոգեւորության մասին, հայտարարել էր. «Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք ժողովրդին»:
Ասել է թե` Փաշինյանի դեմ ձեւավորվող բոլոր բեւեռների ներկայացուցիչների հույսը մեկն է. սպասում են, որ նոր իշխանությունները չկարողանան ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ քայլեր անել, ինչի արդյունքում դժգոհություններն անխուսափելի կլինեն, եւ իրենք էլ կփորձեն միջնորդավորված կամ անձամբ առաջնորդել այդ դժգոհությունները:
Նկատենք, որ այս ամենը մի կողմից էլ հենց Փաշինյանի օգտին է խոսում. ի վերջո, որեւէ մեկը նրա իշխանությանը չի մեղադրում կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, ընտրակեղծարարության, անարդարության համար (իսկ եթե արդարադատության վերաբերյալ քննադատություն կա, ապա հեղինակները պահանջում են լինչի դատաստանի ենթարկել կամ առնվազն երկար ժամկետով կալանավորել նախկին իշխանության ներկայացուցիչներին` նրանցից վերադարձնելով ժողովրդից թալանած միջոցները): Այսինքն՝ Փաշինյանի իշխանության հասցեին չեն հնչում այն մեղադրանքները, որոնք հնչել են նախկինների դեպքում, եւ որոնք հենց դժգոհությունների, համաժողովրդական ընդվզման պատճառ դարձան: Սա ինքնին կարեւոր փաստ է: Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրներն իրենց լուծումը կստանան ժամանակի ընթացքում: Պարզապես պետք է մի փոքր համբերություն: