«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
-Պարո՛ն Աբովյան, ընդդիմադիր փոխնախագահի տեղի համար պայքարը ընթանում էր Վահե Էնֆիաջյանի եւ Մանե Թանդիլյանի մեջ: «Իմ քայլը» դաշինքը իր քվեն տվեց Վահե Էնֆիաջյանին՝ մեկնաբանելով, որ ԲՀԿ-ն ավելի շատ մանդատներ ունի խորհրդարանում, քան ԼՀԿ-ն: Ըստ Ձեզ` միայն սա՞ էր պատճառը: Այլ բան չե՞ք տեսնում:
-Շատ է խոսվում մադատների քանակի մասին, բայց եկե՛ք չմոռանանք, որ ամեն մանդատի ետեւում կանգնած են մարդիկ: Եւ խոսքը ոչ թե մանդատների քանակի մասին է, այլ վստահության: Այստեղ, կարծում եմ, աշխատեց սկզբունքային արդարության գործոնը: Իհարկե, արդար է, երբ ՀՀ քաղաքացիները որպես երկրորդ քաղաքական ուժ դիտարկեցին ԲՀԿ-ին, եւ «Իմ քայլը» դաշինքը, հաշվի առնելով նաեւ Վահե Էնֆիաջյանի անձնական գծերը, այդպես վարվեց: Իհարկե, ԼՀԿ-ն ցույց տվեց իր տեսլականը: Դա շատ ողջունելի է, նորմալ է, շատ ճիշտ քաղաքական պրոցեսներ են ընթանում:
-ԱԺ-ում կա երկու ընդդիմադիր կուսակցություն: Շատ են կարծիքները այն մասին, որ ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ոչ թե պայքարում են իշխանության դեմ, իշխանությանն են քննադատում, այլ իրար: Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել:
-Մենք քաղաքական ուժի դեմ երբեք չենք պայքարել: Ընդդիմանալ ուղղակի ընդդիմանալու համար, կարծում եմ, սխալ է: Ընդդիմությունը մի կառույց կամ մարդկանց զանգված է, որոնք ոչ թե կատաղի ընդդիմանում են, այլ մատնանշում են բացերը, իրենց տեսլականն են ներկայացնում եւ ըստ այդմ որոշումներ են ընդունում: Ցավոք, մեզ մոտ 20-30 տարի ձեւավորվել է մի մշակույթ, որը թելադրում էր ոչ թե պայքար, այլ կռիվ: Պայքարը կառուցված է լինում գաղափարական հիմքի վրա: Մենք ԼՀԿ-ի հետ խնդիր չունենք: Սա պարլամենտ է՝ նորմալ աշխատանքային հունով շարժվող կառույց:
-Նախկին դեսպան Միքայել Մինասյանը, խոսելով ընդդիմության մասին, ասել է, որ եթե նման կերպ շարունակվի, կարիք կլինի արտախորհրդարանում ընդդիմություն ձեւավորելու, այսինքն՝ ըստ էության, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն կարողանում հակակշռել իշխանությանը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր կարծիքը: Ոչ մի բան:
-Արտախորհրդարանական ընդդիմությանը ծանոթ լինելով՝ ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ կասեք ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի մասին՝ որպես ընդդիմություն:
-Ես այս կամ այն կուսակցությանը չէի մատնանշի: Գիտեմ մի բան, որ յուրաքանչյուր առողջ հասարակության մեջ արտախորհրդարանական ուժերի ազդեցությունը բավականին լուրջ է: Այդ նիշան, ցավոք, նախկին իշխանությունների ժամանակ մաքրվել էր: Այդ վակուումը հիմա ձեւավորվում է, եւ այդ ձեւավորման ընթացքում, իհարկե, ընդանուր առմամբ ՀՀ-ի քաղաքական դաշտը վերաձեւավորվում է, եւ դա ողջունելի է: Մենք այնքա~ն հետ ենք սովորել բնականոն քաղաքական դաշտին: Սա նորմալ ընթացք է: Չեմ մատնանշում որեւէ ուժի. այստեղ բնավ ուժի խնդիրը չէ:
-Համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք արտախորհրդարանական ուժերի հետ:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բաց է խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, անհատների համար: ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է: ԲՀԿ-ի համար ՀՀ քաղաքացին է հիմնական հենքը, ֆունդամենտը՝ իր հավաքական կերպարով: Համոզված եմ, որ հենց այդ ուղղով էլ պետք է շարժվել: Պետք է հասկանալ մի բան, որ գոյություն ունի Հայաստան, գոյություն ունեն քաղաքացիները, քաղաքականություն, գոյություն ունեն տարբեր բեւեռներ, ճամբարներ՝ հաճախ իրար հակասող, բայց կարեւոր է, որ քաղաքական դաշտը գործի բնականոն, քաղաքական գրված եւ չգրված օրենքների շրջանակներում:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման մասին պարզաբանում տարածելիս մեղադրանքներ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին, թե իբր ՄԻԵԴ որոշումը սխալ են մեկնաբանում, հանրային կարծիքը մանիպուլյացիայի են ենթարկում ու քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետում: «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը առանց որեւէ իրավունքի խախտման փաստի արձանագրման պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին եւ բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում»,- նշված է դատախազության պարզաբանման մեջ: Միայն թե իրականում հենց դատախազությունն է փորձում մանիպուլյացիա անել հանրային կարծիքի հետ, իսկ պատասխանատվությունը բարդում է լրատվամիջոցների վրա:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց 2012-2013 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներակայացուցչի տեղակալ, ԼՂՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին:
-Պարո՛ն Մելիքյան, այսօր (երեկ- հեղ.) ՀՀ գլխավոր դատախազությունը Սամվել Մայրապետյանի գործով, որի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, հայտարարություն է տարածել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Առաջինը կցանկանայի նշել, որ Եվրոպական դատարանը սովորաբար չի հրապարակում միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումները, եւ այս դեպքում եւս լրատվության աղբյուրը Եվրոպական դատարանը չէ, այսինքն` մենք չենք կարող գտնել Եվրոպական դատարանի կայքում այս որոշումը, եւ այս տեսանկյունից պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք իրականում մի որոշման հետ, որի բովանդակությունը մեզ հայտնի է երեկվա փաստաբանական խմբի հայտարարությունից: Բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք է այն, որ դատախազության հայտարարությունը, իմ պատկերացմամբ, քանի որ այնտեղ խոսք էր գնում ինչ-որ մարդու ապատեղեկատվությունների մասին, ինչ-որ խմբերի մասին, ինչ-որ մանիպուլյացիաների տերմինը հայտարարությունից է, ես կարծում եմ, որ առաջին հերթին դատախազության հայտարարությունը քաղաքական բնույթ էր կրում, ինչը անհասկանալի է: Ավելի շատ քաղաքական բնույթի հայտարարությունները քաղաքական գործիչները պետք է մեկնաբանեն: Միեւնույն ժամանակ դատախազության այդ հայտարարության մեջ իրավական հատվածը ներկայացված էր ոչ ամբողջական: Մասնավորապես տպավորություն էր ստեղծվում, որ այս միջոցի կիրառումը սովորական պրակտիկա է Եվրոպական դատարանում, ինչը այդպես չէ: Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում կարող եք գտնել փաստաթղթեր, որը բացատրում է, թե ինչ է միջանկյալ միջոցը, եւ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, թե սա բացառիկ միջոց է այն դեպքում, երբ իրական վտանգ կա` անձանց կյանքի եւ անվտանգության հետ կապված: Հայաստանի վերաբերյալ վիճակագրական տվյալներով` 2014-2017 թվականներին կայացվել է ընդամենը 5 միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում, այն էլ` քաղաքական բաղադրիչ չունեցող գործերով, եւ այդ գործերը հիմնականում վերաբերել են արտահանձմանը: Այսինքն` այս առումով ես շարունակում են պնդել, որ այս որոշումը աննախադեպ էր` առաջինը` գործի քաղաքական բաղադրիչը հաշվի առնելով, երկրորդը` գործի բնույթը հաշվի անելով, որ սովորական քրեական հետապնդմանն է վերաբերում, այլ ոչ թե մի երկիր հանձնելուն կամ արտաքսելուն: Ես երբ աշխատել եմ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի տեղակալ. 2012-2013 թվականերին որեւէ նման որոշում չի կայացվել:
-Այս դեպքում ինչի՞ էր ուզում հասնել ՀՀ գլխավոր դատախազությունը` որակումներ տալով մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու այս որակումներով, փորձում էր իրավիճա՞կը փրկել կամ սեփական համակարգի խայտառակությո՞ւնը:
-Ցավալի էր, որ դատախազությունը այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ, կարծես թե, որոշման համար որեւէ հիմք չկար, քանի որ մեր պատկան մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են տվյալ դեպքում Մայրապետյանի հետ կապված գործի շրջանակներում: Բա եթե այդքան ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է այդքան ամեն ինչ վատ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ուշագրավ առանձնահատկություն ունի: Դրանում ընդգրկված պատգամավորների մեծ մասը նախկինում եղել է լրագրող: Հանձնաժողովի նախագահն ինքը «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ԲՀԿ-աական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։ Ըստ մեր տեղեկությունների` ԼՀԿ-ից հանձնաժողովի փոխնագահ է լինելու մասնագիտությամբ լրագրող Անի Սամսոնյանը։ «Իմ քայլը» դաշինքը հանձնաժողովում ունենալու է 7 անդամ, որոնցից, նախնական տվյալներով, 4-ը լինելու են լրագրողներ։ Հանձնաժողովում կլինեն «Սիվիլնեթ» լրատվականից Սարգիս Խանդանյանը, 1in.am-ի նախկին լրագրող, հետո վարչապետի նախկին օգնական Արեն Մկրտչյանը, լրագրող Թագուհի Ղազարյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը։ Ի դեպ, այդ հանձնաժողովում սկզբում ցանկացել են ընդգրկվել նաեւ «Ազատության» նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն ու «Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, հետո նրանք փոխել են իրենց հանձնաժողովը:
ՉՇՓՎՈՂԸ
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանից սկսել են դժգոհել ոչ միայն բնակիչները, այլեւ թաղապետարանի աշխատակիցները: Մեր աղբյուրների պատմելով` նախկին ԱԱԾ-ական թաղապետն իրեն «գոռոզ» է պահում, չի շփվում ոչ մի աշխատողի հետ եւ ժամերով փակվում է իր աշխատասենյակում: Ասում են` անգամ իշխանության բարձր օղակներից այդ պահվածքի համար նրան դիտողություն են արել: Բացի այս, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Աբրահամյանը նշանակվելուց հետո հասկացել է, որ այս պաշտոնն իր համար չէ, եւ այդ մասին հայտնել է քաղաքապետին: Ըստ այդ լուրերի` այժմ քաղաքապետարանի ղեկավար կազմը փորձում է Աբրահամյանին փոխարինող գտնել, անգամ շրջանառվում է Մհեր Սեդրակյանի քրոջ փեսայի` Արմեն Հարությունյանի անունը, որը նախկինում զբաղեցրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Սակայն թաղապետի խոսնակ Արթուր Օսիպյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ թաղապետը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար դիմելու է նաեւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Բնակաբար պիտի դիմեմ. Երեւանում տուն եմ վարձելու»: Թեեւ պատգամավորն օգտվում է օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, բայց նկատենք՝ պետությունից բնակարանի վարձի փոխհատուցում է խնդրում մի պատգամավոր, որը բավական մեծ ունեցվածք ունի, այն էլ՝ անշարժ գույք տեսքով: Սարուխանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, վեց հողատարածք, մեկ VAUXHALL ASTRA մակնիշի մեքենա եւ 1.5 մլն դրամ: