ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿ ԱՄԻՍ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԿՄԱՏՆՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ընդհատվեցին ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Ի սկզբանե նիստի օրակարգում յոթ հարց էր ընդգրկված: Երեկ պատգամավորներն ավարտեցին հինգ հարցերի քննարկումները, իսկ օրակարգային մյուս երկու հարցերը քննարկվելու են ավելի ուշ: Մինչ այդ էլ ԱԺ նստաշրջան տեղի չի ունենա: Եվ ստացվում է` երկար ժամանակ Ազգային ժողովը նիստեր չի անցկացնի, եւ պատգամավորները, որպես այդպիսին, պարապուրդի են մատնվելու:

Նկատենք, որ այսօր ՀՀ-ում տիրող իրավիճակում սա լավ չէ: Նոր իշխանություններն իրենց առջեւ դրել են լրջագույն խնդիրներ: Իսկ դրանց լուծման ուղղությամբ հարկավոր են նաեւ օրենսդրական արմատական փոփոխություններ: Ի վերջո, նախկինում էլ մի շարք խնդիրներ խորը քննարկելիս պարզ էր դառնում, որ մեղավորը ոչ միայն նախորդ իշխանություններն են, որ չունեն բավարար քաղաքական կամք, այլ նաեւ հենց օրենսդրական դաշտն է զանազան հարցերում սողանցքներ թողել: Այնպես որ հիմա կարեւոր խնդիրների լուծման համար գործուն քայլեր են անհրաժեշտ եւ նաեւ օրենսդրական նախաձեռնություններ: Այնինչ ստացվում է` մոտ մեկ ամսով կամ գուցե ամսից ավելի այդ գործընթացը դանդաղում է, իսկ այդ ժամանակահատվածն իսկապես թանկ է: Եվ եթե նախկինում մշտապես նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը լիարժեք իշխանություն չունի, որ գործի, ապա հիմա ունի, բայց շատ դանդաղ է գործում:
Մյուս կողմից` այս «պարապուրդը» օրենսդրության խախտում չէ: Բանն այն է, որ ԱԺ նստաշրջանում չքննարկված հարցերը երկուսն են` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններն ու կառավարության ծրագիրը: Եվ ինչպես կառավարության նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում նշանակվելու է կառավարության միայն 2/3-րդը, մինչեւ նախագծի պատրաստ լինելը: Իսկ մինչ այդ կարող է խորհրդարան բերվել կառավարության ծրագիրը:
ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այլ նստաշրջան չի կարող հրավիրվել մինչեւ առաջին նստաշրջանի ավարտը: Խոսելով ժամկետների մասին` Սողոմոնյանը դժվարացավ կոնկրետ օր մատնանշել, սակայն հղում անելով ԱԺ կանոնակարգ-օրենքին` նշեց, թե ամեն ինչ սահմանված է, եւ կառավարության ծրագիրը խորհրդարան բերելուց մի քանի օր անց տեղի կունենա նիստ, որի մասին էլ կհայտարարի Ազգային ժողովի նախագահը: Արդեն ամբողջապես առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո կարող են անցնել բնականոն աշխատանքի եւ քառօրյա նիստերի:
Օրինակ` Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է առաջին նստաշրջանի անցկացման կարգը: Այնտեղ սահմանված է, որ մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկման ավարտը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Մյուս դրույթն էլ սահմանում է, որ կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: Եվ բացի այդ, առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Սահմանադրությունը, արդեն կառավարության ծրագրի քննարկման հետ կապված, հոդված 151-ում նախանշում է, որ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Իսկ հոդված 150-ն էլ սահմանում է կառավարության կազմավորումը, մասնավորապես կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: Իսկ Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՎԱՆԴ ՉԷ
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց: Նկատենք, որ իրավապահ համակարգը այն կարծիքին է, որ Ռոբերտ Քոչարյանը աղմկահարույց քրեական գործերով անցնող մյուս անձանց պես առողջական խնդիր չունի, որ ստիպված լինեն նրան գրավի դիմաց ազատ արձակել: Եւ բացի այդ, նախաքննական մարմինը եւ գործը նախագահող դատավորը կասկածներ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է ազդել գործի քննության վրա, ուստի նա պետք է մնա կալանքի տակ:

 

 

ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱԿԸ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը 116 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ: Մինչ այդ հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրված էր որպես ԱԺ նախագահի տեղակալ: Այդ ժամանակ նա ստացել էր 19 կողմ ձայն: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո ԼՀԿ-ն նրան էր գործուղել Փաշինյանի կառավարություն, եւ Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ստացվում է` միայն ԱԺ-ում Մանե Թանդիլյանը միաժամանակ հավակնում էր երկու պաշտոններին էլ: Եվ պատահական չէր, որ երեկ էլ խորհրդարանում հարցեր ուղղելիս պատգամավորները եւս նկատեցին այն փաստը, որ նա ընդամենը երկու օր առաջ նույն ամբիոնում այլ կարգավիճակում էր: Ստացվում է` կա՛մ խմբակցությունում կարեւոր պաշտոնների համար այլ հարմար թեկնածու չունեն, կա՛մ էլ նրանք շատ լավ էլ հասկանում էին, որ Մանե Թանդիլյանը չի ընտրվի որպես ԱԺ փոխնախագահ, եւ այս ամենը ուղղակի քաղաքական հնարք էր:

 

 

ԿԷԺԱՆԱՆԱ
Հայաստանում սկսել են նվազել բենզինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը` 420-ով: «Ժողովուրդ» օրաթերթը բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ առաջիկայում այն աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա: Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց նկատենք` նախկինում նման դեպքերում ներքին շուկայի վրա ազդեցություն չէր լինում: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2.9 եւ 2.4 տոկոսով:

 

 

ԿՄԵԿՆԻ ԴԱՎՈՍ
Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Միաժամանակ Փաշինյանը պատրաստվում է կիրակի օրը մեկնել Դավոս համաշխարհային համաժողովին մասնակցելու համար:

 

 

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Ազգային ժողովը երեկ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահներին: Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ` Արման Եղոյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ` Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ` Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ` Բաբկեն Թունյանը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի եւ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովները գլխավորել են «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, իսկ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը` «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը:

 

 

ԿՐԿԻՆ ԿՄԻՋՆՈՐԴԻ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի միջեւ կայացած հանդիպումը, որը տեղի է ունեցել օրերս Փարիզում: Գուտերեշը բարձր է գնահատում կողմերի անփոփոխ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության կարգավորման համար համաձայնեցված եւ խաղաղ լուծման որոնմանը եւ, մասնավորապես, ողջունում է նախարարների համաձայնությունը բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար կոնկրետ միջոցների ընդունման անհրաժեշտության մասին: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր միջնորդական ջանքերին ՄԱԿ լիակատար աջակցության մասին:

 

 

ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆ
«Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածել Ծառուկյանի մտքից, ելույթից, տեսակետից, ոլորտից»,-նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն 16 տարվա մեջ առաջին անգամ մոտենալ ԱԺ ամբիոնին ու ելույթ ունենալ: «Մենք քննարկել ենք խմբակցությունում` ով պետք է ելույթ ունենա, ասել եմ` դուք ունեցեք: Այդ օրը նստած էինք, հիմնականում մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ էլի ասելով, որ մենք կապ չունենք ԲՀԿ-ի հետ, ես ուզեցի իրեն ասել, որ մենք ընդհանրապես մեզ շատ ծանր ենք պահել, հարգալից, պարո՛ն Մարուքյան: Որ, ասենք, բանավեճից հետո դու մոտեցել ես, ես քո ձեռքը սեղմել եմ, խորհրդարանական ընտրությունից հետո ես շնորհավորել եմ «Իմ քայլ»-ին ու «Լուսավոր Հայաստան»-ին: Մենք էսօր կռիվ չունենք ոչ մեկի հետ»,- հայտարարել է Ծառուկյանը: Նա, անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ընտրություններում գործող իշխանություններին տուն են ուղարկելու եւ ստանձնելու են երկրի ղեկավարումը, պատասխանել է. «Դու սարքում ես Կիկոսի մահը, 5 տարի հետո ո՞վ գիտի` ինչ է լինելու»:




Լրահոս