ԱՅՍ ԱԺ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՄԵՆԱՔԻՉՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանկախ Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ ամենաքիչ թվով խմբակցություն ունի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված յոթերորդ գումարման խորհրդարանը: Թեեւ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 ուժ, սակայն անցողիկ շեմը հաղթահարեց 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Փորձենք հետադարձ հայացք ձգել ու պարզել, թե ինչ կազմ են ունեցել Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանները:
Առաջին գումարման ԱԺ-ն ձեւավորվեց 1995թ.: Այն ժամանակ խորհրդարանն ուներ 190 պատգամավոր, որից 150-ը մեծամասնական, 40-ը` համամասնական ընտրակարգով: Խորհրդարանում ներկայացված էր 5 քաղաքական ուժ: Առաջատարը «Հանրապետություն» միավորումն էր, որն իշխող ՀՀՇ-ի եւ ՀՀԿ, ՀՌԱԿ, ՀՔԴՄ, ՍԴՀԿ կուսակցությունների դաշինք էր: Իր մեծությամբ երկրորդը «Շամիրամ» կուսակցությունն էր, այնուհետեւ հաջորդում էին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը: Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը` 31 պատգամավորով: Եւս 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Նշենք, որ խորհրդարանական հինգ խմբակցություններից երեքն ընդդիմադիր էին, իսկ «Շամիրամ» կուսակցությունը թեեւ իշխանության մեջ չէր, բայց սատարում էր այն ժամանակվա գործող իշխանության քաղաքական գծին:
Երկրորդ գումարման խորհրդարանը ձեւավորվեց 1999թ.: ՀՀ ԱԺ-ն, 1995թ. հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության համաձայն, բաղկացած էր արդեն 131 պատգամավորից: Օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել էին 6 քաղաքական ուժ՝ ՀՀԿ եւ ՀԺԿ կուսակցությունների «Միասնություն» դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը, ՀՅԴ, ՕԵԿ, ԱԺՄ կուսակցությունները:
6 քաղաքական ուժ էր ներկայացված նաեւ երրորդ գումարման ԱԺ-ում, որ ձեւավորվեց 2003թ: Օրենքով սահմանված 5 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարել էին ՀՀԿ-ն, որն, ի դեպ, առաջին անգամ ընտրություններին մասնակցում էր առանձին: ԱԺ անցողիկ շեմը հաղթահարեցին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ազգային միաբանությունը» եւ «Միավորված աշխատանքային կուսակցությունը»: Նկատենք, որ առաջին անգամ 2003թ. Հայաստանում իշխանությունը ձեւավորվեց կոալիցիոն սկզբունքով. ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին:
Չորրորդ գումարման խորհրդարանում ներկայացված ուժերի թիվը մեկով պակաս էր. այն ձեւավորվել է 2007թ.: Չորրորդ գումարման ԱԺ-ն ունեցել է 5 խմբակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»: Ընդ որում, այդ խորհրդարանում ընդդիմադիր էր միայն «Ժառանգություն» կուսակցությունը, մյուս չորս կուսակցությունները կոալիցիա էին կազմել:
2012թ. ընտրությունների արդյունքում ձեւավորվեց հինգերորդ գումարման խորհրդարանը, որտեղ եւս վեց խմբակցություն էր՝ ՀՀԿ, ԲՀԿ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Եւս 2 հոգի չընդգրկվեց որեւէ խմբակցության կազմում:
Նկատենք, որ առաջին հինգ խորհրդարանները ձեւավորվել են նախագահական կառավարման համակարգի պայմաններում: Միաժամանակ ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում էր երկու ընտրակարգ՝ մեծամասնական եւ համամասնական, որի հարաբերակցությունը տարիների ընթացքում փոփոխվել է: Եթե երկրորդ եւ երրորդ գումարումների խորհրդարանն ուներ 75 մեծամասնական եւ 56 համամասնական պատգամավոր, ապա արդեն չորրորդ գումարման խորհրդարանում մեծամասնական ընտրակագով պատգամավորական տեղերը նվազեցվեցին. 90 հոգի համամասնական, 41 հոգի մեծամասնական ընտրակարգով էին ընտրվել: Նույն հարաբերակցությունը պահպանվեց նաեւ հինգերորդ խորհրդարանի դեպքում: Սակայն այս ողջ ընթացքում համամասնական ընտրակարգի դեպքում նույնն է մնացել ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում` 5, դաշինքների դեպքում՝ 7 տոկոս:
2015թ. սահմանադրական հանրաքվեով փոփոխվեց կառավարման համակարգը, եւ երկիրն անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի: Միաժամանակ, փոփոխվեց խորհրդարանի ձեւավորման կարգը, եւ համամասնական ընտրակարգին զուգահեռ ներդրվեց, այսպես կոչված, «վարկանիշային համակարգը», որը, չնայած մի շարք էական տարբերություններին, իր բնույթով որոշակի նմանություն ուներ մեծամասնական ընտրակարգի հետ:
Վեցերորդ գումարման ԱԺ-ն ձեւավորվեց 2017թ. ընտրությունների արդյունքում. նոր սահմանադրության համաձայն` ուներ 105 պատգամավոր (ՀՀ Սահմանադրությունում պատգամավորների հստակ թիվ սահմանված չէ, միայն նշված է նվազագույն քանակը` 101 հոգի): Խորհրդարանում 4 քաղաքական ուժ էր ներկայացված` երկու կուսակցություն` ՀՀԿ ու ՀՅԴ, եւ կուսակցությունների երկու դաշինք` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներ: Վեցերորդ գումարման ԱԺ-ն միակն էր, որ արձակվեց ժամկետից շուտ՝ 2018թ. գարնանը, ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում:
Ու, փաստորեն, յոթերորդ գումարման ԱԺ-ում, որն ունի 132 պատգամավոր, ներկայացված ուժերի թիվը շատ ավելի քիչ է՝ ընդամենը երեքը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
Խորհրդարանական կառավարման համակարգի անցում կատարելիս՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, շատ էր խոսվում կուսակցությունների խոշորացման մասին, սակայն այս խորհրդարանում ամենաքիչ թվով քաղաքական ուժերի ներկայացվածությունը դեռ հիմքեր չի տալիս ենթադրելու, որ կուսակցությունները գնում են խոշորացման ճանապարհով: Նախ՝ կուսակցությունների միավորման գործընթաց, որպես այդպիսին, չկա, եւ, բացի այդ, ԱԺ-ում ընդամենը երեք քաղաքական ուժի ներկայացվածությունը խոսում է այն մասին, որ 2018թ. գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետեւանքով քաղաքական տրամադրությունների փոփոխման արդյունքում ընտրողների մեծամասնությունը` 70.42 տոկոսը, գերադասեց ընտրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին, եւ եւս երկու կուսակցության հաջողվեց հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

H1N1-Ը ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ Է
H1N1 վիրուսը դեռ ակտիվ է: Շիրակի մարզի բուժհաստատություններում կարանտին է հայտարարված: Վիճակը թեեւ վերահսկելի է, բայց խիստ հսկողություն է սահմանված. կրճատված են տեսակցության ժամերը, բայց հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան: Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 30 մահճակալի վրա 35 հիվանդ է բուժում ստանում: Բայց, ըստ տնօրենի, խուճապի կարիք չկա. «Անհանգստանալու կարիք չկա, վիրուսները տարածքում սեզոնային բնույթ են կրում, ամեն տարի նույն ժամանակաշրջանում վիրուսների տարածման ակտիվություն է նկատվում, դա նորմայի սահմանում է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրու Մոր եվ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Տոնական օրերից հետո Գյումրիում մեծ հնչեղություն ստացավ Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական փոքրիկի մահվան դեպքը: Ծնողները պնդում էին, որ փոքրիկի մոտ թոքաբորբ է զարգացել, ինչը բուժող բժիշկը չի նկատել: Դեպքը քննության փուլում է: Այն հարցին` արդյոք փոքրիկի H1N1 վիրուսը չի՞ զարգացել, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչինիչ չեմ կարող ասել, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է ընթանում. այն, որ երեխայի մոտ թոքաբորբ է եղել, միայն քննությունը ցույց կտա: Ես այս պահի դրությամբ իրավասու չեմ ենթադրություններ կատարել»,-ասաց Հասմիկ Պետրոսյանը:
Խիստ գրաֆիկով են աշխատել նաեւ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Այստեղ եւս ազատ մահճակալներ չկան: Մեծ է հատկապես 0-18 տարեկան երեխաների ու հղիների թիվը. նրանք ռիսկային խմբերում են: «Առողջապահության նախարարությունը մեզ տեղեկացրեց, որ շրջանառվում է H1N1 վիրուսը. այդ հայտարարությունից հետո արտակարգ ռեժիմով ենք աշխատել: Շատ ծանր դեպքեր ենք ունեցել, բայց ամեն ինչ վերահսկելի է»,- նշեց Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը:
Հունվարի առաջին 14 օրերի ընթացքում Շիրակի մարզում գրանցվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության 308 դեպք, նրանցից 188-ը՝ 0-18 տարեկաններ, գրանցվել է թոքաբորբի 48 դեպք, նրանցից 16-ը` երեխաներ, նաեւ ջրծաղիկի 47 դեպք: Գրանցված սուր շնչառական 308 հիվանդից հոսպիտալացվել է 28-ը: Հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակների 595 դեպք է արձանագրվել, որոնցից 88-ը հոսպիտալացվել են:
Շիրակի մարզի դպրոցներում էլ բացակաների թիվն է մեծ: Եթե դասերի վերսկսման առաջին օրերին հիվանդ երեխաներին տուն էին ճանապարհում, ապա այս օրերին նման դեպքեր չեն արձանագրվել: Բայց ծնողներն էլ բողոքում են, որ արձակուրդները չերկարաձգվեցին: Եթե գոնե 10 օր ավելացնեին արձակուրդները, ապա վիրուսը նման ձեւով չէր տարածվի:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործերը այնքան էլ լավ չեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ «Արգիշտի-1» ՍՊԸ-ի: Իսկ այդ ընկերությունը կապվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի անվան հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս գործով նաեւ որպես պատասխանող երրորդ անձ են ներգրավվել Լյովա Մելիքյանն ու Արման Դարբինյանը:
Բանկը դատարանից պահանջում է նախկին քաղաքապետից եւ գործող անձանցից գումար բռնագանձել եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածել: Մեզ հայտնի դարձավ, որ գումարի չափը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ: Ի՞նչ գումարի մասին է խոսքը եւ ինչո՞ւ է Սամվել Դարբինյանը հայտնվել նման իրավիճակում. այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ նախկին քաղաքապետից, սակայն պարզվում է՝ նա տեղյակ չէր: Մեր հարցին ի պատասխան` Սամվել Դարբինյանն ասաց. «Անկեղծ ասած` տեղյակ չեմ, ինձ նման փաստաթուղթ չեն ուղարկել»:
Մեր այն հարցին` կարո՞ղ է սնանկ եք ճանաչվում, նախկին քաղաքապետն ասաց. «Չէ՛, նման բան չկա, այդ հարցերով եղբայրս է զբաղվում, նրան այսօր վիրահատել են, նման գումարների հարց կար, բայց գումարները վերադարձվել է, եւ այլեւս սնանկացման հարցը չկա: Ճիշտ է, ես այնտեղ սեփականատեր եմ, բայց հիմա այդ հարցերով չեմ զբաղվում. այն հանձնել եմ հավատարմագրված օգտագործման, բայց, ամեն դեպքում, կփորձեմ հասկանալ` ինչ խնդիր կա»:
Նշենք, որ դատարանը գործը հետ էր ուղարկել բանկին հայցադիմումի թերությունները վերացնելու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս