ՑՈՐԵՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները արդեն սկսել են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառն ալյուրի թանկացումն է:

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, տեղական արտադրության ալյուրը թանկացել է: Պարզվում է, որ 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը` 194 հազարից 204 հազար դրամ, եւ 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ: Այսինքն` նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 1 կգ-ի դեպքում բարձրացել են 10 դրամով: Ի դեպ, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` անցած տարվա 10 ամիսներին Հայաստան ներմուծվել է 280 հազար տոննա ցորեն հիմնականում «Ալեքս Հոլդինգ» եւ «Մոդուս Գրանում» ընկերությունների կողմից: Բացի այդ, ցորենի ներմուծումներ են իրականացրել նաեւ թվով 84 տնտեսվարող սուբյեկտներ: Իսկ ահա պատրաստի ալյուր ներմուծվել է 160 ընկերությունների կողմից ընդհանուր 24,2 հազար տոննայի չափով:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչեւ 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Ստացվում է, որ ընկերությունների համար 1 տոննա ցորենի ձեռքբերման գները միջինում բարձրացել են 4 հազար 400 ռուբլիով կամ մինչեւ 46 տոկոսով: Այդ ամենի հետեւանքով Հայաստանի շուկայում նկատվել է ցորենից արտադրվող ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների փոփոխություն:
Մյուս կողմից` Հայաստանը ցորենը հիմնականում ներկրում է Ռուսաստանից, եւ հաշվի առնելով սա` հանձնաժողովը զուգահեռաբար ուսումնասիրել է նաեւ ռուսական շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները: Արդյունքում արձանագրվել է, որ անցած տարվա ընթացքում արձանագրվել է ցորենի վաճառքի գների շարունակական աճ: Պարզվում է, որ ռուսական շուկայում անցած տարեսկզբին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է միջինում 8 հազար 750 ռուբլի, իսկ արդեն տարեվերջին` 13 հազար ռուբլի: Այսինքն` տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչեւ 4 հազար 250 ռուբլով կամ 48.5 տոկոսով:
Եւ, բնականաբար, ցորենի, ալյուրի գնի բարձրացումը իր բացասական ազդեցությունն է ունեցել ոչ միայն հացաբուլկեղենի, քաղցրավենիքի, այլեւ մակարոնեղենի վաճառքի գների վրա: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` հացաբուլկեղենը անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 0.2 տոկոսով թանկացել է: Իսկ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են առաջիկայում կա՛մ հացի գինը բարձրացնել, կա՛մ էլ գինը նույնը պահպանելով` քաշը նվազեցնել: Բայց այն, որ հացը կթանկանա, նրանք չեն բացառում:
Բայց մյուս կողմից` նկատենք, որ այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտի վրա` մասնավորապես խթանելով ՀՀ-ում ցորենի ցանքը: Հայաստանում վերջին տարիներին կտրուկ նվազել են ցորենի արտադրության ծավալները: Հայաստանում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ: Մինչդեռ ցորենը, ինչպես հայտնի է, ռազմավարական առումով կարեւորագույն բնամթերքներից մեկն է: Այս փաստը անգամ պաշտոնական վիճակագրությունը չի թաքցնում: Բայց, չգիտես` ինչու, սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են, ոչ թե արտադրվում, մինչդեռ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եթե ոչ ինքնաբավ երկիր դառնալու, ապա ցորենի պահանջարկի զգալի մասն ապահովելու համար: Չէ՞ որ ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ գյուղացիների ցանկությունը: Բայց այսօր գյուղացու համար ցորեն ցանելն ու մշակելը դարձել է ոչ եկամտաբեր դարձյալ ներկրման պատճառով: Չէ՞ որ տեղական ցորենի ինքնարժեքը բարձր է ստացվում, իսկ ներկրվողը ավելի էժան գնով է ձեռք բերվում:
Հայաստանի նախորդ կառավարությունները գյուղատնտեսության նախարարների շուրթերով մշտապես խոստացել են բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը: Բայց խոստումները ոչ միայն չեն իրականացվել, այլեւ տարեցտարի մեր երկրում ցորենի բերքատվությունը նվազել է: Այս իրավիճակը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու հարեւանների հետ Հայաստանի սահմանները փակ են: Կիսապատերազմական վիճակը հաշվի առնելով` պետք է լրջորեն մտածել պարենի ինքնաբավության մասին:
Պաշտոնապես Հայաստանում 2017 թվականի (2018 թվականի պաշտոնական տվյալները դեռ հրապարակված չեն, բայց, միեւնույն է, պատկերը նույնն է լինելու, համենայնդեպս այդպես պնդում են մասնագետները) ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը, 2011 թվականից սկսած, աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած` այն նվազել է: Իսկ, ահա, 2017-ին, 2016 թվականի համեմատ, ցորենի բերքատվությունը մոտ 50 տոկոսով նվազել է: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն: Եւ այս պակասը լրացնելու նպատակով վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրվում է ՌԴ-ից: Հուսանք` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս կարեւոր հարցը ականջի հետեւ չի գցի եւ կպահի իր ուշադրության կենտրոնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԹՌՉԻ՛Ր ԻՆՉՊԵՍ ԹԻԹԵՌԸ, ԽԱՅԹԻ՛Ր ԻՆՉՊԵՍ ՄԵՂՈՒՆ

1974 թվականի հունվարի 28, Նյու Յորք, «Մեդիսոն Սքուար Գարդեն», Մուհամեդ Ալի-ՋՈ Ֆրեյզեր. մենամարտ, որը պատմության մեջ է մտել որպես լավագույն բռնցքամարտերից մեկը, մենամարտ, որը չի ջնջվի բռնցքամարտի երկրպագուների հիշողությունից: Մուհամեդ Ալին հաղթում է եւ լուծում տարիներ առաջ կրած պարտության (1971թ.) վրեժը…

Ամբողջ կյանքի ընթացքում ռասիզմի, անարդարության եւ պատերազմի դեմ պայքարող Կասիուս Կլեյը շատերի կարծիքով համարվում է պատմության լավագույն բռնցքամարտիկը:
Նա փոխում էր ամեն ինչ, ամեն բան, ինչը դուր չէր գալիս նրան: Կասիուսը նույնիսկ միացավ «իսլամի ազգություն» կրոնական շարժմանը, փոխեց իր անունը, իսկ տարիներ անց` 1975 թվականին, ընդունեց մահմեդականության սունի ուղղությունը:
-Ես Կասիուս Կլեյը չեմ, դա մի հասարակ ստրուկ էր, ես Մուհամեդ Ալին եմ եւ ես ծնվել եմ չեմպիոն լինելու համար,- ասում էր Ալին:
Ալիի խոսքերը համապատասխանում էին նրա բազկի ուժին: Չեմպիոնը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած 61 մենամարտերից 56-ը ավարտել է հաղթանակով, որոնցից 37-ը նոկաուտով:
Մուհամեդ Ալին չհանձնվեց երբեք, պայքարեց եւ հասավ իր բոլոր երազանքներին:
Հունվարի 17-ին «բռնցքամարտի արքան» կտոներ ծննդյան 77-րդ ամյակը, սակայն լեգենդը 2016 թվականի հունիսի 3-ին վախճանվեց պարկինսոն հիվանդությունից:
Նույնիսկ նրա մահից տարիներ հետո բոլորը հիշում են «Մեծն» Ալիին. նա այն բռնցքամարտիկն էր, որ բռնցքամարտը խառը ծեծկռտուքից դարձրեց արվեստ, նա բռնցքամարտ ներմուծեց մուհամեդական այն ոճը, որն իրեն` Մուհամեդին դարձրեց բռնցքամարտի արքա, եւ Ալի ազգանունը ոսկե տառերով հավերժ դաջեց բռնցքամարտի պատմության մեջ:
-Ես տանել չէի կարողանում մարզումները, բայց երբեք չէի հանձնվում: Ինքս ինձ ասում էի. «Դիմացի՛ր մի փոքր եւ ապրի՛ր ամբողջ կյանքդ որպես չեմպիոն. չէ՞ որ մենամարտը պարտվում կամ հաղթում ես բոլորի աչքից հեռու` հենց մարզասրահում»…

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Սամվել Մայրապետյանի հունվարի 2-ի միջնորդությունը միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության` դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը եւ թույլատրել Գերմանիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: «Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն` իր ընթացիկ առողջական վիճակին եւ բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան` անհրաժեշտության դեպքում նաեւ ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին»,-նշվում է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ս. Մայրապետյանը ձերբակալվել է 2018թ. հոկտեմբերի 6-ին:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Զարուհի Բաթոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

2.780.000 ԴՐԱՄԻ ՏՈՒԳԱՆՔ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում խախտումներով արձանագրված թվով 52 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.164.604 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 22-ի վերաբերյալ նշանակվել է 2.780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

 

 

ՆՎԱԶԵԼ ԵՆ
2018թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում` նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող` 2017թ.-ի համեմատությամբ` հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 30-ով կամ 45.4 տոկոսով: Հատկանշական է, որ վերջին երեք տարվա կտրվածքով, փաստորեն, ավելի քան եռակի անգամ նվազել են նաեւ անձանց անհետ կորելու դեպքերը:




Լրահոս