«ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Մհերը: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, երգիչը խոսել է իր սովորությունների, նախասիրությունների, իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին: Նա խոստովանել է, որ մարդկանց շուտ է ներում եւ դրա համար երբեմն տուժում է: Երգիչն անդրադարձել է նաեւ իր անդառնալի կորուստներին եւ իր մասին լսած ամենազավեշտալի բամբասանքին: Մեր բաց եւ անկեղծ խոսակցությունը ներկայացնում ենք ստորեւ:

-Մհե՛ր, ո՞ր տարիքից սկսած եք հիշում Ձեզ, եւ ո՞րն է Ձեր առաջին մանկական հիշողությունը:
-Ես ինձ հիշում եմ երկուսուկես տարեկանից եւ անմիջապես հետեւյալ պատկերն է մտքիս գալիս. ես փոքր եմ, հագել եմ ճռճռան սանդալներ, մեր շենքից գնում եմ պապիկիս շենք` հինգերորդ հարկ, աստիճանները բարձրանալիս քայլում եմ պատի կողմով, որպեսզի հանկարծ չընկնեմ: Հորեղբայրս էր այդպես սովորեցրել: Արդյունքում մի ուսս քսվել է պատին, եւ հետք է թողել շորիս վրա:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել՝ չարաճճի՞, թե՞ ավելի խելոք:
-Ոչ, չարաճճի չեմ եղել: Խելացի էի, դաստիարակված, աշխույժ, երաժշտասեր: Միշտ եղել եմ լիդերի, կազմակերպողի դերում` սկսած մանկապարտեզից: Մասնակցել եմ տարբեր հանդեսների, միջոցառումների:
-Եղե՞լ է Ձեր արտաքին տեսքին առնչվող մի բան, որը Ձեզ բարդույթավորել է. ի՞նչն եք ցանկացել փոխել Ձեր արտաքինում:
-Տարբեր տարիքներում տարբեր կերպարներով եմ ներկայացել հանդիսատեսին: Երբ նոր էի եկել Հայաստան, երկար մազերով էի, հետո կերպարանափոխվեցի: Բայց չի եղել մի բան, որից ես կոմպլեքսավորվեմ:
-Շուտ եք քնում, շուտ արթնանո՞ւմ, թե՞ ուշ քնում եք, ուշ էլ արթնանում:
-Միշտ ուշ եմ քնում, բայց օրը գիտի՝ վաղ կարթնանամ, թե ավելի ուշ:
-Ունե՞ք մի սովորություն, որից կցանկանայիք հրաժարվել:
-Այն, ինչ կասեմ, ավելի շատ կենսաձեւ է, քան սովորություն. մարդկանց հեշտությամբ եմ ներում: Բացի դավաճանությունից` գրեթե ամեն ինչ ներում եմ: Դա երբեմն վնասում է ինձ: Իսկապես չեմ կարողանում ձերբազատվել դրանից:
-Սովորաբար հեռանում եք միանգամից եւ կտրո՞ւկ, թե՞ երկար ծանրութեթեւ եք անում:
-Դա կախված է այն բանից, թե ումից եմ հեռանում եւ ինչ պարագայում: Իհարկե, կարող եմ կտրուկ որոշումներ կայացնել, օրինակ՝ որոշել, որ տվյալ մարդու հետ այլեւս չեմ շփվելու, բայց լուրջ որոշումներ կայացնելիս տասը չափում եմ, մեկ կտրում:
-Ձեր կյանքի ամենադժվար փուլն ինչի՞ հետ է կապված եղել, եթե, իհարկե, կցանկանաք այդ մասին խոսել:
-Ինձ համար անդառնալի է եղել երեք մարդու կորուստ՝ վոկալի դասախոսիս, քեռուս եւ տատիկիս: Վերջինս օրերս է հեռացել կյանքից…
-Եթե երբեւէ մոտք գործեք քաղաքականություն, ուրեմն…
-Ես երբեք մուտք չեմ գործի քաղաքականություն. մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա: Քաղաքականության հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ. դա իմ ոլորտը չէ, ինձ չեմ տեսնում այդտեղ: Ես երաժիշտ եմ, երգիչ, արտիստ եւ պետք է իմ գործով զբաղվեմ, այն բանով, ինչի համար կոչված եմ: Իմ գործը մարդկանց ժպիտներ պարգեւելն է, ես ինձ բեմի վրա շատ լավ եմ զգում:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Երբ նոր էի եկել Հայաստան, ասում էին, թե մեծահարուստի տղա եմ, բայց դա այդպես չէ, թեեւ վատ չէր լինի (ծիծաղում է): Ամեն դեպքում, ես շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ երաժիշտ ծնողներ: Հայրս երաժիշտ է եւ, այո՛, հարուստ է իր հոգով, սրտով եւ զավակներով:
-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:
-Ես չեմ սիրում դա, կխուսափեմ: Թող ուրիշներն ինձ բնութագրեն:
-Ո՞րն է բոլոր ժամանակների Ձեր ամենասիրելի մուլտֆիլմը:
-Երկուսն են՝ «Դե՛ սպասիր», «Թոմ եւ Ջերի»:
-Ո՞րն է բոլոր ժամանակների տղամարդկանց համար լավագույն գյուտը:
-Արդուկը (ծիծաղում է):
-Եթե փախչել բոլորից, ուրեմն դեպի…
-Դեպի տուն…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԱՆԴՐԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Ռոք երգիչ, կիթառահար Անդրե Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ երաժշտական ասպարեզում չի երեւում: Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ո՞ւր է Անդրեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: Պարզվում է՝ երգիչը տարվա կես մասը լինում է Հայաստանում, մյուս կեսը՝ Մեծ Բրիտանիայում:

«Տարվա կեսը ապրում եմ Լոնդոնում, իմ ընտանիքն է այնտեղ, բացի այդ՝ իրականացնում եմ մի նախագիծ, որն արդեն երեք տարվա կյանք ունի: Ասեմ, որ այն արվեստի հետ որեւէ կապ չունի. բիզնես-նախագիծ է, որը պահանջում է, որ գոնե վեց ամիս Անգլիայում լինեմ: Եվ այնպես է ստացվել, որ տարին 4-5 անգամ գնում եմ, մեկ ամիս մնում եմ եւ վերադառնում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Անդրեն:
Հարցին, թե հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո որոշի մեկընդմիշտ բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում, Անդրեն պատասխանեց. «Ոչ, ես այնտեղից եմ տեղափոխվել Հայաստանում ապրելու եւ չեմ զղջում, կարծում եմ՝ դա կյանքիս ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել: Եվս 2-3 տարի այս ռիթմով կաշխատեմ եւ հետո կվերադառնամ հայրենիք: Հայաստանում էլ ունեմ մի ընկերություն, որի համահիմնադիրներից եմ, այն էլի երգարվեստի հետ որեւէ կապ չունի: Ի դեպ, ասեմ, որ հենց այդ ընկերությունն էր զբաղվել այն մեքենայի դիզայնով, որով հեղափոխության օրերին շրջում էր Նիկոլ Փաշինյանը, եւ որը դառնում էր բեմ»:
Մենք հարցրինք՝ «The Beautified Project»-ի գործունեության դադարից հետո ստեղծագործական կյանքում ի՞նչ փուլ է. «Դրանից հետո ավելի կրեատիվ եմ դարձել, սկսել եմ տանը ստեղծագործել: Երեք-չորս շաբաթից կթողարկեմ մի երգ, որը նվիրված է բոլոր այն արտիստներին, որոնցից ոգեշնչվել եմ, եւ որոնք արդեն ողջ չեն: Երգի հեղինակը ես եմ, կներկայացնեմ նաեւ տեսահոլովակ»,-տեղեկացրեց Անդրեն:
Երգիչը 2019-ին կթողարկի նաեւ 10 դուետով ալբոմ` տարբեր ժանրերի կատարողների հետ, տարբեր երկրներից: Սպասվում է նաեւ մի «նկուղային» նախագիծ՝ «Կավիճ» խմբի հիմնադիր, երաժիշտ Վաչե Ղարիբյանի հետ: Այն ոչ կոմերցիոն նախագիծ է՝ «Իմ ամենամութ գաղտնիքը» խորագրով:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

«ՌԵԱԼԸ» ԿԳԼԽԱՎՈՐԻ՞
Հեղինակավոր մի շարք պարբերականների փոխանցմամբ` «Ման.Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ է «Ռեալը» գլխավորելուն: «Սերուցքայինների» սեփականատեր Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի արդյունքներից եւ ցանկանում է փոխարինող գտնել Սանտիագո Սոլարիին: Հիշեցնենք, որ Մոուրինյոն հեռացվել է «Յունայթեդից» բավարար արդյունքեր չգրանցելու եւ ֆուտբոլիստների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառով:

 

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՉԻ ՈՐԱԿԱԶՐԿՎԻ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային չի բավարարել «Լեւանտեի» բողոքը` «Բարսելոնայի»` կանոնակարգը խախտելու հետ կապված: Ակումբը պաշտոնական բողոքը ներկայացրել է կայացած խաղի ավարտից 5 օր հետո, որը, ըստ կանոնադրության, համարվում է չափազանց ուշ: Mundo Deportivo-ի փոխանցմամբ` ԻՖՖ-ն (Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա) հաստատել էր, որ կատալոնական ակումբը խախտել է կանոնակարգը եւ խաղադաշտ դուրս բերել որակազրկված ֆուտբոլիստի, սակայն սեւիլիական ակումբի` ուշ բողոք ներկայացնելու պատճառով այն մերժվել է: Հիշեցնենք, որ «Բարսան» Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում կմրցի «Սեւիլիայի» հետ:

 

 

ԹԵՆԻՍՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու իսպանացի Ռաֆա Նադալը դուրս եկան Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Մրցաշարի վեցակի հաղթող Ֆեդերերը առանց մեծ դժվարությունների հաղթեց ամերիկացի Թեյլոր Ֆրիտցին: Խաղը տեւեց 1 ժամ 31 րոպե եւ ավարտվեց 6:2,7:5,6:2 հաշվով` հօգուտ Ֆեդերերի: Գործող չեմպիոնը մրցաշարի չորրորդ շրջանում ուժերը կչափի հույն Ստեփանոս Ցիցիպասի հետ, որն էլ իր հերթին 6:3, 3:6, 7:6 (9:7), 6:4 հաշվով պայքարից դուրս էր թողել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին:
Մրցաշարի ֆավորիտներից մյուսը` Ռաֆա Նադալը, երրորդ շրջանում 6:1, 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ավստրալացի Ալեքս դե Մինորի նկատմամբ: Հանդիպումը տեւել է 2 ժամ 24 րոպե:
Չորրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը լինելու է չեխ Թոմաշ Բերդիխը, որ երրորդ շրջանում պարտության է մատնել արգենտինացի Դիեգո Շվարցմանին:
Չորրորդ շրջանի ուղեգրի հաջորդ պայքարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 4;6,5:7,4:6 հաշվով պարտվեց իսպանացի Բաուտիստա-Ագուտին: Խաղը տեւեց 2 ժամ 10-ը րոպե:
Իսպանացու հաջորդ մրցակիցը լինելու է Մարին Չիլիչ (Խորվաթիա)-Ֆերնանդո Վերդասկո (Իսպանիա)-զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս