ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՉՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼԸ՝ ԱԿՆԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակվել է անդամների 2/3-ը, խնդիրն իրավական առումով կարելի է համարել լուծված. այս պահին կառավարության 21 անդամներից 15-ը նշանակված են:
Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` կարելի է նաեւ եզրակացնել, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը: Դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն:
Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները: Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե:

 

 

Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը եւս նրան չկալանավորի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` առաջին ատյանի դատարանում էլ միջնորդությունը քննելիս պարզվել է, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, եւ այդ անձը հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ եւս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառք վերցնելու համար: Նաեւ ասվել է, որ «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, որ ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ Գեւորգյանը ճնշումներ է գործադրել: Ի դեպ, Պողոսյանին զանգահարած անձն էլ, ըստ մեր տեղեկությունների, մահացել է:

 

 

 

Հայաստանի պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է վերջին տարիների համար աներեւակայելի քիչ չափով՝ ընդամենը 148.3 մլն դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր, ապա 2018թ. դեկտեմբերի 31-ին այն հասել է 6 մլրդ 922.9 մլն դոլարի: Մինչդեռ 2017թ. ընթացքում այն ավելացել էր 832.5 մլն դոլարով, իսկ 2016թ. ընթացքում՝ 864.4 մլն դոլարով: Սա, թերեւս, պատահական չէ. նախկին իշխանությունները որդեգրել էին պետական պարտքն ավելացնելու ճանապարհ` դրա հաշվին փորձելով պահել ՀՀ տնտեսությունը: Իսկ թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, ընդհակառակը, ամեն գնով խուսափել է նոր պարտք վերցնելու գայթակղությունից` փորձելով թեթեւացնել այդ բեռը, իսկ վարկային միջոցներ ներգրավվել են միայն ծայրահեղ դեպքերում: Փաշինյանի կառավարությունը երկիրը «ժառանգել էր» պետական պարտքի՝ 6 մլրդ 867.5 մլն դրամ բեռով, այսինքն՝ հեղափոխությունից հետո պարտքն ավելացել է 55.4 մլն դոլարով:

 

 

 

Երեկ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ բավական լարված մթնոլորտում, եւ խորհրդի նախագահ ընտրվեց ոչ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թեկնածուն՝ Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, այլ երգահան Վահան Արծրունին: Ի դեպ, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի որոշ ներկայացուցիչներ հավաքվել են Ծաղկաձորում եւ քննարկել են, թե ինչ անեն, որ տապալեն խորհրդի նիստը, փորձեն խոչընդոտել Վահան Արծրունու` ԵՊԲՀ խորհրդի նախագահ ընտրվելուն: Պատահական չէ, որ երեկ արդեն նրանք պահանջում էին հոգաբարձուների խորհրդի նիստը անցկացնել փակ: Նրանց առաջարկը մերժվեց: Երեկ մերժվեց նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությունը փակ անցկացնելու առաջարկը, եւ արդյունքում Արծրունին 21 կողմ ձայնով ընտրվեց: Իսկ նախարարի թեկնածու Համբարձումյանը ստացել էր 7 կողմ ձայն:

 

 

ՇԱՀԵԼ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Շվեյցարիա է մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար, աշխատանքային ճաշ է ունեցել տեղի գործարարների ու Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների հետ: Այդ ճաշի ժամանակ Փաշինյանի ծավալուն ելույթի ասելիքի հիմնական նպատակն էլ մեկն էր՝ շվեյցարացի գործարարներին համոզել, որ գան, ներդրումներ անեն ՀՀ-ում: Փաշինյանը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ ՀՀ-ում հաղթել է ժողովրդավարությունը, ԱԺ արտահերթ ընտրություններն էլ ամրապնդել են այդ ժողովրդավարական նվաճումները, ՀՀ նոր իշխանությունն ունի աննախադեպ բարձր լեգիտիմություն ու հանրային աջակցություն: Նա խոսել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից, մենաշնորհները մերժելուց, իրավունքի գերակայությունից եւ տնտեսական դաշտի բոլոր խաղացողների համար հավասար կանոնների ստեղծման մասին: Կարճ ասած` Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակը եւ հետագա զարգացումների տեսլականը` կոչ անելով. «Արդյոք պատրա՞ստ եք միանալ մեզ եւ ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք ՀՀ, հարստացե՛ք եւ հարստացրե՛ք ուրիշներին»:
Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ էլ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Շվեյցարիա էր մեկնել այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա էլ նման հանդիպում էր ունեցել տեղի գործարարների հետ, հետո նաեւ տնտեսական ֆորումին մասնակցելու համար Շվեյցարիա ժամանած տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ էր հանդիպումներ ունենում, կոչ անում ՀՀ-ում ներդրումներ անել: Նա էլ էր օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքներ տալիս: Բայց Կարապետյանի հանդիպումներն արդյունք չունեցան. ինչ-ինչ, բայց օտարերկրացիների համար էլ պարզ էր, որ նախկին իշխանությունները զուրկ են լեգիտիմությունից, չեն վայելում հասարակության աջակցությունը, երկրում թեւածում են կոռուպցիան ու կաշառակերությունը, մենաշնորհները, եւ, վերջապես, Կ. Կարապետյանն ընդամենը ձեւական ֆիգուր էր, իսկ հիմնական ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքում է: Ու, ամենակարեւորը, Կարապետյանը, այդ ֆորումին զուգահեռ, զբաղված էր իր ընտանիքին պատկանող բիզնեսի շահն առաջ տանելու գործով: Այնպես որ, նրան չհաջողվեց շահել օտարերկրյա բիզնեսմենների վստահությունը:
Իսկ հիմա միանգամայն այլ է. ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, եւ կարող է այս ամենի արդյունքում ներդրումներն ավելանան: Մնում է` նոր իշխանությունը կարողանա շահել օտարերկրյա բիզնեսի վստահությունը, ինչպես հայ հասարակության վստահությունն է շահել: Բոլոր նախադրյալները կան, մնացել է միայն հետեւողական աշխատանքը:




Լրահոս