ԵՐԲ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, մամուլում հոդվածներ տարածվեցին մի քանի մարզպետներին եւ նրանց կողմից մարզպետարանի աշխատակիցներին տրված պարգեւավճարների մասին, որը հասարակության շրջանում քննադատությունների տեղիք է տվել: Թեեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները, այնուամենայնիվ, քննարկումները շարունակվում են բարոյական հարթության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է մի քանի մարզպետների հետ հասկանալու` սպասելի՞ էր նման դժգոհությունը, արդյոք այդքան հրատա՞պ էր պարգեւավճարների հարցը եւ, ի վերջո, այս պարգեւատրումները ի՞նչ խնդիրներ են նպատակ ունեցել լուծել:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան
-Բացարձակ չէի սպասում, որ նման ալիք կբարձրանա, բայց դա չի նշանակում, որ փոշմանել եմ: Ամեն ինչ օրինականության եւ բարոյականության շրջանակներում է արվել: Խոսում ենք կյանքի որակ բարձրացնելու մասին: Հիմա այդ նույն կոնտեքստում որ նայում ենք, եթե աշխատավարձային ֆոնդի խնայողություն ունենք, եւ եթե այս խնայողություններից մենք բոլորին ենք պարգեւատրել, մարզային ենթակայության 90 դպրոցների մեծ մասին ենք պարգեւատրել` ուսուցիչներ, տնօրեններ, ուսմասվարներ: Էդ բոլորը ազգաբնակչություն է չէ՞, էդ բոլորը քաղաքացիներ են չէ՞: Այսինքն` մի քանի հազար ընտանիք պարգեւատրման արդյունքում հավելյալ գումարներ են մտել: Դա կյանքի որակի վրա չի՞ ազդում, դա սոցիալական ծրագիր չի՞ լուծում:
-Շատերն ասում են` մարզերում շատ խնդիրներ կան, ինչո՞ւ եք պարգեւատրել աշխատակիցներին:
-Այո, բայց, հարգելինե՛րս, օրենքով եթե աշխատավարձային ֆոնդի խնայողություն է եղել, այդ գումարը այլ նպատակով, քան աշխատավարձի տրամադրում, չենք կարող օգտագործել: Այդ գումարը պետք է օգտագործվի բացառապես այն ծախսային հոդվածով, ինչը որ բյուջեից հատկացվել է: Նույն տրամաբանությամբ այլ ոլորտներում եղած խնայողությունները օգտագործել ենք հենց տվյալ ոլորտների մեջ հարցեր լուծելով: Օրինակ` լուծել ենք շատ դպրոցների ջեռուցման հարցեր, նախակրթարանների հարցեր ենք լուծում եւ այլն: Ասեմ ավելին` պետական համակարգի աշխատողներին խրախուսելու պրակտիկան միշտ էլ կիրառվել է, եւ ես սա ասում եմ դրական իմաստով: Սա մի քանի քաղաքական ուժերի, մի քանի ուղղորդիչների, մի քանի մեդիառեսուրսներ տնօրինող շրջանակների կողմից իրականացվող մանիպուլյացիան է:
-Իսկ վարչապետի հետ խոսե՞լ եք այս մասին:
-Ես վարչապետի հետ այս մասին չեմ խոսել, բայց մենք գործել ենք` վարչապետի քաղաքական աջակցության ու կառավարման անհրաժեշտ ինստիտուցիոնալ ուղիները աշխատացնելով: Այսինքն` եթե մենք վերադասից պետք է թույլտվություն ունենանք որեւէ գործընթաց մեկնարկելու համար, մենք ունենք այդ թույլտվությունը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյան
-Այդ դժգոհության ալիքը անիմաստ տեղն է բարձրացել: Պարգեւատրումները եղել են միայն ու միայն խնայված միջոցների հաշվին եւ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար: Հաշվի առնելով վերջին շրջանի աշխատանքային լարված գրաֆիկը` մարզպետարանի բոլոր աշխատակիցները եւ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցները, որտեղ եղել են նմանօրինակ խնայողություններ, եղել են պարգեւատրումներ, որոնք նախկինում միշտ եղել են: Հիմա դա շատ ավելի մեծ ուշադրություն գրավեց, չնայած շատ զարմացած եմ, քանի որ խոշոր բիզնեսմեն մարզպետները եւ նախարարները նախկինում եթե չեն արել, լավամարդ են դուրս եկել, եթե արել են, է՛լ ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձրել: Այստեղ խնդիր չկա: Պետության համար մենք պատրաստ ենք նույնիսկ անվճար աշխատել: Ինչպե՞ս են առաջացել այդ խնայողությունները: Օրինակ, մարզպետների տեղակալներից մեկի հաստիքը ազատ է, հետեւաբար, չկա վարորդ, օգնական: Ես չունեմ վարորդ, մինչեւ վերջերս չեմ ունեցել խորհրդական, օգնական: Մենք պետք է միշտ խրախուսենք` հաշվի առնելով շատ բաներ, օրինակ, որ շատ են դժգոհությունները աշխատավարձերի ցածր լինելու մասով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան
-Պարգեւավճարների հարցը առաջանում է տարվա վերջում: Այսինքն` նորմալ է, որ դեկտեմբեր ամսին է այս խնդիրն առաջացել: Մեկ տարվա ընթացքում տարբեր երեւույթներ են տեղի ունենում: Մարդիկ կան, որ աշխատանքից ազատվում են եւ այլն: Եւ այդպես տարվա վերջում կարող է գումար ավելանալ: Պետք է հաշվի առնել, որ այդ կառավարությունը, այս մարզպետարանները աշխատում են բացառապես աշխատավարձով: Նախկինում մարզպետի աշխատավարձի քանակը իր սիրուհու ձեռքին է եղել կամ իր օգնականի մոտ զուտ ձեռքի ծախսերի համար: Հիմա էդպես չի, մարդիկ ապրում են զուտ աշխատավարձով: Հեղափոխությունից հետո այնքան խճճված է եղել ամեն ինչ, որ մարդիկ մինչեւ ուշ գիշեր աշխատել են, եւ բնական է, որ այդ պարգեւավճարները եղել են նաեւ բարեխիղճ աշխատանքի համար: Օրինակ, ես կոռուպցիոն ռիսկերը 0-ի եմ հասցրել, եւ բացի աշխատավարձը նրանք այլ տեղից գումար չեն աշխատել: Հետեւաբար տրամաբանական է, որ պարգեւավճար լինի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԵՎՐՈՊԱ ՊԱՐԶՃԱԿԱՏ ԵՆ ԳՆԱՑԵԼ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ ներկայացել է նոր կազմով: ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր խորհրդարանը նոր ներկայացուցիչներ է ուղարկել Ստրասբուրգ, թեեւ այդ կազմում նաեւ հնաբնակ պատգամավորներ կան:

Ինչպես հայտնի է, պատվիրակության ղեկավարը ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն է «Իմ քայլը» դաշինքից: Պատվիրակության կազմում որպես հիմնական անդամներ ընդգրկված են նաեւ Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) եւ Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ): Որպես փոխարինող անդամներ` պատվիրակության կազմում են Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթեւ Հայրապետյանը («Իմ քայլը») եւ Միքայել Մելքումյանը (ԲՀԿ): Ստրասբուրգ պատվիրակությունը մեկնել է ամբողջական կազմով` 8 հոգով: Ու նկատենք, որ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկի օրն իսկ քննարկվեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Հիմնական զեկուցողը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերն էր: Հատկանշական է փաստը, որ նախկինում Հայաստանում անցկացված համապետական ընտրություններից հետո ԵԽԽՎ պատվիրակությունը մշտապես անհարմար վիճակներում էր հայտնվում. նրանք ստիպված էին պատասխան տալու ընտրակեղծիքների համար, ստիպված էին լղոզել իրականությունը եւ միանգամայն այլ պատկեր ներկայացնել եվրոպացիներին: Այնինչ այս անգամ, ընդհակառակը, հայկական պատվիրակությունը պարզճակատ է մեկնել Ստրասբուրգ. ԱԺ ընտրությունների արդյունքները ճանաչել են ոչ միայն միջազգային դիտորդները, այլեւ առաջին հերթին հայ հասարակությունը, անգամ ընտրություններում պարտված ուժերը, որոնք չվիճարկեցին:
Օրվա ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ էր հայտնում նիստի արդյունքներից:
Նրա խոսքով` առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական է տվել ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են, եւ դրանք որակել է ազատ ու անկախ: Երեկ ելույթ է ունեցել նաեւ Նաիրա Զոհրաբյանը եւ նշել, թե «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չուներ։ Դա հեղափոխություն էր՝ ընդդեմ հուսահատության եւ բեսպրեդելի, հեղափոխություն էր՝ ընդդեմ կոռուպցիայի եւ ամենաթողության։ Այսօր արդեն նոր Հայաստան է` նոր քաղաքական իրողություններով, նոր քաղաքական եւ տնտեսական օրակարգով եւ աշխարհի հետ հարաբերությունների բացարձակապես նոր որակով: Ասել է թե` ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը եւս կրկնել է նույն թեզերը, ինչ մշտապես ասում է Նիկոլ Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՐԳՆ Է ԱՅԴՊԻՍԻՆ
Մի շարք մարզպետների՝ աշխատակիցներին պարգեւավճար տալու որոշումն այս օրերին դարձել է քննարկումների առարկա: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախկին մարզպետներից Վայոց Ձորի նախկին ղեկավարի, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, պարգեւավճարների հարցին ինչպե՞ս եք վերաբերվում: Ձեր ժամանակ նման բան եղե՞լ է:
-Ես չգիտեմ` ինչքան է հիմա պարգեւավճարները: Դրանք տնտեսած գումարներ են աշխատավարձի ֆոնդից եւ սահմանված կարգով կարող են պարգեւավճարներ տրվել: Այդ տնտեսված գումարները կա՛մ պետք է այդպես օգտագործվեն, կա՛մ հետ ուղարկվեն պետական բյուջե: Էդպես է կարգը. եթե տարին ավարտվեց, ու գումարը չօգտագործվեց, պետք է վերադարձնել բյուջե:
-Դուք ինչպե՞ս եք վարվել: Միշտ պարգեւավճարնե՞ր եք տվել:
-Ոչ միշտ: Ամեն բան էլի եղել է օրենքով սահմանված կարգով: Մարզպետը ֆինանսի հետ գործ չունի: Ֆինանսական պատասխանատու գոյություն ունի, ֆինանսական վարչության պետ գոյություն ունի: Մարզպետը ընդամենը կարգադրություններն է անում այդ մասով, իսկ մարզպետների պարգեւատրման չափը որոշում է վարչապետը: Բայց, օրինակ, ես երբեւէ չեմ պարգեւատրվել:

 

 

ԽԶԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Գեներալական համազգեստ չմատակարարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Մադէլ» ընկերության հետ կնքված պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության եւ ընկերության միջեւ անցած տարվա հունիսի 15-ին պայմանագիր էր կնքվել, ըստ որի` «ՄԱԴԷԼ»-ը ՊՆ-ին պետք է մատակարարեր 15 հատ երկարաթեւ, սպիտակ գույնի, գեներալական վերնաշապիկ, 40 հատ երկարաթեւ, դեղնականաչավուն գույնի, գեներալական վերնաշապիկ եւ 40 հատ կարճաթեւ, դեղնականաչավուն գույնի, գեներալական վերնաշապիկ: Սակայն պարզվում է, որ ընկերությունը մինչ օրս ոչ մի մատակարարում չի իրականացրել: Արդյունքում նախարարությունը միակողմանի լուծել է ընկերության հետ կնքած պայմանագիրը: Ավելին, ՊՆ-ն ընկերությանը պարտավորեցնում է վճարել մոտ 31 հազար 600 դրամ տույժը եւ գանձման ենթակա 45 հազար 790 դրամ տուժանքը: Հիշեցնենք, որ «Մադէլ»-ը առաջին ընկերությունը չէ, որի հետ ՊՆ-ն խզում է կնքած պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ գրել էր, որ ՊՆ-ն պայմանագիր ոչ միայն խզել էր կարտոֆիլ մատակարարող «Դեագա» ընկերության հետ, այլեւ գնումների բողոքարկման խորհրդից պահանջել էր ընկերությանը ներառել սեւ ցուցակում: Հավանաբար «Մադէլ» ընկերությանը եւս այս ճակատագիրն է սպասվում: Ընկերության հետ կապ հաստատել չստացվեց, քանի որ համացանցում կոնտակտային տվյալները բացակայում են: Հետաքրքիր է՝ ինչպես է ՊՆ-ն այսպիսի ընկերությունների գտնում, նրանցից ծառայությունների մատակարարում ակնկալում, եթե վերջիններիս կոնտակտային տվյալներն անգամ համացանցում չկան:




Լրահոս