Չնայած թավշյա հեղափոխությունից հետո 8 ամիս է անցել, արդեն անցյալում են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ու ձեւավորվել է նաեւ կառավարության 2/3-րդը, սակայն կառավարման համակարգում, ըստ էության, փոփոխությունները միայն նախարարների մակարդակով են իրականացվել: Փոխնախարարների կամ այլ առանցքային պաշտոններում մնացել են նախկինները: Իհարկե, սա տեղավորվում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բարիկադները քանդելու շուրջ հայտնի հայտարարությանը, եւ, ըստ էության, նրանք այլեւս կադրերին չեն դիտարկում սեւի, սպիտակի, կամ ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի, այլ նայում են փորձառությանը, պրոֆեսիոնալ լինելուն ու աշխատանքային որակներին: Հենց այդ պատճառով էլ կառավարման համակարգում մի իրավիճակ է, երբ շատ փոխնախարարներ շարունակում են իրենց գործունեությունը: Չնայած մեծ թիվ են կազմում նաեւ այնպիսի փոխնախարարները, որոնք նշանակվել են արդեն հեղափոխությունից հետո:
Այժմ խոսենք փաստերով եւ անուններով. օրինակ` ամենակոռումպացված նախարարության համբավը ձեռք բերած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կադրային փոփոխություններն էական են եղել: Օրինակ` նախարարի առաջին տեղակալը` Արսեն Մանուկյանը, նշանակվել է 2018 թվականի հուլիսի 31-ին: Նույն օրն էլ նշանակված են եղել փոխնախարարներ Սմբատ Սաիյանը եւ Արմեն Ուդումյանը: Հեղափոխությունից հետո է նշանակված եղել նաեւ փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ով այժմ արդեն զբաղեցնում է այդ նույն նախարարության ղեկավարի պաշտոնը: Այսինքն` Մանե Թանդիլյանը, նախարար նշանակվելով, մեծ կադրային փոփոխություններ է կատարել:
Առողջապահության նախարարի տեղակալներից Արսեն Դավթյանն էլ իր պաշտոնին նշանակվել է մայիսի 25-ին` կրկին հեղափոխությունից հետո: Սակայն մինչ առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը նա զբաղեցնում էր նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն` համակարգում նոր մարդ չի եղել: Իսկ ահա փոխնախարարներից Անահիտ Ավանեսյանը նոր է ոլորտում եւ, ավելին, մինչ փոխնախարար նշանակվելն առողջապահության ոլորտում ոչ մի գործունեություն չի ծավալել եւ ավելի շատ իրավաբանությամբ է զբաղվել, եղել է Փաստաբանների պալատի անդամ: Չնայած Լենա Նանուշյանն էլ փոխնախարար է նշանակվել հեղափոխությունից հետո, սակայն մինչ այդ էլ ոլորտում ակտիվ է եղել եւ պաշտոններ է զբաղեցրել նաեւ նախարարությունում:
Իսկ, ահա, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարգում ոչ մի փոփոխություն չի կատարել, եւ չորս փոխնախարարները, որոնք պաշտոնավարում են այժմ, իրենց պաշտոնները զբաղեցնում են բավական երկար ժամանակ: Ավելին` այս նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ Նունե Խաչատրյանն է, որը նախկին նախարարներից ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի աջ ձեռքն է մշտապես համարվել: Եւ Խաչատրյանը գործադիրում աշխատել է այնտեղ, որտեղ ղեկավարը եղել է Դ. Հարությունյանը: Այս առումով տեսակետ կա, որ նախարարությունում քննարկվող եւ վերջնականապես դեռ չավարտված օրենսդրական նախագծերը ժամանակից շուտ հանրության սեփականությունը դառնալու հարցում մեծագույն դերակատարություն ունեն հենց նախկիններից մնացած կադրերը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային փոփոխություններ, ամեն դեպքում, եղել են` չնայած, օրինակ, Արա Նազարյանը երկարամյա պաշտոնյա է, չնայած մինչ այդ պաշտպանության նախարարությունում էր աշխատում: Իսկ, օրինակ, Արկադի Բալյանը նշանակվել է հեղափոխությունից հետո եւ մինչ այդ «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր: Արտաքին գործերի նախարարությունում էլ իր պաշտոնը պահպանել է Շավարշ Քոչարյանը, մյուս երկու փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանն ու Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել են արդեն հեղափոխությունից հետո, չնայած փորձառու են եղել այդ ոլորտում: Բնապահպանության նախարարության դեպքում հենց նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն է նախարար նշանակվել, իսկ այդ պահի դրությամբ փոխնախարարի մեկ հաստիք թափուր է: Այսինքն` այստեղ եւս նախապատվություն է տրվել հին կադրի:
Կրթության եւ գիտության նախարարությունը երկու փոխնախարար ունի եւ երկուսն էլ նոր են: Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելուց հետո կտրուկ փոփոխություններ է արել իր ղեկավարած կառույցում: Պաշտպանության նախարարության պես կարեւոր գերատեսչության փոխնախարարները եւս նոր են, չնայած այնպես չէ, որ համակարգին անտեղյակ են եղել: Օրինակ` Դավիթ Փախչանյանը մինչ տեղակալ նշանակվելը եղել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահը: Փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրել է, բայց ոչ հենց այդ նախարարությունում: Մյուս նախարարությունների դեպքում եւս կան փոփոխություններ, սակայն կան գերատեսչություններ նաեւ, որոնց դեպքում արդեն ղեկավարն է «հին» Հայաստանից: Եւ սա պետք է օրինաչափ համարել. ի վերջո, եթե կան անձինք, ովքեր փորձառու են եւ ոլորտի գիտակներ, չպետք է զրկվեն աշխատանքից միայն այն պատճառով, որ նրանք ՀՀԿ-ականների հետ են աշխատել: Եթե նրանք կոռումպացված չեն եւ «մաքուր» են աշխատել, ապա իրավունք ունեն աշխատել նաեւ նոր իշխանությունների օրոք:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՒՂԵՐՁԸ
Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ ուղերձի բովանդակությունից։ Հետաքրքրվեցինք` ի վերջո ուղերձը հրապարակվելո՞ւ է։ «Չեմ կարող ոչինչ ասել։ Ամենայն հավանականությամբ, ուղերձը ընթերցվել է ժողովի ժամանակ։ Եթե ժողովը հարկ համարի հրապարակել, կհրապարակվի»,- ասաց նա։ Մինչ այդ նկատենք, որ ՀՅԴ-ում հակված են կարծելու, թե Փաշինյանի այս քայլը միտված է եղել իրենց հետ հարաբերությունները պահպանելու հատկապես ԱԺ ընտրություններում ՀՅԴ ձախողումից հետո, երբ նրանք չանցան խորհրդարան: ՀՅԴ-ում կարծում են, թե Փաշինյանը ցանկանում է կամուրջները չայրել` հաշվի առնելով Սփյուռքում ՀՅԴ դերը, մանավանդ որ վարչապետը ցանկանում է բարձր պահել իր վարկանիշը Սփյուռքում։ Մի ուշագրավ բան եւս. ողջույնի ուղերձը եղել է ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի ելույթից հետո, որտեղ նա քննադատել էր նոր իշխանություններին:
ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԵՌԱՆՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերը հեռանում են համակարգից` նախընտրելով զբաղվել փաստաբանական գործունեությամբ, քան լինել համակարգում: Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը: Չնայած Արթուր Ղաբարյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ խնդիր չի ունեցել, սակայն, կոմիտեում տարածված լուրերի համաձայն, նա Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերից մեկն էր եւ դժվար թե նա կարողանար աշխատել Հայկ Գրիգորյանի հետ: Չի բացառվում, որ Արթուր Ղամբարյանի հրաժարականից հետո այլ հրաժարականներ եւս լինեն:
ՀՈՂԱՄԱՍԵՐ ԵՎ ՏՈՒՆ
Ինչպես հայտնի է, Երեւանում բնակարան չունեցող ԱԺ պատգամավորները, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, կարող են բյուջեից ստանալ 100 հազար դրամ տան վարձակալության համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, նշեց, թե ինքն էլ է նման դիմում ներկայացնելու. «Այո, դիմելու եմ: Ես ուրիշ հնարավորություն չունեմ»: Ուսումնասիրելով նախկին մարզպետ պատգամավորի ունեցվածքը` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Իջեւանում ունի բնակելի տուն եւ չորս հողամաս: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը` 2.3 մլն դրամ, «Իջեւանի Բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի լուծարումից ստացել է 1.9 մլն դրամ եւ ոմն Ռոբերտ Կիրակոսյանից ստացել է 270 հազար ռուբլի:
ԱՌԱՋԱՐԿ ԵՄ-ԻՑ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ատելության քարոզի աճը իրեն շատ է անհանգստացնում: «Ատելության խոսքը համընդհանուր չարիք է: Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում` կապված քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարեւոր է, որ ատելության քարոզի դրսեւորումները ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն եւ դրանց դեմ պայքար տարվի: Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես` սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար եւ վճռական ենք շարունակելու մեր քննարկումները»,-ասել է Սվիտալսկին: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ` կապված ատելության խոսքի կանխարգելման հետ. «Հայաստանի կառավարությանն առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը` դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, եւ մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին պայքարելու ատելության քարոզի դեմ»,-ասել է նա:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱԳՆ-ԻՑ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մասին հնչող տարբեր քննարկումներին ու քննադատություններին, մասնավորապես, ԱԺ նիստերից մեկի ժամանակ բուռն քննարկմանը ՀՀ դեսպանների վերաբերյալ: Հարցին` արդյոք մեր դիվանագիտական կորպուսն ուժեղացնելու կարիք չկա՞, եւ ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, Ա. Նաղդալյանն ասել է. «Երբ այդ մեղադրանքները զուրկ են որեւէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությա՞նը, թե՞ դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին»: Ըստ Նաղդալյանի` երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում են ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների եւ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Սակայն անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին»,-նշել է նա:
ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Լիլիան Մորսի Պասկիեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում. Ձմեռային նստաշրջանի բացմանը հայտնել է ասամբլեայի փոխնախագահ Ռոջեր Գեյլը: ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը կտեւի մինչեւ հունվարի 25-ը, եւ այդ ընթացքում պատգամավորները մտադիր են հարցերի լայն շրջանակ քննարկել` օբյեկտիվության խնդրից եւ լրատվամիջոցների ազատությունից մինչեւ մարդու իրավունքների պաշպանություն` իրավագիտության, անվտանգության եւ համացանցի համատեքստում: