Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը:
Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էր առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, ուստի այս ամենը հաշվի առնելով` նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: 4 ամիս անց նրա մեղադրանքները փոխվեցին, եւ նոր մեղադրանք առաջադրվեց` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն (սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն (առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար), ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով):
Այս ամենը հաշվի առնելով` նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն 2017 թվականի դելտեմբերի 14-ին դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց միջնորդությունը: Դատախազությունը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Դեռեւս քննությունը չի ավարտվել: Թե ինչ կորոշի ՀՀ վերաքննիչ դատարանը, սպասենք զարգացումներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Արմեն Գեւորգյանին չկալանավորելու գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքը` դատավոր Արման Հովհաննիսյանը պետք է բավարարեր նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն դատական համակարգը ապշել է` տեսնելով Արմեն Գեւորգյանի մեղադրանքն ու նախաքննական մարմնի միջնորդությունը: Բանն այն է, որ Արմեն Գեւորգյանի մեղադրանքի հիմքում չի եղել հստակ ապացույց, որ նա, օրինակ, կաշառք է վերցրել կամ նա խոչընդոտել է արդարադատության իրականացմանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Հովհաննիսյանը, ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունը, նկատել է, որ ընդամենը մեկ անձի ցուցմունք կա Արմեն Գեւորգյանի դեմ, եւ դա հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանն է, որն այլ պաշտոնյաների դեմ եւս բողոքներ է ներկայացրել՝ մեղադրելով իրենից կաշառ վերցնելու համար:
Ավելին, դատական համակարգը նույնիսկ մեկ իրավիճակ է վերլուծել, թե «Վիքիլիքսի» հրապարակումով մարդ չեն դատում, պետք է լինի ապացույց, ասել է թե` օրինակ, ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանը պետք է ցուցմունք տված լիներ Արմեն Գեւորգյանի դեմ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վալերի Պողոսյանին հրավիրել են ՀՔԾ հարցաքննության, նա ցուցմունք է տվել, սակայն Արմեն Գեւորգյանի դեմ հստակ որեւէ բան չի ասել:
Այս եւ այլ շատ իրավիճակները հիմք են եղել դատարանի համար, որ Արմեն Գեւորգյանին չկալանավորեն:
Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էր առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, եւ մանրամասնել էր. «Համաձայն այդ հրապարակման` Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, եւ այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, որն այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ եւս քննություն իրականացրեցինք, եւ «վիքիլիքսյան» հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երեւի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետեւ, ի վերջո, Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը»: Այս արարքի համար Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հանար, սակայն ավելի ուշ մեղադրանքը ընդհանրացվել է, եւ նրան մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար:
Նախաքննական մարմինը, ըստ էության, փորձել է պարզել` նախագահականից ում հետ, ում օժանդակությամբ է Արմեն Գեւորգյանը փորձել ճնշում գործադրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ միջնորդ պաշտոնյան մահացել է: Ստացվում է, որ վերոնշյալ անձը կարող էր Արմեն Գեւորգյանի դեմ ցուցմունք տալ, սակայն նա այլեւս չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանի հետ, որը հայտնեց. «Ես չգիտեմ` Ձեզ այդ տեղեկությունները որտեղից, բայց ինչ վերաբերում է նրան, թե այդ տեղեկությունները կարող եմ հաստատել, թե ոչ, ես իրավունք չունեմ, քանի որ դա նախաքննական գաղտնիք է: Միայն կարող եմ ասել, որ այն մեղադրանքները, որ առաջադրվել են Արմեն Գեւորգյանին, ապացույցների բավարար համակցություն ապահովված չի եղել: Եթե հետեւենք քրեական դատավարությանը, մեղադրանք առաջադրվում է այն ժամանակ, երբ կա մեղադրանքը ապացուցող բավարար ապացույցների համակցություն: Այս երեք մեղադրանքների դեպքում Ձեզ կարող է վստահաբար ասել, որ բավարար ապացույցների համակցություն վարույթն իրականացնող մարմինը չի ապահովվել:…Արմեն Գեւորգյանի դեմ որեւէ մեկը ցուցմունք տվել է, թե ոչ, ես նման տեղեկություններ իրավունք չունեմ հայտնելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաեւ հրապարակել ՀՔԾ-ի մեկնաբանությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ավտովթարի արդյունքում մահացած զինվորների գործով նախաքննական մարմինը փորձագետներին հորդորել է արագացնել եզրակացություն ներկայացնելը: Ըստ էության, այս եզրակացությունից հետո պարզ կլինի, թե ովքեր էին հրամանատարական կազմից անփութություն ցուցաբերել, որ արդյունքում զինվորները մահացան: Հիշեցնենք, որ դեպքը եղել էր 2017 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 13.00-ի սահմաններում. N զորամասի հաշվեկշռում գտնվող Կամազ մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը. չորս զինվոր մահացել էր, իսկ ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ի դեպ, մինչ իրավապահները գործով քննություն էին իրականացնում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը միջադեպի պատճառով մի քանի հոգու ազատեց զինվորական ծառայությունից:
ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՉԵԿԱՆ
Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Շատին համայնքի բնակիչների կողմից «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով առաջին նիստը, որը, սակայն, չկայացավ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամբաստանյալներից մեկին վիրահատել են, իսկ մյուս երեք ամբաստանյալները դրամական միջոց չեն ունեցել դատարան ներկայանալու համար: Դատարանը նիստը հետաձգել է:
Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերի 11-ին Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Մասնավորապես, տեղեկանալով, որ Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ համայնքապետարանի դուռը փակ է պահվում` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները 2018թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 15:30-ի սահմաններում, գնացել են Շատինի համայնքապետարանի վարչական շենք իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ` ծնված 1984, 1958, 1973 եւ 1970թթ., նկատելով լրագրողներին, կանգնել են նրանց առջեւ, վիճաբանության մեջ մտել նրանց հետ եւ արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին` այդ կերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Վայոց Ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի փոխանցմամբ` Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Հայտարարում եմ, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-սոցցանցի իր էջում գրել է Ջ. Ֆարնուորթը:Առայժմ չի վավերացրել 19 պետություն, ինչպես նաեւ ինքը` Եվրամիությունը, ու Եվրոպական հանձնաժողովը:
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
Որպես կասկածյալ երեկ ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Տնօրենի գիտությամբ ու թույլտվությամբ` մանկապարտեզի երեխաների (որոնց թիվն անցնում է 120-ը) սնունդը մաս-մաս է արվել եւ տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող, Ջրվեժում գործող ռեստորանային համալիր: Նրա աշխատասենյակում հայտնաբերվել է հերթական սնունդը, որը պետք է տեղափոխվեր նրա մատնանշած վայր: Պարզվել է նաեւ, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված առանձնապես խոշոր չափի` 13 մլն դրամ գումար: Նշենք, որ նրա ամուսինն աշխատում է որպես վերահսկիչ պալատի 4-րդ վարչության պետ, ընտանիքի անդամները բոլորը պաշտոնյաներ են: Նաեւ հիմնավորվել է, որ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված, իրեն վստահված սննդամթերքից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մանկապարտեզի բացումը տեղի էր ունեցել 2017թ. դեկտեմբերին, եւ միջոցառմանը մասնակցել էին անձամբ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու այն ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: