ՍԿԱՆԴԱԼ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրքերը թեժ են: Շուրջ 36 տարի Մայր թատրոնում աշխատելուց հետո ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օրերս հեռացվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման պատճառաբանությամբ: Այնինչ, նրա խոսքով, հեռացման պատճառն այն է, որ իրեն այդ կառույցում գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը եւ տնօրեն Վարդան Մկրտչյանը չեն հանդուրժում: Պարոն Գասպարյանը նշում է՝ թատրոնում արդեն իսկ կար գլխավոր ռեժիսորի պաշտոն, որն ինքն էր զբաղեցնում, բայց, չգիտես ինչու, 2015-ին Էլբակյանին «խցկեցին» թատրոն: Եվ, ըստ նրա, բնական է, որ որոշ ժամանակ հետո պետք է իրենից ազատվեին: Պարոն Գասպարյանի խոսքով՝ Էլբակյանին Մայր թատրոն «խցկողը» ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն է, որը Արմեն Էլբակյանի կնոջ՝ Աննա Էլբակյանի ազգականն է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պարոն Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, պնդում եք, որ Ձեր ներկայությունը թատրոնում չհանդուրժեցին. ինչո՞ւ:
-Միգուցե որովհետեւ իմ ներկայացումները մեծ հաջողություն ունեն, ընդ որում` ոչ միայն Հայաստանում, այլեւ այստեղից դուրս: Ուրիշ պատճառ չեմ կարողանում գտնել:
-Հետաքրքիր է՝ միայն Դո՞ւք եք դժգոհ թատրոնի մթնոլորտից:
-Պարոն Էլբակյանի մասին ինձ մոտ շատ են վատը խոսել, բայց միայն պատերի տակ:
-Ինչու՞:
-Որովհետեւ թատրոնում վախի մթնոլորտ է: Սկսենք սկզբից. Արմեն Էլբակյանը գեղարվեստական ղեկավար նշանակվեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի միջնորդությամբ: Վերջինս Աննա Էլբակյանի ազգականն է: Կոլեկտիվն անգամ տեղյակ չէր, որ նման նշանակում է լինելու: Նրան թատրոն բերեցին հանկարծակի: Իսկ երբ Վարդան Մկրտչյանն էլ նշանակվեց տնօրեն, այդ երկուսին հաջողվեց թատրոնում վախի մթնոլորտ ստեղծել: Վարդան Մկրտչյանը մի քանի անգամ անհիմն նկատողություններ է արել, գործից ազատել է տարբեր մարդկանց: Օրինակ՝ կադրերի բաժնի պետ Վահե Մովսիսյանին անհիմն կերպով հանեցին գործից, նա դիմեց դատարան ու շահեց դատը, որովհետեւ իրեն ապօրինաբար էին գործից ազատել: Կարճ ասած՝ Վարդան Մկրտչյանն ընկել է այսօրինակ դատերի ետեւից, այնինչ ամեն առիթով հայտարարում է, թե զբաղված է թատրոնի զարգացման գործերով…
-Միայն այդքա՞նը:
-Ո՛չ, այն դերասանները, որոնք չեն թաքցրել իմ անձի հանդեպ իրենց համակրանքը, ազատվել են աշխատանքից: Մեկը՝ կինս՝ Էռնա Ավետիսյանը, մյուսը՝ Կարինա Հարությունյանը: Կրճատվելուց որոշ ժամանակ առաջ Էլբակյանը Կարինային հարցրել է, թե չի ուզում արդյոք որեւէ դեր խաղալ, Կարինան ասել է, որ ուզում է: Որոշ ժամանակ հետո, սակայն, նրան կրճատում են: Ինչու՞: Ես կարող եմ էլի օրինակներ բերել: Նայում ես Վարդան Մկրտչյանին ու հիանում նրա խոսքով, պահվածքով, բայց ես հո գիտեմ, որ դա այն նույն մարդն է, որն իր մոր տարիքի ադմինիստրատորին «վրա է տալիս», քիչ է մնում՝ խփի: Նրան էլ անհիմն գործից ազատեցին, ասացին՝ արի՛, դիմում գրի՛, գնա՛:
-Այժմ Մայր թատրոնն ի՞նչ ուղղությամբ է գնում:
-Ոչ մի: Հերիք է, ինչքա՞ն կարելի է «Պեպո» բեմադրել, այն էլ՝ վատ, «Մեծապատիվ մուրացկաններ» բեմադրել խայտառակ ձեւով: «Հարսնացուն հյուսիսից» են բեմադրել՝ պատճառաբանելով, թե հանդիսատեսին թատրոն բերելու համար են արել: Այնինչ հանդիսատեսի շրջանում շատերը անձամբ ինձ հետ զրույցում արտահայտվել են, որ առաջին գործողությունից հետո փախել են թատրոնից, որովհետեւ անճաշակ, գռեհիկ կերպով է բեմադրված եղել: Ասում են, թե իբր դրսից ռեժիսորներ են բերել: Ո՞ւմ են բերել՝ Արմեն Էլբակյանի դուստր Լիլի Էլբակյանի՞ն, միայն իրենց մարդկա՞նց: Ասում են, թե Դավիթ Հարությունյանին իրենք են դրսից բերել, բայց առաջինը ես եմ այդ ռեժիսորին հրավիրել թատրոն: Իսկ վերջերս էլ մի վեճի ժամանակ Էլբակյանը Աբովյան քաղաքում բոլորի, այդ թվում՝ քաղաքապետի ներկայությամբ ասել է. «Առը հա, թե դու Սունդուկյանում բեմադրություն կանես, քանի ես այնտեղ եմ»:
-Ասում եք, որ դրսից միայն մտերիմներին են հրավիրում, նկատի ունեք՝ կլանային համակա՞րգ է ստեղծվել թատրոնում:
-Այո, այո:
-Թատրոնի զարգացման տեսլականի առումով Դուք եւ պարոն Էլբակյանը գաղափարական ի՞նչ հակասություններ ունեիք:
-Ես նրա տեսլականին ծանոթ չեմ, որ նշեմ տարբերությունները: Միայն այն գիտեմ, որ իրենք անընդհատ շեշտում են ազգային դրամատուրգիայի կարեւորությունը: Բայց միայն ազգայինով ո՞ւր կգնաս: Ես Ձեզ հարց եմ տալիս. նա, ով համաշխարհային արժեքների կրողը չէ, տգետ չէ՞: Դուրս է գալիս, որ հանդիսատեսին տանում են դեպի տգիտություն: Դա՞ է իրենց ուղղվածությունը: Եվ հետո, կներեք, երբ ես ազգային գործեր էի բեմադրում դեռեւս խորհրդային տարիներին, երբ վերեւներին դա հաճելի չէր, իրենք ո՞ւր էին:
-Փաստորեն, թատրոնին կից Վարդան Աճեմյանի ստուդիայում էլ այլեւս չեք աշխատում, այդպե՞ս է: Եթե չեմ սխալվում, այն Դուք եւ Արմեն Մարությանը վերաբացեցիք:
-Այո, անգամ այնտեղից հանեցին, ես դասավանդում էի ստուդիայում: Արմեն Մարությանն ասաց. «Տիգրա՛ն ջան, եթե քեզ չհանեմ, կփակեն ստուդիան, դու եղբայրս ես, բայց պետք է քեզ հանեմ»: Ի՞նչ է սա, եթե ոչ վախի մթնոլորտ: Ի դեպ, մի առիթով ես Վարդան Մկրտչյանին ասացի. «Կարո՞ղ է ինձ ուզում ես հանել իմ թատրոնից, իմ տնից, փողոց գցես»: Ասաց. «Չէ~, ի՞նչ եք ասում, չկա նման բան»: Մեկ ամիս անց ինձ թատրոնից հանեցին:
-Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունեցել ներկայիս կառավարության իմացությամբ, թավշյա հեղափոխությունից հետո, կարելի՞ է, ասենք, Մշակույթի նախարարությունից ակնկալել, որ հարցը կվերանայեն:
-Ես չգիտեմ, պետք է պարզեմ: Ի դեպ, թատրոնի ղեկավարությունն իրենց շահեկան ժամանակահատվածում ինձնից ազատվեցին. տոներից առաջ ինձ ասացին, որ ծանուցում ունեմ ստանալու:
-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը: Հնարավո՞ր է, որ դատարան հասնեք:
-Գուցե, տեսնենք:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաեւ Արմեն Էլբակյանից եւ Վարդան Մկրտչյանից: Երկուսն էլ հակիրճ խոսեցին: «Ես Տիգրան Գասպարյանի հարցազրույցի կապակցությամբ ինձ թույլ չեմ տա մեկնաբանություն անել, այդքան իջնել, հերյուրանքներին եւ ստերին չեմ պատասխանում»: Պարոն Մկրտչյանն էլ իր հերթին տվեց համանման պատասխան. «Այս խոսակցություններն արդեն ձնագնդիկի էֆեկտ են ստանում, ստահոդ հայտարարություններին արձագանքելու իմաստ չեմ տեսնում: Միայն կասեմ, որ Մայր թատրոնում հիմա բուռն ստեղծագործական պրոցես է, առաջիկայում էլ պատրաստվում ենք մամուլի ասուլիս հրավիրել»,-եզրափակեց նա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ Է, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ

«Դեռեւս նպատակահարմար չեմ համարում խոսել անձնականիս մասին, իսկ նշանադրությանս մասին լուրը շարունակում եմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Ես երբեւէ չեմ հայտարարել, որ նշանադրվել եմ, իսկ ԶԼՄ-ներն էլ գրել են այդ մասին՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա: Երբ տեղին համարեմ, կհրապարակեմ որեւէ տեղեկություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգիչ Գուրգեն Դաբաղյանը՝ անդրադառնալով իր կարգավիճակի մասին մեր հարցին:

Նա խոսեց նաեւ գործնականի մասին: Հարցին, թե արդյոք մտահոգիչ համարում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին արտիստների եւ մարզերի բնակիչների միջեւ կապը խաթարվել է համերգների բացակայության պատճառով, Գուրգենը պատասխանեց. «Այո՛, միանշանակ, դա մտահոգիչ է: Ցավոք, նույնիսկ Երեւանում համերգներ չեն կազմակերպվում, էլ ուր մնաց մարզերում: Այդ առումով մի փոքր ակտիվություն է նշմարվում Գյումրիում եւ Արցախի որոշ քաղաքներում, այնինչ հանդիսատես-արտիստ կապը պահելը շատ կարեւոր է: Մեկս մյուսիս հանդեպ ունենք ե՛ւ պատասխանատվություն, ե՛ւ տածում ենք մեծ կարոտ: Բանն այն է, որ մեզնից եւ ոչ մեկը մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար: Լավ կլիներ, որ պետությունն ինչ-որ կերպ աջակցեր համերգների կազմակերպմանը մարզերում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ իր բնորոշմամբ` այժմ ինչ իրավիճակ է տիրում հայկական շոու-բիզնեսում. «Երգարվեստում ամեն բան իր հունի վրա է դրված, բայց ինչ-որ չափով իրավիճակը անհետաքրքիր է եւ կանխատեսելի, առկա է կրկնություն, միապաղաղություն: Մյուս կողմից` ունենք համապատասխան սպառող, հանդիսատես. մատուցվողն ու սպառողը արժեքային նույն համակարգի արդյունքն են»,-մեկնաբանեց Գուրգենը: Նա տեղեկացրեց, որ 2019-ից մեծ ակնկալիքներ ունի՝ թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքին վերաբերող: Գուրգենն արդեն ունի համերգների հրավերներ Կանադայից, ՌԴ-ից եւ եվրոպական երկրներից:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` 30 ՏԱՐԵԿԱՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին դարձավ 30 տարեկան: Երեւանի «Փյունիկից» մինչեւ Լոնդոնի «Արսենալ»: Ահա այսպիսին է մեր կիսապաշտպանի անցած ուղին: Անցնելով մի շարք դժվարությունների միջով, տանելով մի շարք հիասթափություններ` Հենրիխ Մխիթարյանը կարողացավ համաշխարհային ֆուտբոլում հնչեղ դարձնել իր եւ Հայաստանի անունը: Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը մասնակցել է 80 հանդիպման եւ դարձել 26 գոլի հեղինակ, որը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ազգային հավաքականի համար:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ
Մելբուրնում շարունակվում է Ավստրալիայի Բաց առաջնության հանդիպումները: Իսպանացի թենիսիստ Ռաֆա Նադալը կարողացել է նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր` 6:0,6:1,7(7):6(4) հաշվով հաղթելով չեխ Թոմաշ Բերդիխին: Իսպանացու հաջորդ մրցակիցը կլինի Ամերիկան ներկայացնող Ֆրանսիս Տիաֆոն, ով ավելի վաղ 7:5,7(8):6(6),6(1):7(7),7:5 հաշվով պայքարից դուրս էր թողել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին: 1/4 եզրափակչի այս հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին: Բաց առաջնության ամենամեծ անակնկալը եղավ առաջնության գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի պարտությունը, որը զիջեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին: 3 ժամ 50 րոպե տեւած խաղում 20-ամյա Ցիցիպասն առավելության հասավ 7/6(11), 6/7(3), 5/7, 6/7(5) հաշվով։ Հավելենք, որ կիսաեզրափակչի ուղեգրի համար Ստեֆանոս Ցիցիապասը պայքարելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, որը պայքարից դուրս է թողել նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից խորվաթ Մարին Չիլիչին։

 

 

ՇԱՐԱՊՈՎԱՆ ՊԱՐՏՎԵՑ
Ռուս թենիսիստուհի, գեղեցկուհի Մարիա Շարապովան պարտվեց Ավստրալիայի Բաց առաջնության 1/8 եզրափակչում։ Մրցաշարի հզորներից մեկը 6-4, 1-6, 4-6 հաշվով զիջեց ավստրալուհի Էշլի Բարտին: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Դանիել Կոլինզը մրցելու է Սլոան Սթիվենս (ԱՄՆ)-Անաստասիա Պավլուչենկովա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ։

 

 

ՊԱՏՎԱՎՈՐ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում, եւ սկսել է հայերեն սովորել: Հիշեցնենք, որ Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհու ամուսինը Reddit սոցիալական ցանցի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է: «Ալեքսիսը ինձ շատ է պատմել հայերի մասին, հայական մշակույթի մասին, եւ ես ինձ պատվավոր հայ եմ զգում` պայմանավորված ամուսնուս եւ դստերս գործոնով»:




Լրահոս