Լուսանկարն արվել է Երեւանում
Աղբարկղը անհետացել է, մնացել է միայն կմախքը, հետեւաբար աղբը հայտնվել է գետնին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստն ի՞նչ կարգով է հաշվարկվում:
Եպրաքսիա Մանուկյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սխալ հաշվարկելու հետեւանքով պակաս վճարված նպաստի գումարի վճարումը կատարվում է առանց ժամկետի սահմանափակման: Ընդ որում, վարձու աշխատողներին պակաս վճարված նպաստի գումարը գործատուն վճարում է իր միջոցներից սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է հաշվարկվում անձի աշխատանքային ստաժը: Եվ ուզում եմ տեղեկանալ, թե կենսաթոշակի վերահաշվարկ որ դեպքերում կարելի է իրականացնել:
Ռիմա Երանոսյան (69 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով: