Իշխանությունների հերթական փորձությունը. որ համայնքներում ձախողվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին՝ փետրվարի 17-ին, մի շարք համայնքներում տեղի են ունեցել ղեկավարի ընտրություններ։ Ընդ որում, շատ համայնքներում ընտրություններն արտահերթ էին եւ հիմնականում պայմանավորված էին թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, երբ շատ ղեկավարներ հրաժարական տվեցին իրենց պաշտոններից։ ՈՒ որքան էլ ՏԻՄ ընտրությունները չհամարվեն քաղաքական, այնուամենայնիվ, դրանք մի շարք հարցերում ուշագրավ ցուցիչ են: ՈՒշագրավ է հատկապես այն փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո բնակչության բողոքի ցույցերի, ճնշումների հետեւանքով հրաժարական տված համայնքապետերից վերընտրվողներ են եղել: Սրանից իշխող կուսակցությունը թերեւս պետք է հետեւություններ անի: Ու, ընդհանրապես, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ընտրությունները նաեւ փորձություն էին հենց իշխող ուժը ներկայացնող կուսակցության համար։

Բանն այն է, որ մի շարք համայնքներում առաջադրված էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող թեկնածուներ, սակայն բոլորն էլ ինքնաառաջադրված են եղել, եւ ՔՊ-ն պաշտոնապես նրանց չի սատարել: Եվ հենց դա է պատճառ դարձել, որ ՔՊ-ականները հիմնականում պարտություն են կրել: Սակայն ընտրությունների արդյունքները մի քանի վայրերում հետաքրքիր եւ անսպասելի են եղել։

Օրինակ` այդպիսի արդյունքներից մեկն էլ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Բանն այն է, որ համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերի 10-ին հրաժարական էր տվել, երբ բնակիչների մի մասը պարբերաբար բողոքի ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը։ Սակայն, ի զարմանս շատերի, նա փետրվարի 17-ի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով մյուս բոլոր թեկնածուներից, այդ թվում՝ ՔՊ-ականից։ Մասնավորապես, Ռաֆիկ Անդրեասյանը ընտրությունների արդյունքում ստացել է 911 ձայն, իսկ Գեւորգ Ավետիսյանը, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ու նրան սատարում էր հենց իշխող ուժը, 744 ձայն է ստացել։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, չնայած իշխող ուժը չէր սատարում ոչ ոքի, սակայն առաջադրված էր նաեւ ՔՊ-ական Վահան Զարոյանը, որն 8 թեկնածուների մեջ իր ստացած ձայների քանակով միայն վեցերորդն էր։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա արդար համարեց, որ իր թիմն իրեն չի սատարել, որպեսզի իր ուժերը օգտագործի եւ այդպես ձայներ ստանա։ «Եթե պետք է անցնեի վարչապետի անվան տակ, ավելի լավ է՝ չանցնեի», – մեզ հետ զրույցում նշել էր նա։ Այս համայնքում ղեկավար ընտրվեց Արամ Մելքոնյանը, որը ժամանակավոր պաշտոնակատար էր։

Ընդհանուր առմամբ, եղել են 7 ինքնաառաջադրված ՔՊ-ականներ, որոնց բոլորին էլ կուսակցությունը չի սատարել։ Սակայն, օրինակ, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Վարդան Պապյանը, որը ստացել է 1212 քվե. նա անկուսակցական Ստեփան Շիրինյանից առաջ է անցել միայն 117 ձայնով։

Հիմնականում համայնքների մեծ մասում հաղթող են դարձել անկուսակցական թեկնածուները, որոնք մրցակցում էին կրկին անկուսակցական թեկնածուների հետ։ Իսկ, օրինակ, Արարատի Վարդաշեն համայնքում էլ հաղթել է գործող համայնքապետ Գեւորգ Բարխոյանը: Նա Վարդաշենի համայնքապետն է եղել 2004 թվականից: Այսինքն` մի քանի համայնքներում եւս, ինչպես ասում են, իշխանափոխություն չեղավ։

Սակայն հետաքրքիր է, որ ՔՊ-ում այնքան էլ չեն տխրել այս արդյունքներից կամ էլ այդպես են փորձում ցույց տալ։ Մասնավորապես, փետրվարի 17-ին` ԱԺ ճեպազրույցների ժամին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին է անդրադարձել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ասելով, որ որոշ տեղերում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում: Լենա Նազարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի:

«Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքներում կարող էր թեկնածու առաջադրել, եւ, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- նշել է Նազարյանը: Իսկ Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ պնդել է, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների հաղթանակն արձանագրվել է ընտրողների վստահության քվեով՝ առանց վարչական լծակների գործադրման: Նա միաժամանակ չի թաքցրել, որ դեռ կան համայնքներ, որտեղ, այսպես ասած, ընտանեկան կլանային համակարգը պահպանվել է, եւ դրա շնորհիվ են նաեւ վերընտրվում որոշ համայնքերի երկարամյա ղեկավարներ: Այս համատեքստում նա շեշտել է Վարդանաշեն ու ՈՒրցաձոր համայնքները: «Որեւէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը այսինչ թեկնածուին օգնեց, վարչական ռեսուրս կիրառեց եւ այլն: Մենք թողել ենք հավասար հարթություն, բայց այս պայմաններում էլ տեսնում ենք, որ, այո, կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը, եւ խոշոր ազգերի ներկայացուցիչները խնամիական կապեր ունեցող այլ ազգերի հետ կարողանում են կոալիցիա կազմել եւ ապահովել հաղթանակ»,- ասել է նա:

Մինչ այդ նկատենք, որ այս ամենը հերքում է ՔՊ հասցեին մեղադրանքները, թե իշխող կուսակցությունը մոնոպոլիզացնում է քաղաքական դաշտը։ Առաջին դեպքը չէ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվում է։ Այդպես էր նաեւ ամիսներ առաջ, երբ Կապանում եւս ՔՊ թեկնածուն պարտվեց։ Ընդ որում, այս ընտրությունների ժամանակ էլ ընտրակեղծիքների ու խախտումների մասին չեն եղել ահազանգեր ու իրավապահներին ուղղված դիմումներ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս