Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում թույլ տված խախտումները վերացնելու համար:
Միհրան Պողոսյանը հայտարարել էր. «Նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, ու անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում Ալեքսանդր Սարգսյանի եւ ընտանիքի նկատմամբ: Դիմել եմ ՄԻՊ-ին այդ խախտումներն ու անհամաչափ սահմանափակումները վերացնելու համար»:
Արդյունքում, դեռեւս 2018 թվականին ՄԻՊ աշխատակազմն իր հերթին հայտնել էր, թե օրենքով սահմանված կարգով` Մարդու իրավունքների պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման եւ բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրել Գլխավոր դատախազությանը:
Անցել է շուրջ 4 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ-ից հետաքրքրվեց, թե նա ինչ է արել Սերժ Սարգսյանի եղբոր պաշտպանի դիմումի մասով: Մեր հարցմանն ի պատասխան` ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել են. «Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին դիմել է Ա. Սարգսյանին եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ ու շարժական գույքի վրա դրված արգելանքները վերացնելուն աջակցելու հարցով:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, եւ սահմանված կարգով գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն: Ստացվել են պարզաբանումներ, պահպանվում է կապ փաստաբանի հետ: Քանի որ հարցը շարունակում է գտնվել քննարկման փուլում, այլ տեղեկություններ տրամադրել հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ, ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ, կալանք է դրվել դեռեւս հուլիսի 9-ին:
2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` մեղադրյալ Ա.Ս.-ի գույքի վրա դրվել է կալանք քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:
Քնար Մանուկյան