Ակնաղբյուրում 15 տարվա համայնքապետը վերընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր համայնքում կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Թեկնածուները 3-ն էին, որոնց թվում՝ 2004 թվականից այդ համայնքը ղեկավար, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը: Նա նախկինում հանդես էր գալիս որպես ՀՀԿ անդամ, այս անգամ՝ անկուսակցական:

Անկուսակցական են նաեւ համայնքի ղեկավարի մյուս 2 թեկնածուները: Ընտրություների արդյունքում Կարեն Դոլմազյանը ստացել է 200, Գրիգոր Եգանյանը՝ 30, Վրույր Մայիլյանը՝ 68 ձայն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ ընտրություններից առաջ Կ. Դոլմազյանը, փորձելով բնակիչներին համոզել իր օգտին ընտրություն կատարել, նրանց խոստացել է գարու սերմնացու եւ պարարտանյութ տրամադրել, ինչպես նաեւ սոցիալական ծառայություն ներկայացնելու համար նրանց ունեցած անասնագլխաքանակի մասին կեղծ տվյալներով տեղեկանքներ է տրամադրել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 13-ին եւ փետրվարի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն: Կ. Դոլմազյանը հայտնեց, որ ամեն տարի պետության կողմից սերմացու հացահատիկ եւ պարարտանյութ է հատկացվում գյուղերին, այդ մասին Ակնաղբյուրում հայտարարություն է փակցվել: Նրա խոսքերով՝ արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ ներկայացվող անասունների քանակի մասին տեղեկանքները գյուղապետերը չեն տրամադրում, այլ անասնաբույժները: Նա ասաց, որ իրեն այդ առթիվ դատախազություն չեն կանչել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս