Տանիքը Սերժ Սարգսյանն էր. Հայկ Խանումյանը` Արցախի նախագահական ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներքաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:

-Պարո՛ն Խանումյան, Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք հիմնական թեկնածուների անուններ են շրջանառվում` Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյան, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան: 2012թ.-ին եղել եք Վիտալի Բալասանյանի շտաբի հանրային կապերի պատասխանատուն, եւ, ըստ էության, սատարել եք նրան: Փոխվե՞լ է Ձեր քաղաքական կողմնորոշումը:

-Շրջանառվում է իրականում ոչ թե երեք, այլ նախագահի թեկնածուի տասը անուն: Ինչ վերաբերում է Բալասանյանին սատարելուն, ես սատարել եմ նրան 2012թ.-ին, երբ նա այլընտրանքային ընդդիմադիր միակ թեկնածուն էր եւ բավականին շատ ձայներ ստացավ: Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, մեր կուսակցությունը հավանաբար սեփական թեկնածուով է գնալու ընտրությունների:

-Ո՞ւմ եք պատրաստվում առաջադրել:

-Դեռ չենք որոշել: Ամեն դեպքում, մեր կուսակցությամբ ենք մասնակցելու ընտրություններին:

-ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ռազմավարական նոր շեշտադրումները ի՞նչ արձագանքներ, գուցե ամրագրումներ են ստանում Արցախի ներքաղաքական կյանքում:

-Թավշյա հեղափոխության ամենամեծ ազդեցությունը Արցախի ներքաղաքական կյանքի վրա Արցախի ներկայիս կոռուպցիոն-կլիենտիստական համակարգի տանիքը ջարդելն էր: Այդ տանիքը Սերժ Սարգսյանն էր. ինքն էր որոշում` Արցախում ով որտեղ պիտի լինի, ով պետք է նախագահ լինի իշխանական կուսակցություններից, ինչպես պիտի նախագահ լինի, քանի տարի պիտի իշխի, թագավոր պիտի լինի, թե նախագահ, Սահմանադրությունը պիտի փոխվի մեկ հոգու համար եւ այլն:

Հիմա այդ տանիքը ջարդուփշուր է արվել,այդ թիկունքը կոտրվել է, եւ, ինչպես տեսաք, շատ արագ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չորրորդ ժամկետով արդեն 2020 թվականին չի առաջադրվելու: Դա եղավ հանրային մեծ ճնշման ներքո, եւ, հետեւաբար, թավշյա հեղափոխության բերած ամենամեծ օգուտը սա էր: Բայց, այնուամենայնիվ, այդ նույն համակարգը իր ռեսուրսներով մնում է, եւ ընտրախախտումների հավանականությունը բավականին մեծ է, որն այստեղ սովորաբար տեղի է ունենում տարբեր պետական ծրագրերը որպես ընտրակաշառք օգտագործելու ձեւով:

-Որպես ընդդիմադիր այս առումով ի՞նչ մեխանիզմներ եք առաջարկում:

-Լուծումների համար քաղաքական կամք է պետք, քաղաքական կամք այսօր ընտրություններ կազմակերպողների մոտ չկա: Ինչ վերաբերում է դրա դեմն առնելուն, դրա դեմը կարող է առնել միայն հասունացած, իրեն ուժեղ համարող հասարակությունը: Մեր հիմնական ջանքերը ուղղված են լինելու դրան, որ հասարակությանը համոզենք, որ իրենք հասունացել են եւ ուժեղ են եւ կարող են դեմն առնել ամեն ինչի:

-Դեմոկրատ ուղենիշեր որդեգրած Արցախը ավտորիտար անզիջում համակարգ ունեցող Ադրբեջանի հետ համաչափ ի՞նչ օրակարգ կարող է ձեւավորել:

-Ժողովրդավարությունը, այսինքն` նորմալ խաղի կանոնները, երբ որ հասարակության մեծամասնությունը ընդունում է այդ խաղի կանոնները եւ այդ խաղի կանոններով իշխանության ձեւավորումը, հասարակության մեջ արդարության հաստատման կարեւոր գրավական է: Եթե չկա այդ արդարության զգացողությունը, անվտանգությունը շատ խոցելի է: Մենք այս տարիների ընթացքում համոզվեցինք, որ երբ չի վստահում իր իշխանություններին, կամ անարդարության զգացողություն կա, դա զգալիորեն հարվածում է անվտանգությանը տարբեր առումներով: Ժողովրդավարությունը կամ խաղի արդար կանոնները կարեւոր երաշխիք են անվտանգության ամրության համար:

-ԼՂ հարցի շուրջ Արցախը որպես ակտիվ կողմ բանակցություններին ներառելու Փաշինյանի քաղաքականությունը ինչպե՞ս է գնահատվում Արցախի քաղաքական էլիտայի կողմից:

-Նոր չէ Արցախին բանակցություններում ներառելը, բայց Փաշինյանի փաստարկներն են շատ հետաքրքիր: Թվում է, թե դա պարզ տրամաբանություն է, բայց դրա մասին չէր խոսվում, որ ինքը Արցախի բնակիչների կողմից ընտրված չէ եւ, միեւնույն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները նրան հակազդում են` ասելով, որ, այսպես կոչված, Ղարաբաղի համայնքը Ալիեւին ընտրել էր: Ուրեմն հարցի երկու տարբերակ կա. մեկը` Արցախը վերադառնում է բանակցությունների սեղան ու սկսում իր ճակատագրի շուրջ բանակցել, մյուսը` վերականգնվում է արցախցիների ընտրական իրավունքը Հայաստանում:

Արցախի բնակիչները մասնակցում են Հայաստանի իշխանությունների ձեւավորմանը, եւ Հայաստանի իշխանություններն էլ նաեւ Արցախի անունից բանակցում են Ադրբեջանի հետ: Հարցի լուծումը կարող է լինել միայն այս երկու տարբերակներից որեւէ մեկի աշխատելու դեպքում: Այսինքն` եթե ուզում եք հարցի լուծում, ուրեմն Արցախի բնակիչների կողմից ընտրված ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին, ինչը ֆիքսված է նաեւ ԵԱՀԿ փաստաթղթերում:

-Սա միջազգային հակազդեցություն չի՞ առաջացնում:

-Ընդհակառակը, կարծում եմ` շատ հետաքրքիր արձագանք կա: Այսինքն` շատ պարզ տրամաբանական հարց է, որ բարձրացվել է, ու էլի եմ ասում` զարմանալիորեն այնքան պարզ տրամաբանություն է, եւ զարմանալիորեն մինչեւ այսօր ոչ մեկն այդ մասին չէր խոսում: Այս պարզ տրամաբանությունը, կարծում եմ, ընդունելի է նաեւ միջնորդների համար:

-Քաղաքական այս հնարամտությունը իրապե՞ս մի քայլ առաջ է դեպի հարցի լուծում:

-Այո՛, վստահաբար: Հարցը պետք է քննարկվի, բնականաբար, այդ ամեն ինչը պիտի հաշվի առնվի, առանց դրա անհնար է հարցի լուծումը:

Զրուցեց Քնար Մանուկյան




Լրահոս